Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցականների լուսանկարն ընդդեմ ՀՀԿ-ականների ծեծ ու ջարդի

Մարտ 01,2017 16:58

Շիրակի մարզի ՀՅԴ կառույցը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է շիրակցի վարկանիշային թեկնածուների համատեղ լուսանկարը՝ հրապարակելով բոլորի անուն-ազգանունները։

Aravot.am-ը թեկնածուներից հետաքրքրվեց, թե լուսանկարն արվել է գովազդի՞ համար, թե՞ քաղաքական ենթատեքստ ունի. Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների միջև տեղի ունեցած կռվի ֆոնին ՀՅԴ-ն այս լուսանկարով ուզում է ցույց տալ, որ իր թեկնածուները համերա՞շխ են, չեն պայքարելու միմյանց դեմ, այլ պայքարելու են կուսակցությանը ձայներ բերելու համա՞ր։

Թեկնածուներից անկուսակցական Կարլեն Աբրահամյանը, որը Շիրակի մարզպետի խորհրդականն է, ասաց, որ իր տեղեկանալով՝ վարկանիշային թեկնածուների մարզային թիմը ՀՅԴ գրասենյակում լուսանկարվել է գովազդի համար։ Ըստ մեր զրուցակցի, բացի կոլեկտիվ լուսանկարից, բոլոր վարկանիշային թեկնածուներին հատ-հատ լուսանկարել են։

Իսկ մարզպետարանի գյուղվարչության պետ, դաշնակցական Մովսես Մանուկյանը, որը վարկանիշային ցուցակում 9-րդ տեղն է զբաղեցնում, լսելով մեր հարցն, ասաց. «Այո, լուսանկարի իմաստը ճիշտ եք ընկալել, մեզ մոտ նման բան չկա, բացառվում է մենք մեկս մյուսիս դեմ դուրս գանք։ Կոնկրետ իմ համար բացարձակ նշանակություն չունի 15-ի մեջ ես 15-րդն եմ, թե 12-րդը, թե առաջինը։ Նկարը հենց դա է խորհրդանշում, որ ոչ մեկս մյուսիս չենք խանգարելու, դա է մեր մոտի կարգուկանոնը, զինված ուժերում ինչպես է կարգ ու կանոնը, ճիշտ այդպես Դաշնակցությունում է։ Մեր կուսակցությունը որոշում է կայացրել՝ ցանկացած ընկեր իրավունք չունի մյուս ընկերոջ քվեին կպնելու, անգամ ինչ-որ խոսք ասելու։ Ինձ համար տարբերություն չկա՝ ձայնը գնում է Կուրղինյան Աշոտին, Իգիթյան Արծրունին, թե՞ Մանուկյան Մովսեսին, ինձ համար բացարձակ նշանակություն չունի։

Մենք Շիրակի մարզում պետք է ապահովենք այն քանակությամբ ձայն, որպեսզի կարողանանք ունենալ պատգամավոր, մեզ համար ամենակարևոր խնդիրը ՀՅԴ-ի համար շատ քվե ապահովելն է։ Դաշնակցությունը ընկերվարական կուսակցություն է, մենք ընկերներ ենք՝ անկախ նրանից, մեկս մյուսիցս նեղացած ենք, նեղացած չենք, մեկս ինչ մեքենա ենք վարվում, մյուսն ինչ ունեցվածք ունի։ Դրանք երկրորդական բաներ են մեզ համար: Այսօր ՀՅԴ -ի ռեյտինգային ցուցանիշն է հարկավոր, որ մեր մարզում ապահովենք բավականին բարձր ցուցանիշ, ամենակարևորը դա է, իսկ բարձր ցուցանիշի արդյունքում մեր վարկանիշային ցուցակի առաջին համարը, ով էլ նա լինի, կապ չունի ով կլինի, դառնա Ազգային ժողովի պատգամավոր։ Մերը ընկերվարություն է, միասին կհավաքենք բավարար ձայն, հետո տնով կհավաքվենք, կորոշենք՝ ով կգնա պատգամավոր, դա արդեն մեր ներքին խնդիրն է։ Մեզ համար կարևորը պետության կառուցման գործում մասնակցություն ունենալն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031