ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ի քննարկմանն են ներկայացրել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Մինասյանը: Նա ասաց, որ հաշվեքննիչ պալատի հիմնական գործառույթը բյուջեի կատարողականի հաշվեքննումն է: Հաշվեքննիչ պալատը պետք է հանրային ֆինանսների ոլորտում ստացված վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օրինական օգտագործման վերաբերյալ ԱԺ-ին մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնի:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունեց, որ այս հաշվեքննիչ պալատը պատժիչ մեխանիզմ չունի, հիմնական գործառույթն է աուդիտորական գործունեությունը, պետք է գնահատական իջեցնի, ոչ թե մեղադրանք:
Նա հարցրեց՝ երաշխիքներ կա՞ն, որ Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները այլեւս ԱԺ ամբիոնից հանդես չեն գա իրավական եւ քաղաքական գնահատականներով. «Իրավական եւ քաղաքական գնահատականների գործառույթը այս մարմնինը չէ: Մենք բավարար օրենսդրական հիմքեր ունե՞նք, որ այս ամբիոնում քննարկենք, բացառապես պրոֆեսիոնալ գործառույթներ իրականացնենք, ոչ թե մտնենք այլ լիազոր մարմնի դաշտ, ինչպիսին է դատախազությունը, կառավարությունը, Քննչական կոմիտեն»:
Կարդացեք նաև
Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե քաղաքական զսպվածություն չունենա այս մարմինը, կդադարի լինել այն բարձրության վրա, որը պետական կառավարման բոլոր մարմինները, հասարակությունն ու քաղաքական ուժերը աներկբա ընդունում են:
Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամներն իրավունք չունեն լինել կուսակցական, իրավական գնահատականներ չեն տալու, հրապարակային ելույթներում ցուցաբերելու են քաղաքական զսպվածություն:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ բա որ զսպվածություն չունեցավ, ի՞նչ եք անելու, արգելելո՞ւ եք խոսել, ասելու եք՝ կներեք, դուք ձեր լիազորությունները գերազանցո՞ւմ եք: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, օրենքը սահմանում է, որ եթե այդ նորմը խախտվում է, ինքը դադարում է Հաշվեքննիչ պալատի անդամ լինելուց: Դա օրենքի պահանջ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ