Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ուրախ է, որ Օսկանյանն ու Օհանյանը Մարտի 1-ի բացահայտում են պահանջում

Մարտ 01,2017 12:46

Երեկ ԵԼՔ դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր, որ մարտի 1-ին հարթակում լինելու են մարդիկ, որոնք այդ օրը իրենց տանը նստած թեյ էին խմում: Նա ասել էր, որ ՀԱԿ-ի հետ բանակցություններ են վարել, որ ԵԼՔ-ը մասնակցի հանրահավաքին, բայց մերժել են իրենց՝ ասելով, որ զոհերի հարազատները դեմ են:

Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ, երբ նորից Մարտի 1-ի հարթակի թեմայով քաղաքական ուժերը իրար հետ հաշիվներ էին պարզում, Մարտի 1-ի զոհերի հարազատները՝  Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ասուլիս հրավիրեցին ու մեղադրեցին այդ ուժերին, այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանին՝ Մարտի 1-ի թեման շահարկելու մեջ: Վաչագան Ֆարմանյանը սրտնեղել էր, որ ՀԱԿ-ից ոչ բոլորն են Մարտի 1-ի համար պայքարում. «Մի քանիսը, որոնք անջատվեցին ՀԱԿ-ից, իմ տղայի՝ Արմեն Ֆարմանյանի գերեզմանի տեղը չգիտեն, տան տեղը չգիտեն»: Նա տվել էր Նիկոլ Փաշինյանի անունը եւ ասել, որ անգամ իր որդու ծնունդներին իրենց չի հիշել:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ընտրությունից ընտրություն հատկապես Մարտի 1-ի թեման քաղաքական ուժերն իրենցով են անում, խանդո՞վ եք ընդունում, նա պատասխանեց. «Մեր հետաքրքրությունը Մարտի 1-ի հարցով երբեք չի եղել նախընտրական, մենք պահանջատեր ենք եղել միշտ: 2009-ի մարտի 1-ից սկսած՝ ամեն տարի առանց բացառության մեր պարտքն ենք համարել նշել այդ օրը, եւ դա երբեք կապված չի եղել որեւէ ընտրական գործընթացի հետ: Դա միշտ եղել է մեր սկզբունքային դիրքորոշումը եւ միշտ շարունակելու ենք դա անել ապագայում էլ, որովհետեւ դա իսկապես այն օրն է, երբ պետությունը առաջին անգամ թափել է սեփական ժողովրդի արյունը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նման բան երբեւէ Հայաստանի պատմության մեջ չկրկնվի: Բնականաբար, այդ օրը մեզ համար մեծ խորհրդանիշ է, ոչ միայն հիշատակի հարգման օր է, նաեւ սեփական քաղաքացիների նկատմամբ պետության բռնության դեմ բողոքի օր է»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում , որ այսօր Մարտի 1-ից են խոսում եւ Մարտի 1-ը բացահայտելու մասին են հայտարարում մարդիկ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, որոնք այդ ժամանակ իշխանության մաս են եղել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Անկախ նրանց շարժառիթներից, մենք կարող ենք միայն ուրախանալ: Ինչքան շատ մարդ պահանջի Մարտի 1-ի բացահայտում, այնքան լավ: Շարժառիթները դուք դատեք: Մեզ համար կարեւոր է, որ Մարտի 1-ը բացահայտվի: Դա միշտ եղել է մեր նպատակը, մենք դրա մասին միշտ խոսել ենք՝ եղել են ընտրություններ, դա մեր նախընտրական պլատֆորմի մեջ ենք դրել, չեն եղել՝ միևնույն է, այդ պահանջը բարձրացրել ենք բոլոր հնարավոր ձեւաչափերով՝ ԱԺ-ում, Ազատության հրապարակում, ԵԽԽՎ-ում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031