Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Ես վստահ եմ, որ ապրիլից հետո քաղաքական ուժերի մեծ մասը կմասնակցի քաղաքի կառավարման բոլոր պրոցեսներին»

Մարտ 01,2017 17:58

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դրական գնահատեց փետրվարի 27-ին հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ Մ. Ասլանյանի խոսքով, հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու անդամների մեկ քառորդի ներկայությունը բավարար էր նիստ գումարելու և որոշումներ ընդունելու համար: Սակայն վերջինս, որոշեց նիստը հետաձգել, եւ ինչպես ինքն էր ասում, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ հնարավորություն տալ մասնակցել քաղաքի կառավարման գործընթացին:

-Այն, ինչ օրենքի սահմանում է՝ իմ կարծիքը դրական է: Ինձ թվում է, Վանաձորի քաղաքապետ պարոն Ասլանյանը, հստակ, ավագանու նիստի օրը օրենքի մասին ներկայացրել է ամբողջական տեղեկատվություն: Քաղաքապետն իր խոսքում ասել է՝ Հանրապետական կուսակցության ֆրակցիան մտադրություն չունի օրենքի սահմանած տառով ավագանու նիստ կայացնի, որովհետեւ մոտեցումը հստակ է: Իրենք կողմնակից են Վանաձոր քաղաքի կառավարումը դարձնել մասնակցային, եւ շահագրգռված ենք, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը Վանաձորի կառավարման գործընթացին լինեն մասնակից: Քաղաքապետարանի մոտեցումը դրական եմ գնահատում, եւ համոզված եմ, որ առաջիկայում, եթե իրենք որոշեն, որ նիստը պետք է կայացնեն օրենքով սահմանված կարգով, իհարկե՝ ես կողմնակից եմ լինելու նաեւ դրան,-ասաց մարզի ղեկավարը:

Ա. Նալբանդյանը չբացառեց նաեւ, որ ապրիլի 2-ից հետո հնարավոր է քաղաքական ուժերը վերջապես գան ընդհանուր հայտարարի եւ մասնակցեն ավագանու նիստերին. «Առաջիկայում քննարկվելու են մի քանի կարևոր հարցեր՝ համայնքի բյուջեն, 5-ամյա զարգացման ծրագիրը: Այս առումով ես վստահ եմ, որ ապրիլից հետո քաղաքական ուժերի մեծ մասը կմասնակցի քաղաքի կառավարման բոլոր պրոցեսներին եւ իրենց կարծիքը հստակ կհայտնի ավագանու նիստերի ժամանակ»:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ մարզպետը վստահեցրեց, որ իրենք ոչ մեկին չեն ուղղորդելու եւ վարչական ռեսուրսները չեն օգտագործելու որեւէ թեկնածուի օգտին:

-Մոռանում ենք, որ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ մտավորականներ են աշխատում, եւ մենք երբեք իրենց չենք ուղղորդում, պարտադրում, առավել եւս՝ լծակներ չենք օգտագործում: Քարոզարշավի ընթացքում ես լինելու եմ ՀՀԿ-ի մարզի շտաբի պետ: Եվ բնականաբար ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հանրապետական կուսակցությունը շատ ձայներ տանի կուսակցության համար: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ռեյտինգայիններին, ապա ես համոզված եմ, որ մեր ռեյտինգային թեկնածուներն իրենց շտաբներն իրենք են ղեկավարելու: Եվ վստահ եմ, որ քարոզարշավին շատ ավելի ճիշտ կաշխատեն, որպեսզի իրենք ապահովեն իրենց ռեյտինգային տեղերը, եւ որեւէ մեկի օգնության կարիքը չեն ունենա,- նշեց Ա. Նալբանդյանը:

Հանրապետական կուսակցության Լոռու մարզային ռեյտինգային ցուցակը բաղկացած է 7 հոգուց: Արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ թեկնածուների միջեւ սկսվել է լարվածություն: Ինչը, սակայն Ա. Նալբանդյանը բացառեց. «Ես վստահ եմ, որ ռեյտինգային թեկնածուների մեջ էլ ինչ-որ պայքար պետք է լինի: Բայց էս պահի դրությամբ, եթե դուք լարվածություն տեսել եք, ես ինքս լարվածություն չեմ զգում: Ես առողջ մրցակցության կողմնակից եմ, եւ վստահ եմ ու համոզված, որ մինչեւ ապրիլի 2-ը լարվածությունը չի խորանա, չի արմատավորվի: Մրցակցություն բնականաբար լինելու է՝ ոչ միայն այլ քաղաքական ուժերի, այլ նաեւ հենց մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների մեջ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՍ says:

    «…. մենք երբեք իրենց չենք ուղղորդում, պարտադրում, առավել ևս՝ լծակներ չենք օգտագործում:» Սա այն պատմության նման ստացվեց, որ ասում է. «Ով մի այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտա, թագավորության կեսը կտամ»: Տարօրինակ մարդիկ են՝ համ սուտն ասում են, համ չեն կարմրում, համ էլ թագավորությունն են ատամներով պահում, կարծես իրենց արյունով գծված սեփականությունն է:
    Իսկ Վանաձորի քաղաքապետին խորհուրդ կտամ նորից կարդալ ՏԻՄ օրենքը, ավելի ուշադիր, էլ ուշադիր, մի քիչ ավել ուշադիր, որպեսզի ձերբազատվի տարընթերցումներից: Թե Վանաձորի պարագայում առանձին ՏԻՄ օրենք է գործում???

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031