Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը՝ դիվանագետներին. «Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և ԱԳՆ աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը»

Մարտ 02,2017 10:26

ՀՀ Նախագահի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Այս տարի դիվանագետի տոնը հոբելյանական է, քանզի 25 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իրագործելով միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու մեր ժողովրդի նվիրական երազանքը։

Քառորդ դար առաջ, երբ Հայաստանը կրկին տեղ զբաղեցրեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա, մեր երկրի և արտաքին աշխարհի միջև կապը առաջին հերթին սկսեց իրականացվել մեր դիվանագետների միջոցով: Պատահական չէ, որ այս խորհրդանշական օրը հռչակվել և ավանդաբար նշվում է որպես հայ դիվանագետի մասնագիտական տոն։

Անշուշտ, մեծ է հազարամյա պատմություն, հարուստ ավանդույթներ և մշակույթ ունեցող երկրի` անկախ Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության պատասխանատվությունը: Դիվանագետի ծառայության առանձնահատկություններից մեկը համարվում է հասարակության համար նրա գործունեության մեծ մասի անտեսանելի մնալը։ Հավատացած եղեք, որ ձեր կատարած աշխատանքը մեզ համար տեսանելի է և դրվատանքի արժանի։

Այսօր էլ մեր երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերում մեծ են ակնկալիքներն ու պահանջները ձեզնից` մեր դիվանագետներից: Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և արտաքին գործերի նախարարության աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ մշտապես պատրաստ լինելով հակազդելու մեր պետականության և ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին։

Մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրողություններն իրենց յուրահատուկ կնիքն են դրել նաև մեր դիվանագիտական ծառայության վրա: Մասնագիտական բարձր պատրաստվածության պահանջներից զատ, թերևս, ավելի շատ, քան այլ երկրների դիվանագետների պարագայում, ձեր աշխատանքը պահանջում է անմնացորդ նվիրվածություն և սեր հայրենիքի հանդեպ: Այդպես է, երբ ներկայացնում ես մի երկիր, որին պարտադրվել է պատերազմ ու շրջափակում:

Հայաստանը խաղաղասեր երկիր է: Մենք` հայերս, դարեր շարունակ գոյապայքար ենք մղել մեր նախնիների երկրում ազատ ապրելու իրավունքի համար, ուստի քաջ գիտակցում ենք խաղաղ կյանքի կարևորությունը: Դիվանագետների ուսերին է դրված մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման պատասխանատվության կարևորագույն բաժինը: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք այդ պատասխանատվությունը և պատրաստ եք պատվով կրել այն:

Համոզված եմ, որ այսուհետ ևս հավուր պատշաճի ներկայացնելով մեր երկիրը, մեր դիրքորոշումներն ու մոտեցումները, ձեր ակտիվ ներգրավվածությամբ դրանք առավել լսելի ու ընկալելի դարձնելով միջազգային հարթակներում, կշարունակեք էական ներդրում կատարել մեր երկրի արտաքին անվտանգության ամրապնդման գործում:

Հարգելի՛ դիվանագետներ,

Վերստին շնորհավորելով Դիվանագետի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ անսպառ եռանդ՝ լավագույնս ի կատար ածելու ձեզ վստահված առաքելությունը, և նորանոր ձեռքբերումներ` հանուն մեր հայրենիքի առաջընթացի և բարօրության։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031