«Մարտի 1»-ի չբացահայտված քրեական գործերը դառնում են շահարկման առարկա. ԱԺ ընտրություններին մասնակցող իննը կուսակցություններից ութը հայտարարում են, որ բացելու են «Մարտի 1»-ի գործը: Սա ամրագրումն է այն բանի, որ այդ կուսակցություններն ասում են՝ ՀՀԿ-ն է այն խոչընդոտը, որը թույլ չի տալիս «Մարտի 1»-ի բացահայտումը: Միաժամանակ, այս ամենը շահարկում եմ համարում: Անհարմար եմ գտնում պատասխանել, որ եթե «ԵԼՔ»-ը գա իշխանության, կբացահայտի՞ այդ գործը»,-այսօր «Մարտի 1»-ի զոհերին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ («ԵԼՔ» դաշինք) Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Նրա բնորոշմամբ՝ դժվար է ասել՝ հնարավո՞ր էր կանխել այդ օրվա արյունահեղությունը. «Դեսպանների մակարդակով բանակցություններ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որոնց մանրամասներին տեղյակ չեմ: Ինքս չեմ ամաչում այդ օրերին իմ պահվածքի համար: Արել եմ ամեն ինչ, որ զոհերի թիվը քիչ լինի, որ Երեւանին քիչ վնաս պատճառվի, որ մարդիկ այդ օրը Տեր-Պետրոսյանի կոչից հետո կարողանան անվտանգ դուրս գալ եւ ոստիկանների թիրախում չհայտնվել»:
«Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններից հետո հնարավո՞ր է «Մարտի 1»-ի սցենարի կրկնություն» հարցին՝ Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մեր խնդիրն է՝ հանրությանը տեղ հասցնել, որ այս ընտրություններում ընտրում ենք երկրի առաջին դեմքին: Խորհրդարանն է դառնալու այն իշխանությունը, որն առաջադրելու է նախագահին: Սերժ Սարգսյանի հաշվարկները, կարծում եմ, սխալ են դուրս գալու: Հետընտրական գործընթացների չլինելու մի տարբերակ կա՝ արդար ընտրությունների կազմակերպում: Եթե դրանք կեղծվեն, քաղաքացին փողոց է դուրս գալու»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ «ԵԼՔ»-ը կլինի Ազատության հրապարակում, եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ