Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ի՞նչ իրավունքով է դպրոցներում Ցեղասպանություն դասավանդվելու»

Մարտ 01,2017 17:17

Aravot.am-ը Անուշ Սեդրակյանին խնդրեց կարծիք հայտնել իբրեւ քաղաքական գործիչ եւ «Մաքսեդան» կրթահամալիրի տնօրեն՝ դպրոցներում Ցեղասպանության մասին դասընթաց, առարկա մտցնելու վերաբերյալ:

«Որպես կրթության եւ քաղաքականության հետ հավասարաչափ կապ ունեցող մարդ ես ուզում եմ այդ հարցը դիտարկել աստիճանական փուլային զարգացմամբ: Փուլ առաջին՝ խոսքը գնում է երեխայի հոգեբանության մասին: Այսինքն, պատմական գործընթացը մանրամասնորեն ներկայացնելը, այդ թվում Ցեղասպանության գործընթացը դարձնելը կրթական գործընթացի մաս, նշանակում է՝ երեխայի հոգեբանության մեջ սերմանել հավերժական զոհի, հավերժական խոցվածի կարգավիճակի մի մարմնավորում, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դա ե՛ւ պատմական ազգային վրիժառությունն է, ե՛ւ պետությունը ներկա ասպեկտում տեսնելու անկարողությունը, դա սեփական կյանքի եւ ազգի ճակատագրի հոռետեսական տեսլականն է:

Ուզում եմ հիշեցնել, որ հրեական դպրոցներում ընդհանրապես խուսափում են խոսել հրեական ցեղասպանության մասին: Դա ոչ թե շարքային քաղաքացու խնդիրն է, այլ պատմաբանի, քաղաքական գործչի, դիվանագետի, նաեւ ցեղասպանության զոհը հանդիսացող ժառանգորդների: Մտցնելով այդ առարկան Հայաստանի դպրոց՝ մենք դարձյալ, հերթական անգամ աղավաղում ենք պետական օրակարգը»,-ասաց տիկին Սեդրակյանը:

Խնդրին որպես քաղաքական գործիչ անդրադառնալով էլ՝ հավելեց. «Տարիներ, հազարամյակներ շարունակ Հայաստանում ծաղկել է կոռուպցիան, հովանավորչությունը, ազգային անկումը, սահմանների նեղացումը զուտ այն պատճառով, որ չենք անդրադարձել իրատեսական, քաղաքական օրակարգերին, երբեւէ չենք խոսել Հայաստանի սոցիալ-տնտեսական ծրագրերից, նաեւ այն մասին, որ դպրոցներում կարելի է դասավանդել Հայաստանի տնտեսության տեսլականները, բիզնես-հնարավորությունները, ներդրումային դաշտը, քաղաքականությունը…

Եվ ի վերջո ի՞նչ իրավունքով է դասավանդվում ցեղասպանություն, մի բան, որտեղ մենք ունենք հոգեբանական եւ պարտվողական վիճակ, ինչո՞ւ , օրինակ, չի դասավանդվում Ղարաբաղյան հերոսական պատերազմը՝ իբրեւ ներկա օրակարգի մաս, իբրեւ Հայաստանի ժողովրդական հաղթանակի ապացույց:

Բազմիցս է խոսվել այն մասին, որ Ցեղասպանությունը չպետք է դառնա Հայաստան պետության պետական եւ քաղաքական ներկայիս օրակարգ, ու հիմա էլ դա մտցնում են դպրոցներ՝ երեխաներին իրական օրակարգից շեղելով դեպի կեղծ օրակարգ: Երեխաների խնդիրը չէ իրենց ծնողների, պապերի, սխալված կուսակցությունների սխալները սովորելը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    անցեալ երեք սերունդների պարագային, եթէ այդ ձեւով չդաստիարակուէին հայ երեխաները, այսօր լիովին մոռացուած կը լինէր Հայոց Ցեղասպանութիւնը, Հայաստանից դուրս՝ ոչ մի հայ մնացած չէր մնար, իսկ Հայաստանում, ազգային գիտակցութեամբ դեռ նուազ բնակչութիւն կը մնար…

    . «Բազմիցս է խոսվել այն մասին, որ Ցեղասպանությունը չպետք է դառնա Հայաստան պետության պետական եւ քաղաքական ներկայիս օրակարգ»

    իրապէ՞ս… եւ ո՞վ է հաստատել ասիկա…

    . «Երեխաների խնդիրը չէ իրենց ծնողների, պապերի, սխալված կուսակցությունների սխալները սովորելը»

    ոհ… ուրեմն միայն այդ կայ, Ցեղասպանութեան նիւթում. չկա ցեղասպան, չկա դահիճ, չկա տակաւին մինբեւ օրս այդ ծրագիրը շարունակել ցանհացող թշնամի… կան միայն մեր պապերի սխալները»

    անտանելի մօտեցում

    հայի դասական ինքնատեացութիւն

    • Հ.Շ. says:

      «կրթահամալիրի տնօրեն», հա՞…

      որ, ի միջի այլ խղճալի խօսքերի,
      առանց ամաչելու,
      լրագրողին եւ հանրութեան յայտնում է՝

      «Բազմիցս է խոսվել այն մասին, որ Ցեղասպանությունը չպետք է դառնա Հայաստան պետության պետական եւ քաղաքական ներկայիս օրակարգ»

      միայն որպէս սկզբնակէտ, փաստօրէն Տիկին Տնորէնուհին չէ կարդացած անգամ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագիրը (1990), որու 11րդ յօդուածը տառացիօրէն հաստատում է ՝

      «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:»

      Միայն ու անվերջ լսում ենք «իշխանափոխութեան» մասին: Աւելի արդիւնաբեր եւ նոյնիսկ օգտաշատ կը լինի այսպիսի «տնօրէններ»ից ձերբազատուիլը, որպէսզի Հայասանում վերականգնի մտային զարգացման մակարդակը: Եւ մի ասէք թէ երկու նութերի իրարու շաղկապուած են. հարկաւոր ճնշումով, վստահաբար շատ աւելի հեշտ է ձերբազատուիլ այսպիս ստորադաս վարչականներից, քան թէ ամբողջ վարչակարգից: Նոյնիսկ երկրորդին գործին կու գայ առաջինները «զոհել», գոհացում տալու համար Հայութեան…

  2. Մուրադ Իսկաջյան says:

    Միայն այն, որ տիկին տնօրենը կարծում է, որ Հայերի ցեղասպանությունը հետևանք է. «ծնողների, պապերի, սխալված կուսակցությունների սխալների», դրանով բավարար է հիմնավորել, որ ցեղասպանության մասին ավելին պետք է սովորեցնել դպրոցներում, քան տիկին Անուշ Սեդրակյանը գիտի։ Ինչ վերաբերում է առարկայի անվանմանը, այն ցանկալի կլիներ կոչել. «Ցեղասպանությունը և Հայ Դատի պաշտպանությունը»։ Նաև «հրեական դպրոցների» մասին տնօրենուհու ասածը, մեղմ ասած, բնավ չի համապատասխանում իրականությանը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031