Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ռուսական Gazeta-ին և անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Արցախի նախագահի խոսքով՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում:
«Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝արդյոք նման զենքը կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի, թե այն համարվում է զսպող գործոն, ուժերի հավասարակշռությունը պահելու միջոց:
Բակո Սահակյանը նաև նշել է, որ Ռուսաստանի կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանության հարցում: «Հենց Ռուսաստանի ջանքերի և ուղղակի մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել և ստորագրվել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ պայմանագիրը»,- ասել է Արցախի նախագահը:
Բակո Սահակյանի կարծիքով՝ Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է, քանի որ այս հարցը պարզապես այլընտրանք չունի:
Կարդացեք նաև
«Ես և իմ ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև մինչ օրս ապրում ենք այնպիսի իրադրությունում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սակայն ես այդուհանդերձ վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղություն հնարավոր է: Այս հարցն այլընտրանք չունի»,- հայտարարել է Արցախի նախագահը:
Սահակյանն ընդգծել է, որ արցախյան կողմը հանդես չի գալիս ագրեսիվ, շովինիստական և ազգայնական հայտարարություններով: «Պաշտոնական Բաքուն, ցավոք, ամբողջությամբ հակառակն է անում»,- ասել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է հանդիսանում ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին առկա միակ խոչընդոտը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ