Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ինձ կգնդակահարեին ներսի տղաները, կամ դրսի ոստիկանները». ասել է «Հաց բերողը»

Մարտ 01,2017 14:03

Անահիտ Բախշյանը կոչ է անում ՀՀ իշխանություններին, Վեհափառին ազատ արձակել հանրության շրջանում «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին:

Հիշեցնենք, որ նա  անժամկետ հացադուլ է հայտարարել: Ի պաշպանություն Արթուր Սարգսյանի՝ մի խումբ երիտասարդներ այժմ նստացույց են անցկացնում: Այս իրավիճակը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Բախշյանը զուգահեռեց 2008-ի մարտի 1-ի հետ. «Մարտի 1-ը 3-րդ հանրապետության պատմության  ողբերգական օրերից մեկն է: Այս օրը մեկ անգամ էլ կարող ենք փաստել, որ երբ հասարակությունը ճնշված է,  չկա արդարություն, օրենք չի գործում, ապա ընդվզելու առիթներ ժողովրդի համար շատ են:  Ժողովուրդն իրավիճակն օրինական ընտրության ճանապարհով փոխելու ելք չի գտնում, ուստի դուրս է գալիս բողոքի, ընդվզելու տարբեր եղանակներով, ինչպես մարտի 1-ին, հուլիսին եղավ, որի վտանգավոր հետևանքներից մեկն էլ Արթուր Սարգսյանի՝ երկրորդ անգամ կալանավորումն էր»:

Տիկին Բախշյանի համար Արթուր Սարգսյանի կալանավորման վերաբերյալ դատախազության բերած հիմնավորումները արժանահավատ չեն. «Անմիջապես մտքումս բազմաթիվ դեպքեր են գալիս, երբ բացահայտ օրինախախտը, որի տեղը բոլորը գիտեն, ազատության մեջ է: Իսկ երբ Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը, այդ գեղեցիկ ածականը կրող մարդն է անազատության մեջ, դա նշանակում է, որ բոլոր այն արժեքները, որոնք կապված են սրբություն հաց գոյականի հետ, այս իշխանությունը ցեխոտում ու հերթական ընդվզման առիթ է տալիս»:

Տիկին Բախշյանը նշեց, թե խիստ մտահոգված է նաև այս ցրտին նստացույց անող երիտասարդներով:

Դառնալով իշխանության վարքագծին՝ ասաց. «Իշխանությունն ուզում է ասել, թե  ընդվզեք, միևնույն է, բոլորիդ կփակեմ, ու ոչինչ չի փոխվելու»:

Երգահան Եղիշե Պետրոսյանը Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու փաստը կապում է ընտրությունների հետ. «Նա որպես ակտիվ, շատ գնահատված ու սիրված մարդ, վտանգ էր ներկայացնում իշխանությունների վերարտադրության գործընթացի համար, ուստի որոշեցին նորից մեկուսացնել»: Ըստ պարոն Պետրոսյանի՝ մինչև մարտի 1-ն ամբողջությամբ չբացահայտվի, կեղծողը միշտ էլ իմանալու է, որ անպատիժ է մնալու, կկեղծի, գնդակահարողը կգնդակահարի:

Անդրադառնալով այն կասկածներին, եթե Արթուր Սարգսյանը միայն հաց էր տանում, թող հետո դուրս գար, Եղիշե Պետրոսյանը պարզաբանեց. «Ես Արթուր Սարգսյանի հետ բազում հանդիպումներ եմ ունեցել: Նա պատմում էր՝ հրաշք էր, որ չզոհվեցի, քանի որ իմ վրա կրակում էին հետևից: Նա պատմում էր, թե ուզել է թողնել ու փախչել, բայց հետո հասկացել է, որ իրեն կգնդակահարեն կամ ներսի տղաները կամ դրսի ոստիկանները»: Նա նշեց, թե անհանգիստ է Արթուրի համար, քանի որ մինչև վերջ գնացող մարդ է, Աստված չանի, մի բան պատահի նրան:

Ամփոփելով տիկին Բախշյանը նշեց. «27 պատգամավոր հանդես են եկել Արթուրի պաշտպանությամբ՝ կալանքը վերացնելու կոչով, մտավորականներն առանձին ստորագրահավաք են կատարել: Եթե այս բոլորին իշխանությունն անհաղորդ մնա, սա հրաշալի առիթ է, որ մեր ժողովուրդը գնա ու համատարած «ոչ» ասի ՀՀԿ-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031