Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսկանյանի` հայրենիքին մատուցած «կոմպլեմենտարիզմի» հետեւանքները

Մարտ 02,2017 12:00

«Կոմպլեմենտար» քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները տրվել են Ռուսաստանին

Սկիզբը` այստեղ

Փետրվարի 25-ին ՕՐՕ դաշինքի առաջին համաժողովում, քանի որ, որպես «կոմպլեմենտար» քաղաքականության ճարտարապետ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքական թեմայով` անդրադառնանք նաեւ նրա ելույթի այդ հատվածներին:

«Ես եղել եմ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության հեղինակը, որը տասը տարի հաջողությամբ ծառայել է Հայաստանի Հանրապետության շահերին: Իմ պաշտոնավարության տասը տարիների ընթացքում ընդլայնվել եւ խորացել են երկկողմ հարաբերությունները, հավասարակշռություն է պահպանվել աշխարհաքաղաքական երեք բեւեռների միջեւ, ակտիվ ներգրավվածություն է եղել բազմակողմ դիվանագիտության ասպարեզում, պահպանվել է խաղաղությունը, ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մեծ թափ է հավաքել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, միաժամանակ պահպանվել են անհրաժեշտ նվազագույն հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի խստագույն պատժամիջոցներին, կառուցվել է գազամուղ»,- ասաց Օսկանյանը:

Նկատենք, որ «կոմպլեմենտար քաղաքականությամբ» հպարտանում է նախկին մի պաշտոնյա, որի իշխանության օրոք Հայաստանի էներգետիկ գրեթե ողջ համակարգը նվիրվել է Ռուսաստանին: Քոչարյանն ու Օսկանյանն այնքան «կոմպլեմենտար» էին, որ անգամ Իրան-Հայաստան փոքր տրամագծի գազամուղն էլ հանձնեցին Ռուսաստանին, որի արդյունքում Հայաստանը զրկվեց ռուսական մենաշնորհային դիրքի թուլացման որեւէ հնարավորությունից: Հետեւաբար «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականության ճարտարապետ Օսկանյանին հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի համար ռազմավարական ոլորտներում ռուսական մենաշնորհային քաղաքականության ամուր հիմքերը դրվել են հենց Քոչարյանի շրջանում, «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի ռազմավարական օբյեկտները տրվեցին ՌԴ-ին, մասնավորապես՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում՝ 113 մլն դոլար պարտքի դիմաց: ՌԴ-ին տրվեցին նաեւ մի քանի ձեռնարկություններ՝ Մերգելյան ինստիտուտը, Հրազդանի ՊՇԷԿ-ը՝ առանց հինգերորդ էներգաբլոկի, ապա այն էլ հետագայում վաճառվեց ՌԴ-ին, Մարս գործարանը՝ ընդամենը 113 մլն դոլար պարտքի դիմաց:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ «նվազագույն հարաբերություններին», ապա հարկ է նկատել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային դիվանագիտության, ապա` Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններում այդքան քննադատված պատմական ենթահանձնաժողովի ստեղծման հիշատակման համար հիմք է հանդիսացել ավելի վաղ Էրդողանին ուղղված Քոչարյանի պատասխան նամակը:
Վերհիշենք նաեւ պատմության այդ դրվագը: 2005թ. ապրիլի 10-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը Քոչարյանին ուղղված նամակում առաջարկել էր «պատմաբաններից եւ այլ փորձագետներից կազմված մի խումբ ստեղծել, որը 1915թ. դեպքերն ու զարգացումները կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվներում, եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնի միջազգային հանրությանը»:

Այս նամակին Քոչարյանը պատասխանել էր 2005թ. ապրիլի 25-ին, որում մասնավորապես ասվում էր. «Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը»: Քոչարյանն այնուհետեւ հավելել էր. «Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին:

Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական հարաբերություններ»: Իսկ նամակի վերջում Քոչարյանը նշել էր հետեւյալը, թե` ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա բոլոր կարեւոր խնդիրները` «նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»:

Եւ վերջապես՝ դառնանք Ղարաբաղյան հակամարտության թեմային: Օսկանյանն ասում է, որ իր պաշտոնավարման ընթացքում ամրագրվել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նախ փաստենք, որ թեեւ Քոչարյանն ու Օսկանյանը դա չեն ընդունում, բայց իրենք Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողեցին: Ի դեպ, ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումից դժգոհ Քոչարյանը խոստացել էր Ղարաբաղյան խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել, իսկ Օսկանյանը Քոչարյանի թիմում էր եւ պետք է որ իրագործեր Քոչարյանի այդ խոստումը: Բայց…
Հիշեցնենք նաեւ, որ Ղարաբաղյան բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքները կողմերին են ներկայացվել 2007թ. նոյեմբերին` Մադրիդում, երբ դեռ Քոչարյանն ու Օսկանյանն էին իշխանության:

Իսկ մինչ այդ` Քոչարյանի եւ Օսկանյանի համար ընդունելի ու բանակցած տարբերակների մասին ավելի շատ բան է հայտնի պատմությանը, ու եթե համեմատենք Տեր-Պետրոսյանի օրոք ղարաբաղյան կողմերին ներկայացված 1997թ. փաթեթայինը, 1997թ. փուլային տարբերակները եւ ապա Քոչարյանի եւ Օսկանյանի օրոք կողմերին ներկայացված` 1998թ. «ընդհանուր պետության» առաջարկը, պատկերը Քոչարյանի ու Օսկանյանի օգտին չի խոսում:

Ավելին` ասել, թե Քոչարյանի ու Օսկանյանի պաշտոնավարման ժամանակ «ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», մեղմ ասած` ճիշտ չէ, որովհետեւ Քոչարյանն ու Օսկանյանը Ադրբեջանի հետ բանակցում էին մի տարբերակի շուրջ` «Ընդհանուր պետություն» կոչվող տարբերակի, որն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում էր ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները:
Այսպես` 1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: Մի կողմից՝ ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ: Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես «de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով, այսինքն` մի կողմից՝ պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:

1997թ. փաթեթային փաստաթղթով նշվում էր, որ ԼՂ-ն պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում եւ իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները այնպես, ինչպես ձեւակերպվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի իշխանությունների միջեւ համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից եւ ընդգրկվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի սահմանադրություններում: Իսկ ԼՂ-ի կարգավիճակի առնչությամբ դրույթները, որոնք սահմանում էին ԼՂ փաստացի անկախությունը, հետեւյալն էին` ա) ԼՂ-ն կունենա սեփական Սահմանադրություն, որը կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից հանրաքվեով, սեփական դրոշ, զինանշան եւ օրենքներ, ԼՂ տարածքի վրա կգործեն ԼՂ-ի Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Ադրբեջանի օրենքները եւ գործադիր որոշումները կգործեն ԼՂ-ի տարածքի վրա, եթե դրանք չհակասեն վերջինիս Սահմանադրությանը եւ օրենքներին, ԼՂ-ն ինքնուրույն կձեւավորի իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները, կունենա Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:
Իսկ 1997թ. փուլային տարբերակին, որով անորոշ ժամանակով հետաձգվում էր Լաչինի ու ԼՂ-ի կարգավիճակների ճշտումը, սակայն երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված Ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա: Փուլային տարբերակի իմաստն այն էր, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք` հայկական կողմը ստանում էր Ադրբեջանի եւ ամբողջ միջազգային հանրության համաձայնությունը՝ Հայաստանին ԼՂ-ի փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում:

Այսինքն` ղարաբաղցիները շարունակելու էին օգտվել բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործելու էին հայկական անձնագրեր եւ հայկական դրամ, ծառայելու էին եւ գործարարությամբ էին զբաղվելու հայաստանյան բոլոր հաստատություններում: Համաձայնագրում որեւէ ժամկետ նշված չէր կարգավիճակների ճշտման համար, եւ դա հատուկ էր արված` այն անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, քանի որ բանակցությունները կարող են տեւել 10, 20, 30, 40 տարի:
Իսկ Քոչարյանի նախագահության օրոք ներկայացված 1998թ. «Ընդհանուր պետության» առաջարկը միանշանակ փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Այսինքն` ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը մղվում էր երկրորդ փուլ:

Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, այսինքն` զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին: Այսպես, «Ընդհանուր պետություն»-ով» ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում:

Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն, ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Հաջորդը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:
Բացի այդ, «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ ԼՂ-ն, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բայց այսքանով Ադրբեջանը չբավարարվեց: Պաշտոնական Բաքուն, ըստ ամենայնի, ավելին էր ակնկալում Քոչարյանից ու Օսկանյանից ու մերժեց «Ընդհանուր պետության» առաջարկը, ի հայտ եկան Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծման գաղափարն ու տխրահռչակ «Մեղրիի տարբերակը»:
Գոնե ԼՂ խնդրով Օսկանյանի բանակցած եւ հայաստանյան մամուլում հրապարակված տարբերակը չի վկայում այն մասին, որ նա «հաջողությամբ ծառայել է Հայաստանի Հանրապետության շահերին», ավելին` ճիշտ չէ ասել, որ Քոչարյանի ու Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում ամրագրվել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Սկիզբը` այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Քանի որ ՕՐՕ դաշինքի առաջնորդների մոտ սովորություն է դարձել ԱՄՆ-ի բարեկեցիկ կյանքը թողնել-վերադառնալը, Հայրենիքին «ծառայելը» անընդհատ շեփորահարելն ու պաշտոններից հրաժարվելը մեծ ինքնազոհողություն ներկայացնելը, պարզապես հիշեցնենք, որ ՕՐՕ դաշինքի երեք առաջնորդները` ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ո՛չ էլ Վարդան Օսկանյանը, երբեք հրաժարականներ չեն ներկայացրել, նրանց հեռացրել են իրենց զբաղեցրած պաշտոններից:

«Առավոտ», 01.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031