Քաղաքացին հոկտեմբերի 1-ից ստիպված չի լինելու հիվանդության պատմությունը թղթային տարբերակով իր հետ մի բուժհիմնարկից մյուսը տանել: Նրա հիվանդության պատմությունը, այսպես ասած` «անկետան» լինելու է էլեկտրոնային տարբերակով եւ այնտեղ նշվելու է պացիենտի հետ կատարված ցանկացած բժշկական գործողություն` ինչ հետազոտությունների է ենթարկվել, ինչի համար` որքան գումար է վճարել, ինչ դեղամիջոցներ են նրան նշանակվել, ինչպիսի բուժում եւ այլն:
Անձի թույլտվությամբ, այս կամ այն բուժհիմնարկի բժիշկը կարող է մուտք գործել միասնական էլեկտրոնային համակարգ եւ ծանոթանալ հիվանդի պատմությանը:
Aravot.am-ի հարցին`տարբեր գնահատականներով առողջապահության ոլորտը` մասնավորապես բուժհիմնարկներում կոռուպցիան բարձր մակարդակ ունի, արդյոք էլեկտրոնային միասնական համակարգը, որտեղ բուժանձնակազմը պարտավոր է հիվանդի հետ կատարած ցանկացած գործողություն ֆիքսել, կնվազեցնի՞ կոռուպցիան ոլորտում, այսօր «Sputnik Արմենիա» մամուլի ակումբում հյուրընկալված էլեկտրոնային առողջապահության ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը պատասխանեց` առողջապահության նախարարության կողմից թափանցիկության ապահովումը որպես գերակա խնդիր է դրված:
«Քաղաքացուն թույլ ենք տալիս, որպեսզի իրենք վերահսկեն իրենց մատուցված ծառայությունների ֆինանսավորման աղբյուրները եւ կոռուպցիոն ռիսկերը բացառվեն: Եթե ես կարողանում եմ մուտք գործել իմ անձնական բժշկական պատմությունը եւ այնտեղ տեսնել, թե ինձ ինչ բժշկական ծառայություններ են մատուցվել եւ այդ ծառայությունների համար ով է ֆինանսավորել, ես եմ վճարել, թե պետական պատվերի շրջանակներում ինձ անվճար ծառայություն են մատուցել, կամ գուցե, որոշ դեպքերում, ես վճարել եմ, բայց փաստացի, բժշկական հաստատությունը նաեւ գումարը ստացել է պետպատվերի շրջանակներում, նման դեպքերն արդեն կարող են բացառվել»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Գեւորգյանի, համակարգում արդեն իսկ զետեղված են 480 բժշկական հաստատությունների տվյալներ: Համակարգից օգտվելը քաղաքացիների համար լինելու է անվճար: Համակարգից առցանց օգտվելու համար քաղաքացին պետք է ունենա նույնականացման քարտ: Ամեն մեկը կարող է մուտք գործել իր տվյալների բազա:
Հարցին, թե քաղաքացին կարո՞ղ է բազայում առկա իր տվյալները հանել կամ ավելացնել, փոփոխել, Վարդան Գեւորգյանն ասաց, որ նման բան չի կարող լինել եւ որ միայն բժիշկը կարող է այնտեղ գրառումներ անել:
Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին: Հենց այդ ռեգիստրի տվյալների հիման վրա էլ իրականացվում են քաղաքացիների նույնականացումը եւ գրանցումը էլեկտրոնային համակարգում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ