ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց իր խոսքերը՝ այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել ՀՀ: Հետո նա ընդգծեց «Կենտրոնի» լրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրույցը, որտեղ վարչապետը հավաստիացրել է՝ «Երբ իմանաք, որ նման խոչընդոտ կա, անձամբ ինձ զանգահարում եք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ն արդեն մոտ մեկ ամիս է՝ չի կարողանում մաքսազերծել 460 տոննա կերոսինը: Նա ասաց, որ այս թեմայի հետ կապված խոսել է ՊԵԿ-ի ղեկավարության, Սուրեն Կարայանի հետ, մասնագետների հետ ու միանշանակ է, որ խոչընդոտ է հարուցվում. «Դե յուրե պարոն Կարայանը ինձ հաստատել է՝ ապրանքը ներկրելու որեւէ խոչընդոտ չկա»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը բաց հորդոր է ուղղել վարչապետին, որ թույլատրեն այդ ապրանքը մտնի Հայաստան. «Գուցե խնդիրն այն է, որ հենց Պետրոս Ղազարյանը չի ձեզ զանգահարել, եթե դա է խնդիրը, ես կարող եմ խնդրել, Պետրոս Ղազարյանը կարող է իմ անունից ձեզ զանգել, տեղեկացնել, որ խնդիր է հարուցված, գուցե այդ պարագայում խնդիրը լուծվի»:
Վարչապետը պատասխանեց. «Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: Ավելին՝ ձեր հորդորը տեղ է հասել եւ այս պահին իմ օգնականն այդ հարցով զբաղվում է: Ճիշտ եք ասում, այնտեղ խնդիր կա: 460 տոննան, որը եկել է, կերոսին չի, վառարանային վառելիք է»:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանն ասաց, որ կասկած ունեն, որ այդ վառարանային վառելիքը հետո կտանեն կխառնեն կերոսինի հետ եւ շուկայում կունենանք անորակ նավթամթերք. «Որ քաշքշուկ կա ներկրման ժամանակ այս ապրանքի հետ՝ դուք ճիշտ եք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ձեռքի տակ հիմա կա մի փաստաթուղթ, որով հավաստվում է՝ այդ ապրանքը կերոսին է: Ավելին՝ պատգամավորն ասաց, որ փորձաքննություն իրականացրած մարմնի մասնագետների հետ է խոսել, նրանք հաստատել են, որ դա կերոսին է. «Եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, ՀՀ օրենսդրությամբ դա ներկրելու որեւէ արգելք չկա»:
Ինչ վերաբերում է այն տրամաբանությանը, որ այդ ապրանքը կարող են խառնել մի ուրիշ բանի հետ, նույնն է, թե դանակի ներկրումը ՀՀ արգելվի, ասելով, որ կարող է մարդիկ դանակով մարդ սպանեն:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ունեն խաղի կանոնների խնդիր, պետք է կանոնակարգեն, որ նման քաշքշուկ չլինի: Ինչ վերաբերում է այս ապրանքատեսակին, նա հիշեցրեց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ բազմաթիվ դեպքեր եղան, որ մեր ռազմական տեխնիկան չի աշխատել՝ հենց դրա պատճառով. «Ես ընդունում եմ, որ այստեղ բացթողում ունենք, բայց սահմանի վրա որեւէ ապրանքի ներկրման սահմանափակում չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ