Լրահոս
Օրվա լրահոսը

Հնչում է հայ կոմպոզիտորների երաժշտությունը

Մարտ 02,2017 14:00

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, վաղուց շատ երկրներում վայելում է մեծ ճանաչում եւ պահանջարկ։ Նվագախումբն ունի ինքնատիպ հնչողություն, անկրկնելի հնչերանգ, որն աստիճանաբար ձեւավորվել, հղկվել է շնորհիվ համաշխարհային դասական գլուխգործոցների լայն երկացանկի կատարման։ Այդ ամենին զուգահեռ նվագախումբն իր ամբողջ գոյության ընթացքում հնչեցրել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իհարկե, առաջին հերթին՝ Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ երաժշտությունը, որը նվագախմբի կատարմամբ միշտ ունկնդրի մոտ առաջացրել է հիացմունք եւ բուռն ծափահարություններ։

Դրանք եւ՛ սիմֆոնիաներ են, եւ՛ սյուիտներ բալետներից, եւ՛ նրա հանրահայտ կոնցերտները։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ, մշտապես համագործակցում է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հետ։ Այդ գործունեության բնական շարունակություն պետք է համարել Խաչատրյանի փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, որի ընթացքում Խաչատրյանի ստեղծագործությունների հետ կատարվում են նաեւ մյուս հայ կոմպոզիտորների գործեր։ Ամենամյա փառատոնը ձեռք է բերել պետական կարգավիճակ. այն անցկացվում է մեծ թափով եւ հաջողությամբ Երեւանի տարբեր համերգասրահներում՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորների՝ տարբեր ժանրերում (սիմֆոնիկ, կամերային, վոկալ) գրված երաժշտությունը։ Վերջին շրջանում մշակվել է նվագախմբի երկացանկի այնպիսի քաղաքականություն, որի նպատակն է հնչեցնել հայ կոմպոզիտորների վաղուց մոռացված, հաճախ նաեւ ընդհանրապես չկատարված ստեղծագործությունները։ Այս մոտեցման կարգախոս կարելի է համարել հայտնի արտահայտությունը՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։

Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է Ս. Սմբատյանը, «անհրաժեշտ է ոչ միայն գտնել որոշ ստեղծագործությունների նոտաները, այլեւ դրանք թվայնացնել, կատարել ձայնագրություններ եւ տեսագրություններ»։ Այս մեծածավալ աշխատանքը շատ ժամանակ է պահանջում, սակայն այն պետք է արվի, քանի որ անհրաժեշտ է խնամքով փայփայել եւ զարգացնել ազգային պատմական մշակութային արժեքները։ Նվագախմբի կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոներում առանձին-առանձին ի հայտ են գալիս հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ավանդույթներն ու արդիականությունը, շարունակականությունը եւ նորարարությունը։ Այդ նպատակով ստեղծվել է գեղարվեստական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են ճանաչված ժամանակակից հայ կոմպոզիտորներ, երաժշտագետներ, կատարողներ, ինչպես նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունը։

Վերջին տարիներին անցկացվել է 7 փառատոն՝ նվիրված երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ դեր ունեցած ականավոր հայ կոմպոզիտորներին՝ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.), Տերտերյան-ֆեստ (2014թ.), Էդգար Հովհաննիսյան-ֆեստ (2015թ.), Միրզոյան-ֆեստ (2016թ.)։ Իհարկե, փառատոնային համերգների ընթացքում հնչել են այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնց նվիրված են եղել փառատոները, բացի այդ, համերգային ծրագրերում ներառված են եղել տարբեր հեղինակների գործեր։ Սա արժեքավոր մոտեցում է, որն իր առջեւ նպատակ է դրել ձեւավորել ունկնդրի գեղարվեստական ճաշակը, սերմանել սեփական արմատների գիտակցումը, հայկական դասական երաժշտության ֆենոմենի ընկալումը, որի միջոցով սահմանվում է ժամանակի գենետիկ կապը։ Երիտասարդական նվագախումբն ունի իր ավանդույթները, հստակ կազմում է ծրագրերը, եւ վերջերս մեկնարկած Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը՝ Հարո Ստեփանյան-ֆեստը, նախորդ փառատոների օրինաչափ շարունակությունն է։ Հայտնի հայ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) ծնունդով Ելիզավետպոլից է (Արցախ), մասնագիտական կրթություն է ստացել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումում, այնուհետեւ ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1930-ին նա եկել է Երեւան, քաղաք, որի հետ կապված է եղել նրա հետագա կյանքն ու ստեղծագործական կենսագրությունը։ Կոմպոզիտորը նշանակալի ավանդ է ունեցել ազգային մշակույթի զարգացման գործում, ստեղծել է բազմաժանր երաժշտական կտավներ, այդ թվում՝ 5 օպերա («Քազ Նազար», «Սասունցի Դավիթ», «Լուսաբացին», «Նունե», «Հերոսուհին»), երեք սիմֆոնիա, օրատորիա, կվարտետներ, կամերային-գործիքային, վոկալ ստեղծագործություններ, ավելի քան 120 երգ եւ ռոմանս (այդ թվում՝ հայտնի «Ալագյազի երգերը», «Հեյ, Արագած», «Անուրջներ»)։ Ստեղծագործությունների մեծ մասը կատարվել են նրա կենդանության օրոք. որոշ օպերաներ բեմադրվել են Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, հաջողությամբ կատարվել են նրա սիմֆոնիաները, ռոմանսները եւ այլ ստեղծագործություններ։ 1938-48թթ. Հարո Ստեփանյանը ՀԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահն էր, հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, կոնսերվատորիայի դոցենտ, արժանացել է պետական մրցանակների, ունի ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի կոչումներ եւ այլն։

Հետագայում նրա երաժշտությունը սկսել է ավելի ու ավելի քիչ հնչել, այդ պատճառով կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին նվիրված փառատոնին ներկայացվող նրա ստեղծագործությունները դարձել են երեւույթ, նրա անմահ տաղանդի ճանաչում եւ նրա երբեմնի փառքի վերականգնում։

Փետրվարի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հարո Ստեփանյան-ֆեստի բացումը։ Փառատոնը հիանալի մեկնարկ ունեցավ՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով ունկնդրի մոտ։ Երիտասարդական նվագախումբը եւս մեկ անգամ ներկայացրեց իր բարձր կատարողական մակարդակը, գեղեցիկ հնչողությունը։ Եվ դրան նպաստեց նաեւ հայտնի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, ով ամբողջ համերգն անցկացրեց գեղարվեստական բարձր մակարդակով։ Համերգային ծրագրի առաջին համարը Հարո Ստեփանյանի Սիմֆոնիկ պարերն էին։ Դրանց կատարումներում քնարական ոգին, տարբեր պարերի մեղմ հնչյունագրությունը բացահայտեցին հեղինակի նուրբ ճաշակը եւ ինքնատիպ ոճը։ Այս ստեղծագործությունը կատարվեց առաջին անգամ եւ փառատոնի հաճելի բացահայտումն էր։ Պարերից հետո հնչեցին Արթուր Ահարոնյանի «Սիրո երգերը»՝ գրված սոպրանոյի եւ լարային նվագախմբի համար։ Դրանք հնչեցին տաղանդավոր երգչուհի, կոնսերվատորիայի ուսանողուհի Ջուլիետա Ալեքսանյանի մեկնաբանմամբ (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան)։

«Սիրո երգերը» երգչուհին կատարեց հուզական, մեղմ եւ քնարական եղանակով։ Կոմպոզիտոր Ա. Ահարոնյանը երկար տարիներ բնակվում է Փարիզում եւ հաջողությամբ զբաղվում է կատարողական եւ կոմպոզիտորական արվեստով։ Շատ վառ եւ տպավորիչ էր համերգային ծրագրի հաջորդ ստեղծագործությունը՝ հայտնի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Հախինյանի Քանոնի կոնցերտը։ Նշենք, որ այս ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է քանոնի եւ դաշնամուրի համար, սակայն Երիտասարդական նվագախմբի ղեկավարության առաջարկով ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանը հրաշալիորեն փոխադրել է այն նվագախմբի համար, ինչն էլ շատ գեղեցիկ եւ վիրտուոզ կատարեցին մենակատար Կարինե Հովհաննիսյանը (քանոն) եւ նվագախումբը։ Այս կատարումը նույնպես կարելի է համարել ինքնատիպ պրեմիերա։ Համերգի ավարտին հնչեց ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի «Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմը։ Այն կոմպոզիտորի ուշագրավ գործերից է, որտեղ փիլիսոփայական խոհերը համադրվում են վառ արտահայտված զգացմունքային հնչողության հետ։

Դիրիժորի մեկնաբանությամբ՝ նվագախումբը ներկայացրեց հնչողությունն ամբողջ դիապազոնով՝ մեղմ, նուրբ հորձանքից մինչեւ էքսպրեսիվ, լարված զգացումների եւ հույզերի արտահայտում։ Հանդիսատեսը հիացմունքով ընդունեց այս ստեղծագործությունը` հոտնկայս եւ երկարատեւ ծափահարություններով։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի բացումն անցել է բարձր մակարդակով։ Հետագա համերգները նույնպես նոր ստեղծագործական շունչ են հաղորդել, կատարվել են փառատոնի հերոսի՝ Հարո Ստեփանյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգի մեկնարկից առաջ երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ծանոթացրել է ներկաներին փառատոնի հիմնական ուղղությունների, ծրագրի հետ։ Բացի այդ, կազմակերպիչների կողմից հրապարակվել է տեղեկատվական գրքույկ, որտեղ ամփոփված են փառատոնի, կոմպոզիտորների, կատարողների մասին տեղեկություններ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր փառատոներն անցկացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Պետական քաղաքականության շնորհիվ կյանքի են կոչվում շնորհակալ նախաձեռնություններ, սահմանվում են լավ ավանդույթներ։ Հարո Ստեփանյան-ֆեստը (2017թ.) ծանրակշիռ ներդրում ունի Հայաստանի մշակույթի զարգացման գործում եւ հնարավորություն է տալիս 21-րդ դարում նոր դիրքերից վերակենդանացնել անցյալի ձեռքբերումները՝ չմոռանալով ներկան։

ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

 

«Առավոտ»

01,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031