Aravot.am-ի հարցին՝ Վարդան Օսկանյանի մեղավորությունը Մարտի 1-ի հարցում դուք տեսնո՞ւմ եք՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ուշագրավ պատասխան տվեց: Նա ասաց. «Եթե խոսքը քրեական պատասխանատվության մասին է, ես դատավոր չեմ: Դրա լուծումը կարող է տալ միայն դատարանը եւ օբյեկտիվ քննությունը: Քաղաքական պատասխանատվություն բնականաբար այդ օրվա իշխանությունները կրում են, նաեւ բոլոր ուժերը, որոնք կոալիցիայի մեջ են եղել այդ ժամանակ իշխանությունների հետ: Սա միանշանակ է: Քաղաքական պատասխանատվություն կրում են: Եվ իրենք պետք է բացատրեն իրենց դիրքորոշումը, իրենց քաղաքական պատասխանատվության չափը, իրենք պետք է տան իրենց մասնակցության պատասխանատվության հետ կապված բոլոր հարցերի պարզաբանումը»:
Այս պատասխանը ուշագրավ է այն առումով, որ Լեւոն Զուրաբյանը պարզ հայտարարեց, որ պատասխանատվություն Մարտի 1-ի համար միանշանակ կրում են իշխանությունների հետ այն ժամանակ կոալիցիայի մեջ եղած ուժերը, այսինքն՝ նաեւ ԲՀԿ-ն: Մինչդեռ, երբ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցում էր, սիրախաղի մեջ էր՝ ընդդեմ իշխանության, ամեն կերպ մաքրում էր ԲՀԿ-ի մասնակցությունը Մարտի 1-ին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդ ժամանակ լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որին 2008-ի մարտի 1-ի կազմակերպման մեղավորներից էր համարում, պատասխանել էր՝ «Ես գնահատում եմ ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումները՝ կոալիցիայից դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու գործում: Ձեր ասած մեղադրանքը կարող է լինել նաեւ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-նկատմամբ: Ես ընդունում եմ նրանց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձեւավորելու համար, եթե ԲՀԿ-ն ունի որոշակի ձայներ եւ հայտարարում է հակաիշխանական կոալիցիա, ես ողջունում եմ»:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն էր կանգնած մարտի 1-ի կազմակերպման հետեւում, պարոն Մանուկյանն այսպես էր պատասխանել. «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել եւ նրան աջակցող ուժերի: Այնտեղ քաղաքական ուժ աշխատու՞մ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Կարդացեք նաև
Իսկ ՀԱԿ-ի մյուս անդամները, այդ թվում՝ Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին ազատում էր Մարտի 1-ի պատասխանատվության բեռից՝ ասելով, որ եթե ԲՀԿ-ն կողմ է քվեարկել ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին, ուրեմն կողմ է Մարտի 1-ի բացահայտմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ