«Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ կային սադրիչներ, որոնք ուղղորդված քայլեր էին կատարում»,-այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ 2008թ. մարտի մեկին նա ոստիկանին պաշտպանելու ժամանակ դանակահարվել էր:
«Սովորական դանակահարություն էր…քանի որ մարմնով փակել էի նրա կենսական օրգանները, պառկելով իր վրա՝ հարվածն ինձ վրա վերցրեցի: Մի երիտասարդ գոռաց՝ «Կանգնե՜ք, Արմեն Մարտիրոսյանն է, ոչ մեկ չխփի»: Դրանից հետո եղավ դանակի հարվածը, հետո պառկած էի…Ոստիկանին տարա «Վիվասել»-ի կողմը: Հասկացանք, որ նրան այլեւս վտանգ չի սպառնում…ոտքս արյունից թրջվել էր, գինու գործարանի մոտ «Ժիգուլի» կար, որով ինձ բերեցին հիվանդանոց»,-պատմեց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ մինչ օրս իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել: Եթե պետք լինի՝ էլի կպաշտպանի ոստիկանին, եւ էական չէ՝ նա ոստիկա՞ն է, թե քաղաքացի: «Երբ անհրաժեշտ է եղել, պաշտպանել եմ: Ոստիկանն էլ մեր քաղաքացին էր, որն այդ պահին անպաշտպան էր: Չեմ ընդունում անպաշտպան ոստիկանին բռնության ենթարկելը»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հիշելով «Սասնա ծռերի» դեպքը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ իր ցանկությունն է, որպեսզի որեւէ մեկը չցանկանա ուժով իրավիճակ փոխել: «Սասնա ծռերի» դասերը պետք է հաշվի առնել»,-համոզմունք հայտնեց «Ժառանգության» փոխնախագահը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը պետք էր. «Նա պետք է գար եւ որոշակի լուծումների գնար, իսկ թե ո՞ր ուղղությամբ՝ ինքը պետք է որոշեր»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ