Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է մի քանի օր գրել, որ Օսկանյանն ու Օհանյանը մարտի 1-ին եղել են բարիկադների այս եւ ոչ թե այն կողմում. «Հրապարակ»

Մարտ 01,2017 10:51

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լիդերները եղել են իշխանության մեջ, իսկ հիմա, երբ ոտք են դրել ընդդիմության հողի վրա, հանկարծ սկսել են հայտարարել, որ իրենց թիրախավորել են։

Մեր կարծիքով, սակայն, ԶԼՄ-ների եւ մյուս ոչ իշխանական ուժերի համար ՕՐՕ դաշինքը պարզապես հետաքրքրասիրության օբյեկտ է, ոչ ավելին։ Ի վերջո, բոլորը գիտեն, որ Օհանյանը, Րաֆֆին եւ Օսկանյանն ունեն այնքան ռեյտինգ, որ ունեցել են մինչ այս, եւ արտառոց այնպիսի մի բան էլ տեղի չի ունեցել, որ մտածես, թե այդ ռեյտինգը կայծակնային արագությամբ աճել է։

Իսկ դաշինքը հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ Սամվել Բաբայանի մոտ դաշինքի առաջնորդ աշխատող Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ բերել իրենց ռեաբիլիտացիայի գործը։ Նշվածները գոնե պետք է համագործակցեն, միասին որեւէ ծրագիր կամ տեսլական մատուցեն։ Բայց դա էլ չեն կարողանում անել։

Ներքին կռիվների մեջ են, իսկ Սամվել Բաբայանն էլ օրումեջ սպառնում է՝ հալա թող մեկը փորձի հանկարծ Օհանյանին կամ Օսկանյանին ձերբակալի։ Եղբայր, ով է ուզում ձերբակալել, ո՞ւմ են ուզում ձերբակալել, էս ի՞նչ հարայհրոց եք սարքում ձեր շուրջ։

Բայց չշեղվենք գլխավոր հարցադրումից։ Ինչո՞ւ են իշխանության մեջ եղած մարդիկ ընդդիմություն ոտք դնելուց հետո դառնում այսքան կասկածամիտ։ Պատճառներ ու ենթապատճառներ կարելի է շատ թվարկել, բայց ամենակարեւորը, մեր կարծիքով, այն է, որ հանգամանքների բերումով ընդդիմադիր դաշտ ընկած իշխանավորներին առաջին պահ թվում է, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում։ Մի փոքրիկ ուշադրություն, մի քանի հոդված, մեկ մարդաշատ հանրահավաք, եւ նրանք պատրաստ են արդեն ամենաանհավանական հայտարարություններն անելու։

Օրինակ, ինչպես գնահատել այն հայտարարությունները, թե Հայաստանում բոլորը պայքարում են ՕՐՕ-ի դեմ, բոլորը ծախվել են Բաղրամյան 26-ին, բոլորը հաճախորդ են եւ ՕՐՕ-ին ոտք են գցում, որ խորհրդարան չմտնի։ Սա, արդյոք, պաթոլոգիա չէ՞:

Ի՞նչ անել։ ՕՐՕ-ի համար պետք է անհապաղ ստեղծել ստերիլ միջավայր, չգրել ՕՐՕ-ի մասին, ավելորդ տեղը չգրգռել, չբորբոքել դաշինքի առանձին ներկայացուցիչների հիվանդ երեւակայությունը։ Վստահեցնում եմ՝ մի քանի օր անց ամեն ինչ կկարգավորվի։

Մի բռնեք ՕՐՕ-ի հետ կապ ունեցող որեւէ մարդու, մի հիշեցրեք անցյալը, մի քննարկեք նրա լիդերների տեսաուղերձները։ Ոչինչ, որ Րաֆֆուց այս դաշինքում մնաց միայն «Ր» տառը, ոչինչ, մի գրեք, չտեսնելու տվեք։ Աշխարհը շուռ չի գա, կարելի է մի քանի օր գրել, որ Օսկանյանն ու Օհանյանը մարտի 1-ին եղել են բարիկադների այս եւ ոչ թե այն կողմում։ Օհանյանը հայտարարել է, որ բանակում ավելի շատ արատավոր երեւույթներ ինքն է արմատախիլ արել, քան նրանք, ովքեր այսօր խոսում են բանակի թերություններից։ Գրենք՝ Ձեր ասածն է, պարոն Օհանյան, Դուք ճիշտ եք, միայն թե կարիք չկա հուզվելու, ոչ ոք չի պատրաստվում ձեզ ներգրավել որեւէ գործում, բոլորը գիտեն, թե ինչպես եք ծայրը ծայրին հասցնելով ապրել՝ Ձեր ռոճիկի ընձեռած սահմաններում։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031