Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականություն կա. ԵԽ

Մարտ 01,2017 15:13

Եվրոպայի խորհուրդը մարտի 1-ին Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել, ըստ որի երկրի բնակչության և ազգային փոքրամասնությունների միջև, ընդհանուր առմամբ, գոյություն ունի հանդուրժողականություն և երկխոսություն: Այնուամենայնիվ, տնտեսական բարդությունները շարունակում են բացասական ազդեցություն թողնել բնակչության վրա. շատ ջանքեր են պահանջվում կրթությունը հասարակական բոլորի շերտերին հասանելի դարձնելու, վաղ տարիքում ստիպողական ամուսնությունների քրեականացման համար:

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում խորհրդատվական կոմիտեն (FCNM) ընդունել է, որ Հայաստանի բնակչությունը և իշխանությունները հակված են քարոզելու հավասարության և ոչ խտրական սկզբունքներ:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ նոր Սահմանադրությունում հատուկ դրույթ կա ազգային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, բացի այդ Ընտրական նոր օրենսգրքով նախատեսվում է խորհրդարանում 4 տեղ հատկացնել ազգային փոքրամասնություններին:

Զեկույցը դրական է համարում նաև ազգային փոքրամասնությունների մշակութային նախագծերին և զանգվածային լրատվամիջոցներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Եվրոպայի Խորհրդի փորձագետների կարծիքով՝ բարձր գնահատականի է արժանի այն փաստը, որ չնայած տնտեսական դժվարություններին, Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիացի փախստականների, որոնք հիմնականում ունեն հայկական և ասորական ծագում:

Չնայած իշխանությունները նպաստում են ազգամիջյան հանդուրժողականությանն ու փոխըմբռնմանը հասարակությունում, Հայաստանը լայնորեն ընկալվում է որպես մոնոէթնիկ միատարր ու մոնո-կրոնական պետություն, ինչը , զուգորդվելով լրատվամիջոցների ուշադրության բացակայության հետ, սահմանափակում է փոքրամասնությունների տեսանելիությունը:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հարևանների հետ փակ սահմանները հանգեցրել են սոցիալ-տնտեսական դժվարությունների, որոնք հատկապես սուր են զգացվում մեկուսի լեռնային աղքատ շրջաններում, որոնք բնակեցված են հիմնականում եզդի փոքրամասնությամբ։ Եզդիների թիվը վերջերս կտրուկ նվազել է արտագաղթի պատճառով։ Եզդի երեխաների, հատկապես աղջիկների, դպրոց չհաճախելու ցուցանիշները շարունակում են բարձր լինել։

ԵԽ փորձագետները Հայաստանի իշխանություններին կոչ են անում կրկնապատկել ջանքերը՝ եզդի երեխաների կրթության հասանելիության դժվարությունները վերացնելու համար: ՀՀ իշխանություններին առաջարկում են նաև ապահովել ազգային փոքրամասնությունների ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ նոր օրենքի մշակման գործընթացում, խրախուսել ազգային փոքրամասնությունների լեզվի կիրառումը տեղական կառավարման մարմինների հետ շփումների ժամանակ, հետագա մարդահամարի ժամանակ ներդնել տարբեր էթնիկ պատկանելիություն, ինչպես նաև վերանայել քրեական օրենսդրությունը՝ ռասսայական ատելությունն ու ատելության այլ դրդապատճառները դարձնելով ծանրացուցիչ հանգամանք բոլոր հանցագործությունների պարագայում։

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031