ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված երեք դատավորներ կշարունակեն պաշտոնավարել արդեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը և ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ, միաժամանակ դադարեցվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի վերոնշյալ դատարաններում նրանց լիազորությունները:
Այսօր՝ 2017 թվականի մարտի 1-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Նարինե Հովակիմյանին, Կարեն Մարդանյանին և Անդրանիկ Մնացականյանին: Վճռաբեկ դատարանի նախագահն իր խոսքում վստահություն է հայտնել, որ փորձառություն ունեցող դատավորներն իրենց մասնագիտական և մարդկային բարձր որակների, պատրաստվածության շնորհիվ կշարունակեն հավուր պատշաճի իրականացնել արդարադատություն՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրների:
Կարդացեք նաև
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն