Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող է ասֆալտ քիչ եմ փռել բառիս բուն իմաստով». Վարդան Այվազյան

Մարտ 01,2017 12:08

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդան Այվազյանը չի բացառում, որ ռեյտինգային համակարգով ընտրապայքարի մեջ մտած պատգամավորների թեկնածուների թիմերն ունենան կոնֆլիկտային իրավիճակներ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Այվազյանը խոստովանեց՝ քանի որ այժմ մի քանի ընտրատարածքներ միավորվել են, հնարավոր է պատգամավորի թեկնածուները խանդով վերաբերվեն՝ ո՞նց կլինի, որ իմ ընտրատարածքում մեկ այլ թեկնածու էլ է ընտրապայքարի մեջ մտել:

Այնուհետև իր օրինակը բերեց. «Օրինակ` ես, 1995-ին կամ 2012-ի ընտրություններին ընտրվել եմ 26-րդ ընտրատարածքից, հիմա չորս ընտրատարածքներ միավորվել են և այդտեղ ռեյտինգայինով այլ առաջադրված թեկնածուներ կան: Դա եմ ասում, որ կարող է պատգամավորները խանդով վերաբերվեն, թե դա իմ ընտրատարածքն է, ինչո՞ւ է մյուսն ուզում գալ»:

Պարոն Այվազյանին հիշեցրին Կոտայքի մարզպետի՝ Գագիկ Ծառուկյանի հետ բարեկամական կապերը և հարց հնչեց՝ այդ պարագայում ի՞նչ վարքագիծ է դրսևորում, ու արդյոք իր հայտարարությունները վկայո՞ւմ են այն մասին, որ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից բացի մյուս ուժերը խաղից դուրս են, ու նա արձագանքեց. «Իրականում առաջատարները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: Հիմար կլինի քաղաքական գործունեությամբ զբաղվող ցանկացած քաղաքական գործիչ, որ հաշվի չառնի այս փաստը: Այն թվերը, որ կան մամուլում, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վերաբերյալ, ըստ մեզ մոտ եղած տվյալների ու հարցումների՝ ուռճացվել են»:

Պարոն Այվազյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե ընկել են սոված մարդկանց հետևից ու փաստեց. «Այն, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը վատ է, սա ակնհայտ է, բայց չեմ ցանկանում մեկնաբանել ուրիշի ասածները, առավել ևս՝ իմ գործընկերոջ: Կարեն Կարապետյանի հետ հարյուր թվականներից ծանոթ ենք, միասին աշխատել ենք: Ինքն իր կարծիքն ունի, դրսևորումներն այդ կերպ են գուցե եղել, բայց բացարձակ իրավունք չեմ վերապահում ինձ իր ասածները մեկնաբանել»:

Պարոն Այվազյանը թվարկեց, թե ինքն իր պատգամավորական գործունեության ընթացքում ինչ աշխատանք է տարել՝ քանի-քանի օրենսդրական նախաձեռնություններ, ելույթներ:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ընտրվեն ոչ թե գործ, այլ շոու անողները, պարոն Այվազյանն արձագանքեց. «Կարող է առավոտվանից երեկո ձեր թերթերից չեն իջնում նման մարդիկ, բայց տասը տարվա ընթացքում մի օրենսդրական նախաձեռնություն-քննարկում են կազմակերպել ընդամենը, այն էլ երկու հանձնաժողովով: Կարող է ասֆալտ քիչ եմ փռել բառիս բուն իմաստով, բայց իմ կատարած աշխատանքն է դա, ես հաշվետվություն տվեցի: Եթե հանրությունն ու հասարակությունը, ընտրողը ցանկանում են, որ էն մյուսը լինի, մեծ սիրով: Ո՞վ է ասել, թե մենք ծնվել ենք, որ վեչնի էնտեղ լինենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031