Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ դպրոցներում ցեղասպանություն կդասավանդեն

Մարտ 01,2017 15:54

ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը եւ Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը (լուսանկարում) ստեղծել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ քննարկվեց ԿԳ նախարարությունում՝ մարտի 1-ին:

Ձեռնարկն ի սկզբանե նախատեսված է եղել Սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով երաշխավորվել է գործածել նաեւ ՀՀ հանրակրթական դպրոցների համար:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Փիրումյանը ներկայացնելով ձեռնարկը՝ նշեց. «Հայաստանում ցեղասպանության դասավանդումը բավական երկար ճանապարհ է անցել: Անկախությունից հետո այս խնդիրը բարձրացվել է, որ Հայոց ցեղասպանությունն ու հայկական հարցը պետք է դասավանդվեն դպրոցում: Բավական երկար ճանապարհ կտրելուց հետո որոշ արդյունքի ենք հասել՝ շնորհիվ նախարարի: Այն ժամանակ էլ ԿԳ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր, երբ ինձ առաջարկեցին գրել դասագիրքը, որը մի քանի փուլ ունեցով՝ նախ Հայոց ցեղասպանության պատմությունը գրեցինք, որ ավելի բարձր դասարաններում պարապեն, եւ նոր պատմությունը, որ երեխաներին փոքր տարիքից կարելի է պարապել»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելը հոգեկան տրավմաների չի՞ բերի: «Այս հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք: Նկատի ունենալով այլ ժողովուրդների փորձը, օրինակ՝ հրեաներինը, կարեւորել ենք այն, թե ինչ մեթոդով եւ որքան պետք է ցեղասպանությունից խոսել երեխաների հետ: Ցեղասպանությունը բարդ հասկացություն է, եւ այդ հասկացությունը դասավանդելու համար երեխան պետք է մտավոր պատրաստություն ունենա: Զանազան թեմաներով երեխային պետք է պատրաստել: Օրինակ, առաջին դասարանում երեխան պետք է սովորի՝ ինչ է արդարությունը, ինչպես կարելի է դժվար վիճակից դուրս գալ, ինչ է կորուստը, ինչպես կարելի է հաղթահարել այն եւ այլն: Սրանք թեմաներ են, որ փոքր երեխաները կարող են ընկալել: Եվ երբ ապրիլն է գալիս, ուզենք, թե չուզենք, երեխաներն առնչվում են ապրիլի 24-ի, Ծիծեռնակաբերդի հետ: Արդեն այդտեղ կարելի է իրենց մտավոր պատրաստության մակարդակի սահմաններում խոսել՝ առանց արյունալի, սոսկալի տեսարանների: Մենք զոհի հոգեբանություն չի, որ տալիս ենք երեխաներին, ցեղասպանությունը մեր պահանջատիրության հիմքն է, չէ՞ որ մեր հանդեպ այդպիսի անարդարություն է կատարվել: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք, որն ամեն օր կրում է իր վրա այդ անարդարությունը: Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք եւ քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ չպետք է ատելություն սրսկել»,-հավելեց ձեռնարկի հեղինակը:

Նրա խոսքով, պետք է երեխաներին ցույց տալ, թե թուրքերն ինչու են ուրանում եւ նրանց ուրացումը պատմական առանցք չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. free thinker says:

    հաջորդ նորարությունն էլ կլինի «3 ռուբիլանոց լացի» դասավանդման մեթոդիկան ու առարկան

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Ինձ հետաքրքիր է՝ դա ում պարտադրանքն է: Շալակել ենք ահռելի մի մեռել ու գնում ենք: Ո՞ր ենք գնում: Մեռելը շալակին մարդը ո՞ւր է հասնելու: Ազգը ու՞ր է հասնելու: Ամենամեծ ցեղասպանությունը այսօր է տեղի ունենում: Միլիոնավոր հայեր հեռացել են ու հեռանում են Հայաստանից: Հայաստանի ներսում եղեռն է, Հայաստանից դուրս եղեռն է: Դրա մասին մտածեք հայոց ազգի համար մտահոգված տիկնայք և պարոնայք, այլ ոչ թե եղեռնի թեմայի վրա փող աշխատելու: Զզվելի եք…

  3. Մեսրոպ Թումանյան says:

    Ինձ նաև շատ հետաքրքիր է այս տիկինը և նրա որդիները հայերեն խոսում են, թե ոչ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031