ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու 2008թ. մարտի մեկին իրենց գաղափարների համար պայքարող մարդիկ զոհվեցին: «Մարտի 1»-ի իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը եւս անպատասխան է: Պարտք ունենք այդ անմեղ զոհերի առաջ: Ամենամեծ հարգանքի տուրքը նրանց հիշատակի առաջ կլինի այն, որ նման ողբերգություններ այլեւս չլինեն: Մեր երկրում «Մարտի 1» չպիտի լիներ»,-Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելուց հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ պետք է կարողանալ ձեւավորել լեգիտիմ իշխանություն, որը թիկունքում կունենա վստահության, եւ այդպիսի իշխանության պարագայում «Մարտի 1»-ի պես ողբերգություններ չեն լինի:
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք՞ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում ներառված է «Մարտի 1»-ի հարցը: «Չեմ կարծում, որ նախընտրական «բուկլետի» լեզվով պետք է խոսենք «Մարտի 1»-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, դա պետք է լինի առօրյա օրակարգում: Այն առկա է ԲՀԿ-ի օրակարգում այնքան ժամանակ, մինչեւ կա հարցը՝ ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»-ը»,-պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ. «Զոհված Սամվելի հոր հետ էի խոսում: Ասաց՝ իրենց համար կարեւոր է, որպեսզի ձեւավորենք այնպիսի իշխանություն, որպեսզի «Մարտի 1»-եր այլեւս չլինեն: «Մարտի 1»-ի պատասխանատուն նրանք են, ովքեր թույլ տվեցին, որ մեր երկրում լինի «Մարտի 1»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ