Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ճակատագրի պատճառները

Մարտ 01,2017 17:47

1

Հայաստանի վատ ճակատագրի պատճառներից մեկն այն էր, որ հայերն ի սկզբանե ուզում էին անկախ լինել ոչ միայն օտարներից, այլ նաև իրենց ցեղակիցներից: Չէ՞ որ եթե անկախ չլինեին, ապա նրանք պետք է իրենց ցեղակիցների՝ արիացիների հետ նույն պետության մեջ լինեին:

Հայերի բոլոր ցեղակիցները մեկ ընդհանուր, միասնական պետության մեջ էին: Այնտեղ էին պարսիկները, մարերը, պարթևները, սկյութները: Այդ չորսից միայն սկյութներն առանձին, ինքնուրույն պետություն չեն ունեցել, մյուսներն ունեցել են, բայց, ի վերջո, միավորվել են մեկ միասնական պետության մեջ: Իսկ հայերը՝ ոչ: Այսինքն` նրանք էլ կարող էին լինել այդ միասնական պետության մեջ: Քառյակը կլիներ հնգյակ, իսկ հինգն ավելի մեծ և ուժեղ կլիներ, քան չորսը:

Սակայն այդ չորսն էլ բավարարեց, որպեսզի նրանք իրենց միասնության շնորհիվ պահեն իրենց պետության, երկրի, ազգի սահմանները, չափերը, նույնիսկ մեծանան Հայաստանի հաշվին: Այո, ամբողջ Հայաստանը նրանք այդպես էլ չկարողացան գրավել և ընդգրկել իրենց պետության մեջ, բայց մի մասը, նույնիսկ ներկայիս Հայաստանի տարածքից ավելի մեծը՝ կարողացան: Իսկ հայերը, որ մենակ էին, կորցրին իրենց ունեցած ամեն ինչի մեծ մասը:

Սակայն մի կողմից հայերը շահել են, քանի որ հայերն ազգ են և անկախ պետություն ունեն, իսկ այն չորսը անկախ չեն, ազգ չեն, չունեն իրենց ինքնությունը և մտնում են Իրան կոչվող պետության մեջ: Չկա Պարսկաստան, Պարթևստան, Մարաստան, Սկյութստան: Այլ հարց է, թե արդյո՞ք համարժեք են հայերի շահածը և մյուսներինը: Մի կողմից հայերի անկախության, ինքնության և անհատականության շահումն է և տարածքների ու բնակչության մեծ մասի կորուստները, իսկ մյուս կողմից չորս ցեղերի ձուլվածությունն է, բայց տարածքների և բնակչության պահպանումն ու ավելացումը:

Նաև այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու է տարբեր անվանումներով հանդես եկած Իրանը միշտ գերիշխել: Չորս ցեղերի պետությունը միշտ իշխել է հայերի թագավորության վրա, կրելով արքայից արքայի տիտղոսը, որը միայն Տիգրան Մեծի օրոք է կարճ ժամանակով անցել հայերին: Մնացած ժամանակ նրանք գերիշխել են և միշտ ձգտել միավորել հայերին իրենց միությանը: Իսկ հայերը միշտ ընդդիմացել են: Ահա թե ինչու էին նրանք միշտ ուժեղ, իսկ մենք թույլ: Չէ՞ որ այդ ուժեղությունն իր առարկայական պատճառը պիտի ունենար, չէր կարող առանց պատճառի մեկ ազգը միշտ ուժեղ լինել, իսկ մյուսը՝ թույլ: Նրանց ուժի գաղտնիքը նրանց քառամիասնությունն էր: Ուժերը, պաշարները, հնարավորությունները, իմաստությունը աճել են քառակի: Մեր ուժը բավականացրել է միայն եղբայրական արիացիներին դիմադրելուն և միավորմանը դիմակայելուն: Իսկ ուրիշ պետությունների ճնշումներին դիմանալուն չի բավականացրել: Հռոմի, Բյուզանդիայի, Արաբիայի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Ռուսաստանի դեմ մենակ ենք եղել, այդ պատճառով էլ չենք դիմացել, կորուստներ ենք ունեցել, տուժել ենք: Իսկ քառյակն իր միասնության շնորհիվ դիմացել է և նույնիսկ աճել:

2

Մյուս պատճառներից մեկի՝ քրիստոնեության ընդունման թերություններից մեկն էլ այն էր, որ այդ ուսմունքն իր հավատացյալների մոտ ենթագիտակցական սխալ պատկերացում էր ստեղծում, թե ամենազոր աստվածը կօգնի իրենց, երբ որ պետք լինի աստվածը կպաշտպանի իրենց ուժեղներից: Իսկ եթե աստվածն էլ չօգնի, ապա քրիստոնյա ամենազոր Բյուզանդիան կօգնի քրիստոնյա Հայաստանին: Ուստի պետք է հնազանդվել և տրվել Բյուզանդիային: Դա ձրիակերություն էր դաստիարակում ազգի մեջ, այսինքն` իրենք կարող էին ոչինչ չանել ուժեղանալու համար, իսկ ուժեղանալու համար ջանքեր չխնայած, եռանդուժ ծախսած, նյութական և հոգևոր ուժեր ներդրած Բյուզանդիան կգար և անշահախնդրորեն կպաշտպաներ իրենց: Հանուն ինչի՞: Հենց այնպես, պարզապես հանուն քրիստոնեական եղբայրության: Դա, իհարկե, խաբկանք էր: Որովհետև ոչ մի երկիր այնքան վնաս չի տվել Հայաստանին, որքան Բյուզանդիան: Նա Հայաստանի բոլոր ժամանակների թշնամիներից ամենամեծ վնասը տվեց նրան՝ երկու անգամ վերացրեց հայոց պետությունը, Արշակունիների և Բագրատունիների թագավորությունները, իսկ Ռուբինյաններին էլ վերացնելուն շատ ձգտեց, բայց չկարողացավ: Եվ դա այն դեպքում, երբ նույնիսկ Բյուզանդիայի մի քանի կայսրեր հայ են եղել: Իսկ մահմեդական Իրանը, որին քրիստոնյա հայերը թշնամի էին համարում, եթե նույնիսկ որևէ պատերազմում հաղթում էր Հայաստանին, գոնե եղբայրաբար էր վարվում և չէր ձգտում վերացնել եղբայրական հայոց թագավորությունը:

Այդպիսով քրիստոնյա Հայաստանը մոռացել էր նույնիսկ քրիստոնեական իմաստությունը, թե ինչ որ ցանես, այն կհնձես: Կցանե՞ս անտարբերություն երկրիդ պաշտպանության նկատմամբ, ուրեմն կհնձես անտարբերություն երկրիդ կողմից քո նկատմամբ, երկիրը կգնա ձեռքիցդ, կդառնա ուրիշինը: Եվ այդպես էլ եղավ, Բյուզանդիան նախ խլեց հայոց հողերի մեծ մասը, իսկ հետո դրանք ժառանգություն թողեց Թուրքիային:

Քրիստոնեության ընդունման վնասներից մեկն այն էր, որ հայ ազգն ընկավ ստրկամտության մեջ, ընկավ հոգեբանական ստրկական կախվածության մեջ քրիստոնեության կենտրոնը համարվող Բյուզանդիայից: Վերջինս քրիստոնյա հայ ազգի գիտակցության և ենթագիտակցության մեջ դարձավ սուրբ, սրբազան երկիր, որտեղ աստծո փոխանորդն էր նստում, քանի որ հայ եկեղեցու առաջնորդները այնտեղ էին ձեռնադրվում, ուստի նրան արդեն ամեն ինչ կարելի էր թույլ տալ. և՛ լինել Հայաստանի տերը, և՛ ազգի բախտը որոշողը, և՛ երկրի ճակատագիրը տնօրինողը: Նույնիսկ երբ կայսրը իր մարդկանց միջոցով հենց Հայաստանում սպանել էր տալիս հայոց թագավորին, հայ իշխանավորները ըմբոստանալու և հանցագործությունը պատժելու փոխարեն իրենց հնազանդությունն էին հայտնում նրան, մոռացած պատվի, արժանապատվության և այլ, նման կարգի հոգևոր վեհ հատկությունների ու հասկացությունների մասին: Այնինչ, արժանապատվություն ունեցող ազգը կպատժեր ոչ միայն այդ ոճիրը իրագործողներին, այլև կգնար և հենց Բյուզանդիայում կպատժեր պատվիրատուին, այդպիսի հրաման տվողին՝ կայսրին, հայ ազգի վրա ձեռք բարձրացնելու հանդգնության համար: Իսկ իրենց հնազանդությունը հայտնելով, իշխանավորները կարծես համաձայնություն և հավանություն էին տալիս կայսրի գործողություններին, խրախուսում նրան, իբր ինչ կուզես արա, կուզես արի մեր երկրում մեզ էլ վերացրու, քեզ ամեն ինչ թույլատրելի է, քանի որ դու ես մեր աստծո տեղապահը Երկրի վրա:

Ահա թե որտեղից են գալիս հայ ազգի մեջ շատերի կողմից նկատված օտարամոլության ակունքները. օտար ազգի աստծուն, օտար աստծո օտար երկրներում նստող փոխանորդներին, օտար երկրների տիրակալներին պաշտելուց, միգուցե մեզ մոտ բացակայող արժանապատվությունը օտարների մոտ տեսնելուց: Մի՞թե արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարությունը կհանդուրժեր օտարների դարերով ձգվող տիրապետությունը և չէր ձգտի անկախության, ազատության, ինքնուրույնության, սեփական դեմքը ունենալուն արժանության: Իսկ սեփական դեմքը ունենալու համար սեփական աստվածն է պետք ունենալ: Առանձին ազգ լինելու համար ազգային ինքնագիտակցություն է պետք ունենալ, ազգին է պետք պատվել և պաշտել, ձգտել է պետք ինքնուրույն ապրել, ոչ թե միշտ օտարի լծի տակ:

Օտարամոլությունը տվյալ պատմական ժամանակաշրջանում վերածվել էր հունամոլության, օտար լեզվով «հելլենիզմի»: Հույնը սուրբ ազգ էր համարվում ազգային վերնախավի կողմից: Ազգային կյանքի բոլոր հնարավոր կողմերը հունականացվում էին: Հրեա ազգն էլ էր սուրբ, քանի որ աստծո որդին հրեա է եղել: Այդպիսով, հույնը սուրբ էր, հրեան սուրբ էր. և ծաղկում էր օտարամոլությունը, դաստիարակելով հայ ազգի անդամների մեջ դրանից բխող վատ հատկանիշները, ազգատյացությունը, դավաճանությունը, ինքնանվաստացումը օտարների առաջ և այլն, որոնք հետագայում ազգի համարյա կործանման պատճառների շղթայի օղակներից մեկը պիտի դառնային: Իսկ հետագա ժամանակներում էլ «սուրբ» հույների տեղը պիտի գրավեին արաբները, մոնղոլները, թուրքերը, և, վերջապես, ռուսները: Այդպիսով, օտարամոլության հետևից մրցավազքը տարբեր ժամանակներում հանգեցրել է պարսկամոլության, հունամոլության, արաբամոլության, մոնղոլամոլության, թուրքամոլության, ռուսամոլության: Ի դեպ, վերջինները Բյուզանդիայից պակաս վնաս չեն տվել Հայաստանին, քանի որ Բյուզանդիայից ընդունեցին քրիստոնեությունը, ուստի նրա հոգևոր զավակներն են, ինչպես նաև աշխարհիկ գործերում ընդօրինակողները:

Նույնիսկ հայոց ամենամեծ թագավորը՝ արքայից արքա Տիգրան Մեծը հունամոլ էր, որովհետև հույն աստվածների էր պաշտում կամ նրանց է՛լ էր պաշտում: Նա հունական կրոնի և մշակույթի գերի էր, և դա խանգարեց նրան վճռական պահին ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշում կայացնել: Երբ ամենահարմար պահին հայ ազգի շահերից բխում էր միավորվել Պոնտոսի հետ և հաղթել Հռոմին, վերացնել այն, ամենամեծ արքան ընդունեց իր «մեծ եղբոր», «պաշտամունքի առարկա» ազգի վրա ձեռք չբարձրացնելու սխալ որոշումը, դրանով հնարավորություն տալով Հռոմին պատուհաս դառնալու և՛ իր, և՛ իրենից հետո եկող հայ թագավորների գլխին, և, ի վերջո, Բյուզանդիայի վերանվանվելուց հետո երկու անգամ վերացնելու հայոց պետությունը: Ահա թե ինչպիսի ողբերգական հետևանքների կարող է հասցնել օտարամոլությունը: Իսկ քրիստոնեության ընդունումից հետո հայոց մեծամեծների մեջ հունապաշտությունն ավելի ուժեղացավ նաև զուտ կրոնական պատճառներով, որովհետև արդեն ամբողջ ազգն էր բռնի կերպով քրիստոնեացվել և օտարացվել ինքն իր էությունից, իր Աստծուց: Նույնիսկ պետականորեն քրիստոնեության ընդունման առաջնությունը չտվեց հայ ազգին գոնե այդ ոլորտի առաջնորդը լինելու առավելությունը, որովհետև օտարամոլությունը թույլ չէր տա ինչ-որ դրական կողմով լինել առաջինը: Իսկ բացասական կողմերով՝ ինչքան որ տեղ կա, անվերջ կարելի է սխալներ գործել, որոնց տխուր հետևանքների ականատեսն ենք մենք այսօր, երբ երկրի ու ազգի մեկ տասնմեկերորդ մասն է մնացել միայն:

3

Պատճառներից մյուսը եղբայրական ազգերի՝ իրանցիների հետ թշնամանալն էր: Դրա արդյունքում մենակ մնացինք և թուլացանք:

4

Հայաստանի վատ ճակատագրի պատճառներից մեկն այն էր, որ պետություն ունեցած ժամանակ հայ ազգը չէր վարում նվաճողական քաղաքականություն, չէր ձգտում դառնալ կայսրություն, իսկ հարևան կայսրությունների դեմ պայքարում նրա համար դժվար էր դիմանալը մեծացած և հզորացած տերությունների ճնշումներին: Չէ՞ որ Հայաստանը շատ անգամներ է ունեցել այդ հնարավորությունը, քանի որ շատ անգամներ է հաղթել իր երկու հարևաններին առանձին-առանձին վերցրած: Առանձին պատերազմում հաղթել է և՛ Պարսկաստանին, և՛ Հռոմին, և՛ հետագայում էլ Բյուզանդիային: Հաղթել է և՛ միավորվելով մեկ հարևանին ընդդեմ մյուսի, և՛ մենակ, ինքնուրույն: Եվ եթե նա նմանվեր մյուսներին, ձգտեր դառնալ կայսրություն, ապա ընդամենը նվաճելուց հետո պիտի հետ չտար տարածքները: Չէ՞ որ անցյալում պատերազմները սովորական երևույթ էին, կարող էին լինել ամեն տարի, կատարվում էին հիմնականում ավարառության նպատակով, մեծ մասամբ չէին հետապնդում տարածքներ խլելու նպատակներ: Մտնում էին երկիր, զորքին հաղթում, երկիրը գրավում, հարստությունները կողոպտում և հետ վերադառնում իրենց երկիրը: Դրանով գրավողը հնարավորություն էր տալիս պարտվող երկրին նորից աշխատելու, նոր արժեքներ ու հարստություններ ստեղծելու, որպեսզի հաջորդ տարի ինքը գար և նորից կողոպտեր, այդպիսով ապրեր ուրիշի աշխատանքի հաշվին: Դա չարիք էր, բայց չարիքի նվազագույնը, որովհետև պարտվողը նորից վերագտնում էր իր անկախությունը, հաջորդ տարի նորից հնարավորություն էր ունենում պաշտպանելու իրեն: Իսկ կայսրությունները ստեղծվում էին այդ կարգի խախտումով, այսինքն` հաղթողը չէր հեռանում, նպատակ էր ունենում գրավել և իրեն բռնակցել ուրիշի տարածքները, զրկել տվյալ ազգին անկախությունից, ստորադասել իրեն: Դա չարիքի առավելագույնն էր, տվյալ ազգի ագահության, անկշտության, գազանության, անմարդկայնության, անազնվության հատկանիշներով ախտահարվածության նշան: Այդպես առաջացան Պարսկական, Հռոմեական, Բյուզանդական, Արաբական, Մոնղոլական, Օսմանյան, Ռուսական, Անգլիական կայսրությունները: Իսկ եթե Հայաստանը իր հարևանին հաղթած ժամանակ նպատակադրվեր յուրացնել նրա տարածքները, վերացնել նրա թագավորությունը, իսկ հետո էլ նույն կերպ վարվեր մյուս պարտված հարևանի հետ, ապա հիմա ինքը միակը կլիներ տարածաշրջանում: Բայց այդպես չվարվեց: Հիմա, դարերի հեռավորությունից դրա պատճառները փնտրելիս ուշադրություն է գրավում նման վարվելակերպի անհամապատասխանությունը հայ ազգի էությանը: Հայը չէր կարող իրեն թույլ տալ ապրել ուրիշի հաշվին, այլ ինքը պիտի ստեղծեր, ըստ որում ստեղծեր և՛ իր համար, և՛ ուրիշների: Իսկ ուրիշներին տարածքներից չզրկելով նա խաղաղ գոյակցության քարոզչություն էր անում, սովորեցնում ուրիշներին մարդավայել կյանքին, ոչ թե գազանային, որում միշտ ուժեղը հոշոտում է թույլին: Իր այդ ոչ նվաճողական քաղաքականությամբ նա խաղաղություն և խաղաղասիրություն էր քարոզում, օրինակ էր ծառայում ուրիշներին, որին, ցավոք, ոչ բոլորն էին ընդօրինակում: Բայց միջին վիճակ չէր կարող լինել, կամ հզորանալ էր պետք կյանքի պայքարին դիմանալու համար, կամ տուժել մինչև համարյա վերանալու չափ, ինչպես որ եղավ փաստացի:

Այո, հայերը չէին հարձակվում ուրիշների վրա նրանց ստրկացնելու նպատակով: Գուցե դա արվում էր ենթագիտակցաբար, որովհետև եթե իրենք էլ հարձակվեին ուրիշների վրա, ապա ոչնչով չէին տարբերվի ուրիշ ազգերից, այս աշխարհի շարքային գիշատիչ գազաններից, իսկ դա վայել չէ հայ ազգին, որը պիտի առանձնանա ուրիշներից իր մարդկայնությամբ, մարդասիրությամբ և հոգատարությամբ նաև ուրիշ ազգերի մարդկանց նկատմամբ: Իսկ ուրիշներից ավելի բարձր մարդ կամ ազգ լինելու համար վճարել էր պետք, քանի որ ոչինչ հենց այնպես չի տրվում: Եվ հայ ազգը վճարեց իր երկրի տարածքներով ու ազգի մարդկանց զգալի քանակով:

5

Հայաստանի վատ ճակատագրի պատճառներից մյուսը սխալ պաշտպանական ռազմավարությունն էր, բերդերն ու ամրոցները անմատչելի վայրերում՝ սարերի ու բլուրների գագաթներին, ժայռերի կատարներին կառուցելը: Չէ որ նույնիսկ դրանք չփրկեցին երկիրը և ազգին պարտություններից ու կործանումներից: Բնակավայրերի, բերդերի, ամրոցների, պաշտպանական ամրությունների կառուցման ճիշտ ռազմավարությունը պետք է լիներ այնպիսին, որ դրանք տեղադրվեին ճանապարհների վրա, հարթավայրերում, անցուդարձի բանուկ մասերում, թշնամիների հարձակումների հնարավոր ուղղությունների վրա, որպեսզի դրանք իրենցով խոչընդոտեին նրանց մուտքը երկիր, փակեին թշնամիների առաջխաղացումների ճանապարհները, թույլ չտային նրանց առաջ գնալ և ավիրել չամրացված, անառիկ վայրերում չգտնվող բնակավայրերը, որոնք, անկասկած, բացարձակ մեծամասնություն էին կազմում անմատչելիորեն պաշտպանվածների համեմատությամբ: Այլապես ոչ մի օգուտ չկա նրանից, որ նահանգապետը փրկվի, իսկ նահանգը կործանվի, իշխանը փրկվի, իսկ իշխանությունը կործանվի, թագավորը փրկվի, իսկ պետությունը կործանվի: Պետք էր պաշտպանել քաղաքի բնակիչներին, այլ ոչ թե միայն քաղաքապետին միջնաբերդում: Պետք էր պաշտպանել նահանգի բնակիչներին, այլ ոչ թե միայն նահանգապետին կամ իշխանին անառիկ բերդում: Եվ, ի վերջո, պետք էր պաշտպանել ամբողջ երկրի բնակիչներին, այլ ոչ թե միայն թագավորին որևէ անմատչելի ժայռի գագաթին: Չէ՞ որ եթե աստիճանաբար պակասեց երկրի բնակչությունը կոտորածների և գաղթի միջոցով, ապա նույնիսկ մեծաքանակ անառիկ բերդերը չփրկեցին երկրին վայրի քոչվոր ցեղերի բաժին դառնալուց: Եվ այդ բոլոր ամրոցներն ու բերդերը ոչ մի զորություն չունեին առանց բնակչության: Դրանք չէին կարող փրկել դատարկված երկրին, թուլացած ազգին, անտեր մնացած պետությանը:

Պետք էր ազգին կազմակերպել այնպես, որ այն պաշտպաներ ինքն իրեն, ոչ թե թագավորը պաշտպաներ ինքն իրեն, պետք է իշխանության բնակչությունը պաշտպաներ ինքն իրեն, ոչ թե իշխանը պաշտպաներ միայն իրեն: Ցանկացած ղեկավար պետք է պաշտպաներ իր հպատակներին, ոչ թե միայն իրեն, որովհետև առանց նրանց ինքն ու՞մ պիտի ղեկավարեր, և ու՞մ էր պետք լինելու ինքը: Ոչ ոքի:

Չէ՞ որ թշնամին կարող էր նույնիսկ կանգ չառնել որևէ ժայռի ծերպին թառած բերդի մոտ, այլ մտնել երկիր և գրավել այն, ասպատակել երկիրը: Իսկ բերդը որքա՞ն կարող էր դիմանալ առանց թշնամու հետ առճակատման: Իհարկե, ոչ երկար:

Պետք էր անառիկ ամրոցի վերածել ամբողջ երկիրը, ոչ թե միայն մեկ ընտանիքի կամ գերդաստանի, կամ տոհմի բնակավայրը: Պետք էր անմատչելի պարիսպներ կառուցել ամբողջ երկրի շուրջը և դրանով ապահովագրել ամբողջ ազգին: Պետք էր բնակավայրերը տեղադրել այդ պարսպի երկայնքով և սահմանել ամեն մեկի պատասխանատվության սահմանները: Օինակ, ենթադրենք, ամեն գյուղ կարող էր պաշտպանել պարսպի տասը կիլոմետրանոց հատված, իսկ ամեն քաղաք՝ քսան: Այդպիսի հաշվարկով էլ պետք էր տեղադրել բնակավայրերը համահայկական պարսպի ներսի կողմում, որպեսզի բնակավայրերն իրենք իրենց պաշտպանեին, ոչ թե վտանգի պահին թաքնվեին ամեն մեկն իր թաքստոցում, չանհանգստանալով մնացածների մասին, ոչ թե թառեին որևէ սարի գագաթին, իսկ երկիրը նվիրեին թշնամուն: Եվ այդ դեպքում սահմանը կվերածվեր արգելապատնեշի, որին բախվելով կփշրվեին թշնամիների զորությունները: Նաև երկրի ուժերը կօգտագործվեին ավելի արդյունավետ, մեկ գյուղը կարող էր պաշտպանել մի ամբողջ երկիր: Եթե նույնիսկ չկարողանար երկար պաշտպանել, ապա գոնե կկասեցներ թշնամական բանակի առաջխաղացումը, մինչև հայկական բանակի օգնության գալը և համախմբված, ամբողջ երկրի ուժերով պաշտպանության կազմակերպումը: Որպեսզի արդյունքում փրկվեր ամբողջ երկիրը, ազգը, պետությունը: Թե չէ կորցրինք ազգի մեծ մասը, երկրի 10/11-րդ մասը, իսկ պետությունը կա, բայց շատ փոքր ու շատ թույլ է, որի հետ հաշվի չեն նստում նույնիսկ հարևանները, առավել ևս աշխարհի հզորները: Այնինչ, մի ժամանակ տարածաշրջանի, իսկ քանի որ մեր տարածաշրջանը աշխարհի գլխավոր տարածաշրջանն էր, հետևաբար նաև աշխարհի հզորների շարքում էինք, իսկ ժամանակ առ ժամանակ նաև ամենահզորն էինք:

6

Հետամնացությանը նպաստող պատճառներից մեկը եղել է երկար դարերի ընթացքում պետություն չունենալը: «Երբ մի ժողովուրդ չի ունենում իր սեփական ազգային պետությունը՝ լավը թե վատը, և ենթարկված է լինում մի ուրիշ ժողովրդի պետության, նրա մեջ առաջանում են վատ հատկություններ՝ ստրկամտություն, օտարամոլություն, նյութապաշտություն, հոգեկան անբարոյականություն: Սա է ազգային պետություն չունենալու ամենաբացասական հետևանքը» [1, էջ 91]: Լավ է, որ այս պատճառն այժմ վերացել է, ուրեմն հույս կա, որ դրա բացասական հետևանքներն էլ շուտ թե ուշ կվերանան:

Շարունակելի

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Գրականություն

1. Իշխանյան Ռ. Ա. Պատկերազարդ պատմություն Հայոց: Գիրք Բ: Զրույցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031