Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական մկնիկին» ոչնչացնողը կտուգանվի 25 հազար դրամով

Մարտ 02,2017 16:00

Մրջյունների դեմ «պատժիչ գործողություններ» իրականացնելիս պարզեք`
դրանք «Ջուլիայի՞ մրջյուն»-ներն են

«Աղաբաբյանի երկարաբեղիկ»-ին ոչնչացնելու համար նախատեսված է 5000 դրամ տուգանք: Այն բզեզների ընտանիքին պատկանող «Կարմիր գրքում» գրանցված միջատ է: «Աղաբաբյանի երկարաբեղիկ»-ին կարող եք հանդիպել Արայի լեռան հարավային լանջերին` Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում: «Աղաբաբյանի ոսկեբզեզ»-ին վնասելու դեպքում էլ 5000 դրամ տուգանք է հասնում:

Թե «Կարմիր գրքում» ընդգրկված որ կենդանուն եւ բույսին ոչնչացնելու կամ վնաս պատճառելու համար որքան տուգանք է հասնում՝ ծանոթացանք բնապահպանության նախարարության՝ Ազգային ժողով ներկայացրած նախագծից: Այսպես. պարզվում է՝ «Հայկական մկնիկ»-ը նույնպես մեր երկրում վտանգված կենդանատեսակ է: Մկնիկի այս տեսակին վնաս պատճառելու համար անձը կտուգանվի 25 000 դրամով: Մկան այս տեսակը հայտնաբերվել է Հանքավանի, Վանաձորի շրջակայքում, Մայմեխ լեռան վրա: Ինչպես տեղեկանում ենք գրականությունից, տվյալներ են եղել, թե Սյունիքում էլ «հայկական մկնիկ» կա, սակայն ուսումնասիրությունների արդյունքում այդ տեղեկություններն իսպառ հերքվել են:

Տարածաշրջանում անհետացած տեսակ է համարվում նաեւ «Դալի ավազամուկ»-ը, որին ոչնչացնելու դեպքում տուգանքը կկազմի 20 000 դրամ:

Եթե իրական կյանքում մարդիկ անուղղակի իմաստով հաճախ են ասում, որ «բորենիները» շատացել են, ապա բնության մեջ ճիշտ հակառակն է տեղի ունեցել՝ դրանց թիվը խիստ նվազել է: Բորենին նույնպես տարածաշրջանում համարվում է անհետացած տեսակ: Բորենուն «մատով դիպչելու» համար «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի նախագծով նախատեսված է 1 միլիոն դրամ տուգանք:
Ավելի պակաս են տուգանքները «Կարմիր գրքում» գրանցված անողնաշարավորների ընտանիքին պատկանող կենդանիներին ոչնչացնելու համար: Օրինակ` «Կատարավոր խխունջ»-ին կամ «Բուլղարական խխունջ»-ին վերացնելու համար նախատեսված է 5000 դրամ տուգանք` որքան էլ որ այս երկուսն էլ համարվում են կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:

«Ճահճային ճպուռներին» վնաս պատճառելու համար նույնպես 5000 դրամ է սահմանված:

Արարատյան որդան կարմիրը գրանցված է «Կարմիր գրքում», համարվում է տարածաշրջանում անհետացած տեսակ, այս կենդանատեսակին վնաս պատճառելու դեպքում նախագծով սահմանված է 5000 դրամ:

Տարածաշրջանում անհետացած տեսակ է համարվում նաեւ թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող «Մեդվեդեւի բնդեռիկ»-ը: Բզեզի այս տեսակին ոչնչացնելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ:

Մրջյունների դեմ «պատժիչ գործողություններ» իրականացնելիս էլ անպայման ճշտեք՝ դրանք «Ջուլիայի՞ մրջյուն»-ներն են, «Կիսաատա՞մ մրջյուն»-ները, թե՞ «Հարթ մրջյուն»-ի հետ գործ ունեք, որովհետեւ օրենքի նախագծով նրանք էլ համարվում են կրիտիկական վիճակում գտնվող միջատներ, գրանցված են «Կարմիր գրքում», եւ նրանց սպանելու համար էլ նախատեսված է 5000 դրամ տուգանք:

Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե բնապահպանության նախարարությունը կամ այլ վերահսկող մարմիններ ինչպե՞ս են հայտնաբերելու, թե ասենք` ով է ոչնչացրել «Ջուլիայի մրջյուն»-ին կամ «Աղաբաբյանի երկարաբեղիկ»-ին, սակայն եթե մրջյուն, բզեզ, թիթեռ, մուկ ու փոքրամարմին այլ կենդանիներ ոչնչացնողներին էլ սկսեն վերահսկել ու հայտնաբերել, ապա պետական բյուջեն մեծ գումարներ կմտնի:

«Կարճամարմին ոսկեբզեզ»-ը նույնպես տարածաշրջանում անհետացած տեսակ է համարվում, որի տուգանքը կկազմի 5000 դրամ:

«Ճպուռ-ծառա»-ին ոչնչացնելու համար էլ նախատեսված է 3000 դրամ տուգանք` անկախ այն հանգամանքից, որ ճպուռի այս տեսակն էլ ոչնչացման եզրին է եւ «Կարմիր գրքի» չափանիշներով էլ համարվում է վտանգված տեսակ: «Թամբակիր ճպուռի» համար էլ նախագծով նույն տուգանքն է սահմանված:

«Նինայի կապտաթիթեռ»-ին, «Դիանա կապտաթիթեռ»-ին վնաս պատճառելու դեպքում էլ անձը կտուգանվի 3000 դրամով: Տարբեր միջոցներով ճանճերից ազատվողներին էլ պետք է տարբերակել` ոչնչացրած ճանճը «Երեւանյան գիշաճա՞նճ» է, թե՞ սովորական ճանճ: Հակառակ դեպքում «Կարմիր գրքում» գրանցված ամեն մի «Երեւանյան գիշաճանճ»-ին ոչնչացնելու համար կվճարեք 3000 դրամ տուգանք, քանի որ այս ճանճերը նույնպես համարվում են վտանգված տեսակ: Ի դեպ, գրականությունից տեղեկանում ենք, որ այն հանդիպում է հատկապես Երեւանի Արեշ թաղամասում: Ուշագրավ է, որ այս տեսակի ճանճի վտանգման հիմնական գործոնը հողերի գյուղատնտեսական յուրացումն է, թունաքիմիկատների ոչ խելամիտ օգտագործումը:

«Կարմիր գրքում» գրանցված «Սպիտակապոչ արծիվ» ոչնչացնելու դեպքում տուգանքը կկազմի 250 հազար դրամ: Այն նույնպես համարվում է վտանգված տեսակ: «Մոխրագույն կռունկ»-ի համար նախատեսված տուգանքը նախագծով սահմանված է 300 000 դրամ: «Հայկական մուֆլոն»-ին ոչնչացնելու դեպքում, որը նույնպես համարվում է վտանգված տեսակ, 3 միլիոն դրամ տուգանք է նախատեսված:

«Հայկական իշամեղու» կամ «Դաղստանյան իշամեղու» ոչնչացնելիս նախագծով սահմանված է 2000 դրամ տուգանք:

«Իսպանական ճնճղուկ»-ի տուգանքն էլ 15000 հազար դրամ է:

Ջրահովվիկների ընտանիքին պատկանող Սուլթանական հավին «մատով դիպչելիս» էլ ստիպված կլինեք տուգանվել 50 հազար դրամով:
Նախագծով «Կարմիր գրքում» գրանցված բույսերին ոչնչացնելու համար էլ են տուգանքներ սահմանված, ընդ որում՝ բարձր: Օրինակ` լոբազգիների ընտանիքի բույս համարվող «Գազ Ղարաբաղի» տեսակը ոչնչացնելու համար տուգանքը 150 հազար դրամ կկազմի: Այն նույնպես համարվում է վտանգված տեսակ: 150 հազար դրամով էլ կտուգանվի Հաճարազգիների ընտանիքից «Ցանովի Շագանակենի» ոչնչացնողը:
«Սոխ Եգորովայի» տեսակի դեմ ոտնձգություն անողներն էլ կպատժվեն 25 հազար դրամով: Ի դեպ, պակաս արժեքավոր չէ «Սոխ թալիշյան»-ը, որի համար նախատեսված է 25 հազար դրամ տուգանք:

Դդմազգիներից էլ «Վայրի ձմերուկ»-ին պետք է չդիպչել` հակառակ դեպքում այս բուսատեսակը ոչնչացնելու համար տուգանքը կկազմի 25 հազար դրամ:
Վտանգված տեսակ է համարվում շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող «Ձնծաղիկ ալպիական»-ը: Այս բույսի համար հիմնական սպառնալիքը ինտենսիվ հավաքն է որպես գեղազարդային բույս եւ ապօրինի անտառահատում, որն, ըստ բնապահպանների, պատճառ է դառնում աճելավայրերի խախտմանը: Ալպիական ձնծաղիկ քաղելու համար էլ նախատեսված է 15 հազար դրամ տուգանք: Նույնքան գումարով կտուգանվեն «Սպիտակ Ջրաշուշան» ոչնչացնողները:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031