Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ լարված մթնոլորտ է (Տեսանյութ)

Մարտ 01,2017 16:42

Արմավիրի մարզում նախընտրական պայքարը սպառնում է հակամարտության վերածվել: Այդ ընտրատարածքում, հիշեցնենք, ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են Նահապետ Գեւորգյանը (Նովո), Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Հրանտ Գրիգորյանը:

ԲՀԿ-ից, ռեյտինգային ընտրակարգում հիմնական թեկնածուներն են Արայիկ Աղաբաբյանը, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) եւ Հրանտ Դավթյանը: Ընդ որում, ըստ խոսակցությունների, նախընտրական պայքարի կեղտոտ տեխնոլոգիաները ԲՀԿ-ականներն արդեն սկսել են կիրառել միմյանց դեմ: Օրեր առաջ բավական լուրջ եւ տհաճ խոսակցություն է եղել Արայիկ Աղաբաբյանի եւ Հակոբ Հակոբյանի միջեւ: Նախօրեին, պայթյունավտանգ մի իրավիճակ է առաջացել Արայիկ Աղաբաբյանի եւ Հրանտ Դավթյանի միջեւ:

Խնդիրն այն է, որ Հակոբ Հակոբյանը եւ Հրանտ Դավթյանն արդեն իսկ ոչ քաղաքակիրթ եւ ոչ կոռեկտ պայքար են տանում: Այն, որ Հրանտ Դավթյանը ընտրակաշառքներ է բաժանում արդեն երկու ամիս, Aravot.am-ն արդեն անդրադարձել է այդ հարցին:

Մարզում մեկնարկած նախընտրական մրցավազքի առիթով Aravot.am-ի հարցին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը պատասխանեց. «Ասենք, որ միապաղաղ, ամեն թեկնածու իր գործով է զբաղված, այդպես չէ: Նկատի ունենալով ստարտային իրավիճակը, նկատի ունենալով վաղվա օրը, հաստատ համոզված եմ, որ օր-օրի իրավիճակը սրվելու է: Կցանկանայի, որպեսզի այն չվերածվեր հակամարտության: Չեմ ասում, թե այս պահին պայթյունավտանգ է: Ուղղակի կցանկանայի, որպեսզի չլիներ այդպիսին»:

Այս ամենի հիմքում, ըստ մեր զրուցակցի, նոր Ընտրական օրենսգիրքն է, որը նախընտրական պայքարը տանում է նախ ներկուսակցական, ապա միջկուսակցական հարթություն: Արայիկ Աղաբաբյանը եւս համոզված է, որ 100 տոկոսանոց համամասնական կոչվող այս ընտրակարգն իրականում ուժեղացված մեծամասնական համակարգ է:

Անդրադառնալով Aravot.am-ի այն տեղեկություններին, որ մարզում գազի գրասենյակների աշխատակիցներից եւ մարզպետարանից դպրոցների եւ մանկապարտեզների կոլեկտիվների ընտանիքների անդամների անուն-ազգանունները եւ անձնագրային տվյալներն են հավաքագրում, Արայիկ Աղաբաբյանն ասաց, որ ինքը նման պաշտոնական տեղեկություններ չունի, բայց չի էլ զարմանում, անցած տարիների փորձը շատ «հարուստ» է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031