Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում ռաբիս բառի իմաստը՝ ես երգում եմ ժողովրդի սիրտ թափանցող երգեր»

Մարտ 02,2017 15:00

Ձախ Հարութը՝ իր երգերի ու ունկնդրի մասին

Մայիսի 20-ին նախատեսված է ամերիկաբնակ երգիչ Ձախ Հարութի՝ Հարութ Փամբուկչյանի երեւանյան մենահամերգը: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հարութ Փամբուկչյանն ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում առաջիկա համերգին. «Աշխարհի բոլոր բեմերից ինձ համար ամենակարեւորը Հայաստանի բեմն է: Կարեւորում եմ հայաստանյան ելույթները: Չէ՞ որ ես հայաստանցի եմ, երեւանցի…»:

Մեր հարցերին, որ իրեն` վաստակավորի կոչում շնորհելը շատ քննարկվեց նաեւ վատ համատեքստում, ինչպե՞ս է վերաբերվում այդ քննարկումներին ու արդյոք ունե՞ր այդ կոչման կարիքը, Ձախ Հարութը պատասխանեց. «Հավատացեք՝ կոչումներից ոչ մի արտիստ չի հրաժարվի: Կոչումները խթան են, նոր ուժ ու եռանդ են տալիս ավելի նվիրվելու սիրած գործին, սակայն չեմ կարող ասել, որ դա ինձ ինչ-որ բան տվեց կամ իմ կյանքում ինչ-որ բան ավելացրեց: Ուղղակի հարգանքի դրսեւորում էր, որի համար կրկին հայտնում եմ իմ շնորհակալությունը»: Ինչ վերաբերում է կոչման առումով հնչած վատ արձագանքներին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման բան առաջին անգամ է լսում, ապա հավելեց. «Անհամեստություն չթվա, բայց ինձ բոլորը շնորհավորելիս ասում էին, որ նույնիսկ շատ են ուշացրել, եւ որ ես ժողովրդականի կոչմանն էի արժանի»։

Մեր զրույցի ընթացքում Ռուբեն Հախվերդյանի հետ համագործակցությանն էլ անդրադարձ եղավ, հարցրինք՝ հնարավո՞ր է առաջիկայում որեւէ համատեղ նախագիծ անեն. «Ռուբեն Հախվերդյանը հրաշալի հեղինակ է, ֆանտաստիկ մտածող եւ լեգենդար երգահան: Ես միշտ պատրաստ եմ եւ մեծ սիրով կհամագործակցեմ նրա հետ»։
Քանի որ ոմանք Ձախ Հարութին համարում են ռաբիս երգիչ, ոմանք ասում են, որ իր երգածը քաղաքային ֆոլկլոր է, ոմանք շեշտում են, որ նրա երգերով սերունդներ են մեծացել, խնդրեցինք, որ իր արվեստը ինքը բնորոշի: «Ես չեմ հասկանում ռաբիս բառի իմաստը: Եթե այն վերաբերում է ցածրորակ երաժշտությանը, ապա, ներեցեք, անհամեստ չհնչի ասածս, բայց ես երբեք չեմ լսել նման կարծիք եւ վստահ եմ, որ ես ցածրակարգ արվեստով չեմ զբաղվում: Իսկ այն մասին, որ սերունդներ են մեծացել, սիրել, ամուսնության առաջարկություն արել միմյանց իմ երգերի ներքո, ինձ պատմել է ժողովուրդը եւ մինչ օրս մարդիկ փաստում են իրենց վերաբերմունքով եւ սիրով: Ես երգում եմ ազգագրական, ժողովրդական, աշուղային, գուսանական եւ էստրադային ստեղծագործություններ` մեր մեծ եւ այսօրվա լավ հեղինակների ստեղծագործություններից, ես երգում եմ ժողովրդի սրտից բխած ու ժողովրդիս սիրտ ներթափանցող երգեր»,- պատասխանեց Հարութ Փամբուկչյանը:

Իսկ հնարավո՞ր է որեւէ երգ գրի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, արտագաղթի ու ներկայի մասին: «Սովորաբար, երբ ինձ հարց են ուղղում քաղաքականության վերաբերյալ, ես չեմ պատասխանում: Ես երգիչ եմ, արվեստի մարդ եւ զբաղվում եմ իմ գործով: Այո՛, ինչո՞ւ ոչ, երբեմն ասում եմ խոսքս իմ երգերով, երգով բարձրացնում մեզ հուզող հարցերը. դա իմ առաքելությունն է եւ ես կարծում եմ, որ այն պատվով եմ կատարում: Ավելացնեմ մի բան` եթե ես երբեւէ պիտի երգեմ մի երկրի կամ մի քաղաքի մասին, ապա կերգեմ միայն Հայաստանի ու Երեւանի մասին»,- ասաց երգիչը։
Զրույցի ավարտին էլ մի դրվագ պատմեց, որից շատ էր հուզվել. «2012 թվականին երիտասարդների ցանկությամբ ու հրավերով ես մեծ համերգ ունեցա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի ամբողջ ընթացքում նկատեցի, որ հանդիսատեսն ինձ հետ երգում է: Հուզվեցի ու բեմից հարց ուղղեցի նրանց, ասելով՝ սիրելիներս, ախր երբ ես գնացի Հայաստանից, դուք դեռ ծնված չէիք: Ախր ինչպե՞ս է, որ այս երգերը անգիր գիտեք ու հետս հավասար երգում եք… Ես շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ իմ երգերի մասին ձեզ պատմել են, ներկայացրել ու դուք էլ այսօր շարունակում եք սիրել իմ կատարումները: Աստված ձեզ պահապան: Շնորհակալ եմ ձեզ…»։

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031