Վաշինգտոն – Փետրվարի 27-ին Հայկական ազգային ինստիտուտը (ANI) գործարկեց հանրության կողմից լայնորեն գործածվող՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը և ճանաչումը փաստագրող իր կայքի թուրքերեն տարբերակը, որը հասանելի է www.turkish.armenian-genocide.org հասցեով:
ANI կայքը տարեկան ավելի քան չորս միլիոն այցելություն է ունենում, և Թուրքիայից մուտք գործող մարդկանց թվաքանակը զգալի է: Քանի որ Թուրքիան պարբերաբար գրաքննության է ենթարկում արտասահմանյան ու տեղական կայքերը, և ANI կայքի անգլերեն տարբերակը հաքերային հարձակման էր ենթարկվել ժխտողականների կողմից, ANI-ի նոր կայքի թուրքերեն տարբերակը նախատեսված է թուրքալեզու ավելի լայն լսարաններին մուտքի հնարավորություն տալ, թե° Թուրքիայի Հանրապետությունում, թե° նրա սահմաններից դուրս: Թուրքալեզու կայքը կզուգակցի ANI կայքի առավել լայնորեն կիրառվող գործառույթներից շատերը: Առաջին փուլի համար թուրքալեզու կայքը ներառում է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների պաշտոնական փաստաթղթերի թարգմանություններ:
Հայոց ցեղասպանությունը պատմականորեն ճանաչած երկրների բանաձևերը, օրենքներն ու հռչակագրերն այժմ կարելի է կարդալ թուրքերեն լեզվով: Դրանք ներառում են 1915թ. մայիսի 24-ին Միացյալ դաշնակիցների հռչակագրից, որ վկայակոչում էր մարդկության դեմ հանցագործություններն այն ժամանակ, երբ ցեղասպանություն էր կատարվում, մինչև առավել արդի խորհրդարանական բանաձևեր, այդ թվում` 2016թ. Գերմանիայի խորհրդարանի բանաձևը, որը ճանաչում էր պատմական իրադարձությունները և ընդունում Գերմանիայի պատասխանատվությունն այդ հարցում: Ավելի վաղ այս ամիս Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը հաստատեց բանաձևի օրինականությունը:
§Ակնկալվում է, որ ANI կայքի թուրքերեն տարբերակը կնպաստի երկխոսությանը՝ ևս մեկ ուղի հարթելով դեպի պատմության ընդհանուր ընկալում, և ևս մեկ քայլ անելով դեպի հաշտեցում՝ անցյալի հետևանքների գիտակցությամբ՝ շարժվելով առաջ դեպի ապագա, որտեղ հարևան ազգերն ապրում են խաղաղությամբ¦, – հայտարարել է Հայկական ազգային ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանը:
Թուրքիայում ընթերցողները նաև տեղեկացված չեն Հայոց ցեղասպանության փաստը հաստատող թուրքերեն ծավալուն գրառումների մասին: 2004թ. Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) քննարկումները և իրավական վերլուծությունը տպագրվեցին թուրքերեն լեզվով: Դրանից հետո մի քանի գրքեր են տպագրվել, սակայն թուրքախոս անձանց համար ռեսուրսների հսկայական բաց կա:
ICTJ-ի իրավական եզրակացությունը թուրքերեն լեզվով հասանելի է նոր կայքում, որը ներառում է նաև Հաճախակի Տրվող Հարցեր (FAQ) բաժին և լուսանկարների հավաքածու: Բացի այդ, Ցեղասպանության հանրագիտարանի՝ Հայոց ցեղասպանության տարբեր բնագավառներին վերաբերող տվյալների բաժինը ներկայումս գործարկման փուլում է:
Կայքը կունենա նոր գործառույթներ, որոնք առանձնակի կհետաքրքրեն թուրքախոս ընթերցողներին: Ինստիտուտն ակնկալում է ընդլայնել կայքը նույն համակարգված ձևով և նույն օբյեկտիվ չափանիշներով, որոնցով ANI կայքն է ստեղծվել:
§Շատ խիզախ անհատներ բարձրաձայնել են, և որոշ խիզախ գիտնականներ օսմանական պաշտոնական փաստաթղթերի հիման վրա Հայոց ցեղասպանությունը փաստագրող նորարարական հետազոտություն են ձեռնարկել: Չնայած Հայոց ցեղասպանության պատմական կարևորության և մռայլ նախադեպի մասին համաշխարհային լայնածավալ քննարկման` առավել առաջընթաց է անհրաժեշտ Թուրքիայում, որպեսզի թուրքերը հասկանան և հաշտվեն սեփական իրական պատմության հետ», – հավելել է Գրիգորյանը:
Այս քաղաքականությունը շարունակում է լուրջ ներքին հետևանքներ ունենալ: Վերջերս հայկական ծագումով թուրք պատգամավոր Գարո Փայլանը պատժվել էր օրենսդիր մարմնում երեք նիստերի մասնակցության կասեցմամբ, որովհետև համարձակվել էր Հայոց ցեղասպանության հետևանքներին հղում կատարել հենց Թուրքիայում:
Հունվարին նրա կասեցումը գրեթե համընկավ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տասներորդ տարելիցի օրվա հետ. հանցագործություն, որը տարբեր առումներով մնում է չբացահայտված: Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժառանգության մասին իրազեկությունը բարձրացնելու Դինքի խիզախությունը քաջալերեց թուրքական լրատվամիջոցներից շատերին կրկին քննել հարցը՝ զայրացնելով ուլտրաազգայնականներին, ովքեր օրենքն իրենց ձեռքն առան:
Նոր կայքը նաև ներառում է ANI քարտեզը` թուրքերեն նշագրությամբ, ինչպես նաև այլ հանրահայտ բաժինների հղումներ, օրինակ՝ թվային ցուցանմուշներ և առցանց թանգարան:
Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը հայտարարել է. §Թուրքալեզու կայքը ստեղծվել է բազում աջակիցների՝ այդ թվում թարգմանիչների, խորհրդատուների և վեբ դիզայներների օժանդակության ու խրախուսման շնորհիվ, ովքեր օգնեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս տեղեկատվությունն ընթերցողների համար հասանելի դարձնել Թուրքիայում և այլուր: Շատ շուտով նոր թարգմանություններ կավելացվեն, և ակնկալում ենք ընդլայնել կայքն՝ արտացոլելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հսկայածավալ տեղեկատվությունը, որն արդեն հասանելի է ANI կայքում¦:
Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին Վաշինգտոնում` որպես կրթական բարեգործական 501(c)(3) կարգավիճակով հաստատություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը, հետազոտություններին և հաստատմանը:
Հայկական ազգային ինստիտուտ