Մինչ սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր, հոգնած երկարաշունչ ձմռանից, շնորհավորում են միմյանց՝ գեղեցիկ նկարներով ավետելով գարնան գալը, գյումրեցիներից շատերն արդեն իսկ մոլորվել են, թե ինչպես են քայլելու այս քաղաքի ցեխաշաղախ փողոցներով, որպեսզի հանկարծ «չխեղդվեն» ցեխաջրերի մեջ։
Համացանցում այսօր արդեն իսկ հայտնվել են Գյումրու քարուքանդ, անանցանելի փողոցների լուսանկարները, որի տակ մտահոգ բնակիչները գրել են․«Սկսվեց»։
Եվ մինչ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի կողմից Գյումրիի փողոցների բարեկարգման համար տրամադրված 23 միլիոն եվրոյի վարկը իրականություն կդառնա (մենք Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ նախագծերի մրցույթը հայտարարված է, դրան կհաջորդի կառուցողների մրցույթը, ամռանը հազիվ թե սկսվեն աշխատանքները) այս տարվա գարնան առաջին երկու ամիսները սպառնում են դառնալ ամենադաժանը գյումրեցիների համար։
Կարդացեք նաև
Նույնիսկ այս տարվա ձմռան ամիսներին, երբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ի զարմանս գյումրեցիների (նա այս քաղաքի բնակիչների մոտ որպես աշխատասեր, գործունյա մարդ էր տպավորվել), ուղղակիորեն զլացավ կատարել իր պարտականությունները, մաքրել տալ քաղաքի սառցակալված փողոցները՝ դրանք սպառնալիք դարձնելով հարկեր մուծող քաղաքացիների համար, մշակութային մայրաքաղաք հռչակված քաղաքում կյանքը շատ ավելի հաճելի էր, քան ցեխաշաղախ գարնանը։ Առավել ևս, երբ գարունը նախընտրական է ու խոստումներից բացի գյումրեցիներին ոչինչ չտվող է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի ու Aravot.am-ի: