Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ N զորամասին մատակարարված հացի իրական քանակը չի համապատասխանել հաշիվ-ապրանքագրերով ներկայացված տվյալներին

Մարտ 01,2017 16:50

ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին և պարենային ծառայության պետին՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու համար։

Թիվ N զորամասում հացի պակասուրդ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել ստուգումներ, դատահաշվապահական փորձաքննություններ, կատարվել գույքագրում։

Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՊԲ N զորամասին մատակարարված հացի իրական քանակը չի համապատասխանել հաշիվ-ապրանքագրերով ներկայացված տվյալներին. դրանցում ներառվել են կեղծ տվյալներ՝ մատակարարված հացի քանակը ներկայացնելով ավելի շատ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ Վ.Պետրոսյանը, ստորագրված պայմանագրերի հիման վրա N զորամասին հաց մատակարարող ՍՊԸ-ի պատասխանատու աշխատողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անձնակազմի համար անհրաժեշտ փաստացի մատակարարված հացի քանակը փաստաթղթով ներկայացնել ավել և գրանցված յուրաքանչյուր N քանակի  դիմաց ստանալ համապատասխան գումար։ Փոխգնդապետը, պարտավոր լինելով կազմակերպել և  վերահսկել զորամասում ստացված հացի սահմանված հաշվառման ու հաշվետվության կարգը, շահադիտական նկատառումներով հանձնարարել է նույն զորամասի պարենային ծառայության պետ, մայոր Է.Ալեքսանյանին ՍՊԸ ուղարկել արդեն իսկ զորամաս մատակարարված հացի վերաբերյալ ապրանքագրեր, որոնք վերադարձվել են մատակարարված հացի քանակն ավել ներկայացված կեղծ գրառումներով։ Վերադաս հրամանատարությանը ներկայացվել են զորամասում ըստ կաթսայական բավարարման համար անհրաժեշտ քանակից ավելի շատ հաց մատակարարվելու մասին, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վ.Պետրոսյանին և Է.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՍՊԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել այսօր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031