«Մարտի 21-ին՝ պոեզիայի համաշխարհային օրը, Հայաստանի գրողների միությունը գրական մարաթոն է կազմակերպելու, տեսնելու համար, արդյոք այսօր մարդիկ հետաքրքրված են դրանով»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Նար-Դոսի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացման իր ելույթի ժամանակ:
Պարոն Միլիտոնյանն ասաց, որ պետք չէ քաղաքական ընտրությունների պատճառով մտածել, որ հարկ չկա մեծանուն հեղինակների ծննդյան տարեդարձը նշել: «Գրողն ավելի բարձր երևույթ է, քան որևէ քաղաքականություն: Քաղաքականություններն անցնում են, մնում է Տոլստոյը, մնում է Չարենցը, Իսահակյանը, Թումանյանը… Նրանք ավելի մեծ էին, քան տվյալ ժամանակաշրջանի գրողները»,- ասաց նա:
Հայաստանի գրողների միության նախագահի խոսքով Նար-Դոսի պարզ, արտաքինից անպաճույճ թվացող ստեղծագործությունների մեջ այնպիսի շոշափելի մեխեր կան, որ մարդուն «ցավեցնում են». «Օրինակ՝ Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» ստեղծագործության հերոսի՝ Պատրիկյանի կերպարը բավականին մոտ է այսօրվա հայ մտավորականների, գրողների կերպարին: Գրախանութներում այսօրվա գրողների գրքերը միայն փոշոտվում են, քանի որ մարդիկ չեն կարդում նրանց ստեղծագործությունները, որքան էլ որ լավը լինեն: Հազվադեպ գրականագետներ են կարողանում գնահատել, ճշգրիտ դատել այդ գործերը»:
Անդրադառնալով ժամանակակից արձակին՝ պարոն Միլիտոնյանը նշեց, որ ներկայիս հեղինակները հստակ հարվածի պես պիտի գրեն, առանց ընթերցողին մոլորեցնելու. «Կյանքը պիտի տեսնենք, ապրենք ու երրորդ աչքով այդ կյանքը ներկայացնենք առանց բարդացումների»:
Կարդացեք նաև
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ