Այսօր կայացավ «ԵԼՔ» դաշինքի անդամների երթը դեպի Մյասնիկյանի արձանի տարածք: Երթին, որը նվիրված է 2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին, մասնակցում էին նաեւ դաշինքի ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Մարտի 1»-ի սպանությունները մնում են չբացահայտված. «Տեղի ունեցածի մեղավորները երկուսն են՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը… ամենավատ մղձավանջում անգամ դժվար է հավատալ, որ իշխանությունները սեփական ժողովրդի դեմ մարտական զենք ու փամփուշտներ կօգտագործեին, բայց դա տեղի է ունեցել, մինչդեռ պետք է բացառվեր»:
Փաշինյանի խոսքով՝ քննությունը ցույց տվեց, որ Ազատության հրապարակում ցուցարարների մոտ ոչ մի զենք չի եղել. «Դրան հիմնավորում չտրվեց: Թեեւ հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ամեն ինչ նկարահանված է, ցույց կտան, բայց այդ նկարահանումները մինչ օրս չենք տեսել»:
Կարդացեք նաև
Փաշինյանի բնորոշմամբ՝ ներքաղաքական իրավիճակում լարվածության որոշակի նախադրյալներ կան, որոնք կապված են ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ի ներքին բախումների հետ, նաեւ՝ քաղաքացիների հաշվառման վայրերը փոխելու հետ. «Դա պետք է դադարեցնել, այլապես իրավիճակը կսրվի»:
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ-ը հանրահավաք է անելու Ազատության հրապարակում, որին «ԵԼՔ»-ը չի մասնակցելու: Դառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ ոչ թե մերժել են, այլ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ ցանկացանք, որ այս օրը չդառնա քաղաքական ուժերի՝ Ազատության հրապարակի համար պայքարելու ժամանակաշրջան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ