«Հոռետեսների մտավախությունները հիմնված են նրա վրա, որ, նրանց կարծիքով, կձեռնարկվեն ազատ ընտրությունները խոչընդոտելու փորձեր: Պատգամավորության թեկնածուների առաջքաշումը տեղի է ունենալու ապարատի թելադրանքով. հիմնարկների, ձեռնարկությունների ղեկավարները, չարաշահելով իրենց իշխանությունը, պիտի աշխատեն առաջ քաշել յուրայիններին՝ իրենց ղեկավարած կոլեկտիվներում, հասարակության իրավունքներն ընտրատեղամասերում արհամարհվելու են, ապարատին հաճո թեկնածուներն առաջադրվելու են հեռավոր գյուղական շրջաններում եւ այլն»: Բավականին արդիական է հնչում, այդպես չէ՞: Բայց դա մեջբերում է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հոդվածից, որը նա գրել էր 1990 թվականի մարտի 2-ին «Կոմունիստ» թերթում (ուղիղ 27 տարի առաջ):
Հիշեցնեմ, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները կայացան երկու փուլով՝ 1990 թվականի մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին: Այդ ընտրություններում ՀՀՇ-ն տպավորիչ հաջողության հասավ, սակայն ձեւականորեն կոմունիստները մեծամասնություն ունեին: Բայց «ապարատի» պատվիրակների մի մասը շատ արագ հասկացավ, թե որտեղից է քամին փչում, եւ ի վերջո հրաժարվեց կոմունիստական դավանանքից, որից (հանուն արդարության նշենք) առանձնապես կառչած էլ չէր: Իսկ երբ ասում եմ «փչող քամու» մասին, բնականաբար, նկատի ունեմ հասարակական կարծիքը, որն այն ժամանակ իսկապես կոնսոլիդացված էր, բայց ոչ թե կոմունիստների դեմ՝ շատ-շատերը հենց այդ կուսակցության անդամներն էին, այլ՝ Արցախը հայաթափումից փրկելու գաղափարի շուրջ:
100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով, կոմունիստական անհեթեթ օրենքներով, առանց Վենետիկի հանձնաժողովի հավանության, առանց միջազգային եւ տեղական դիտորդների անցկացրած ընտրությունները, ինչպես եւ նշում է սոցիոլոգը, բոլոր շանսերն ունեին դառնալու անարդար, ձեւական, փակուղային: Բայց դրանց մասին 27 տարի անց մենք խոսում ենք որպես հայոց ժողովրդավարության բարձրակետ:
Խնդիրը, հետեւաբար, ոչ թե օրենքն է, ոչ թե դիտորդները եւ նրանց զեկույցները, ոչ էլ այն, որ կոմունիստները բարի էին ու չէին կառչում իրենց աթոռներից, իսկ հետագա բոլոր իշխանությունները չար են ու կառչում են: Խնդիրն այն նպատակներն են, որոնք իր առջեւ դրել է հասարակությունը: Եթե նպատակը «օր առաջ այս հանցավոր ռեժիմից ազատվելն է», ինչպես որ դա սիրում են ձեւակերպել ընդդիմադիրներն արդեն երկու տասնամյակից ավելի, ապա դա չի աշխատում, եւ «ապարատը» կանի այն, ինչ սովորաբար անում է: Եթե խնդիրը հոտի նման փրկչի եւ հրաշագործի հետեւից գնալն է, ապա դա էլ չի աշխատի:
Որեւէ լուրջ նպատակ ձեւակերպելու համար մեր քաղաքական գործիչները պետք է հինգ տարի աշխատեն հասարակության հետ եւ ունենան ինտելեկտի որոշակի մակարդակ: Աշխատավարձ բարձրացնելու, արագաչափերը վերացնելու կամ բանակ չտանելու խոստումները հաշիվ չեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
,,Լյուպմենին,,հենց դա էլ հետաքրքրում է:Իսկ,որ մեր երկիրը 25 տարում ,,լյուպմեն,,ացվել է սերիալների,,,ռաբիս,,երաժտության,քաղաքական բամբասանքների,սեփական երկրի նկատմամբ անվստահության սերմանման միջոցներով՝փաստ է:Նույնիսկ Ձեր լրատվական կայքի միջոցով ներկայացվում են այնպիսի լրատվական միջոցների ճղճիմ հոդվածներ,քաղաքական տափակ գուշակություններ,որոնց հիմնական խնդիրն է ՀՀ-ում ստեղծել անվստահության մթնոլորտ իշխանությունների,բանակի,երկրի ապագայի նկատմամբ:Ցավոք,պատմությունը ցույց է տալիս,որ մեր ժողովուրդը արարում,իր հողը մշակում,ստեղծագործում,դժվարություններին դիմագրավում է երբ գտնվում է ուրիշի տիրապետության տակ:Մենք երևի կորցրել ենք?ինքնակառավարվելու բնազդը:Չգիտեմ…
Մենք, հայերս, կարող ենք “ինտեգրվել” արդեն ստեղծված համակարգում և ամեն ինչ անել ոչ վատ, քան ուրիշները: Արարել, հող մշակել և այլն: Ցավոք համակարգ ստեղծել չենք կարողանում, իսկ Հայրենիքում, ուր մենք մեծամասնություն ենք, նախ համակարգ ստեղծելու խնդիր կա`հետո մնացածը:
Ինտելլեկտի որոշակի մակարդակ ունի միայն մտքի տիտան «վերջի բոլշեւիկը»՝ «Մենք հո ախմախ չենք, որ…», «Այ տենց եք անում, որ վարունգը…», «Եկել եք ստե, մեր տօնը փչացնում եք, որ ի՞նչ անեք», «Աղդամը մեր հայրենիքը չէ»… Խնդիրը նպատակ ունենալն է՝ վերարտադրուելու նպատակ: Անվտանգութեան եւ առաջընթացի խոստումները հաշիւ չեն…
Կամ էլ` “Նպատակը խնդիր ունենալն է”: Ոչինչ չփոխվեց`բացարձակ նույնություն է: