Մեծարգո պարոն վարչապետ.
Անկեղծորեն ողջունում ենք սփյուռքահայությանն ուղղված Ձեր կոչը եւ ակնկալում, որ այն լայն արձագանք կգտնի մեր սփյուռքահայ քույրերի եւ եղբայրների սրտերում:
Այո՛, իսկապես պետք է շրջվենք ու ասենք ինքներս մեզ` փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով: Ցավով պետք է արձանագրենք, սակայն, որ մեր ուժն ու մեր խելքը մերն էին նաեւ սրանից հինգ, տասը, քսան եւ ավելի տարիներ առաջ, մինչդեռ մեր իշխանությունները ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն արել դրանք մեկտեղելու եւ ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի օգտագործելու համար:
Մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության ասպարեզներում, անգամ մեր խոհանոցում սփյուռքահայերը անգնահատելի դերակատարություն ունեն, սակայն այս պարագայում խոսքը սոսկ անհատներին է վերաբերում, իսկ պետական համակարգված մոտեցումը բացակայում է: Այս համակարգված մոտեցման բացակայությունն էր նաեւ պատճառը, որ մենք չկարողացանք պատշաճ օգնություն ցույց տալ Սիրիայի պատերազմից տուժած մեր հայրենակիցներին, որոնցից շատերն այդպես էլ հայրենիքում իրենց տեղը չգտան ու հիմա էլ հայրենիքից են գաղթում:
Վստահ ենք` վաղուց ժամանակն է, որ մեր պետությունը ոչ միայն օգնություն եւ սատարում ակնկալի Սփյուռքի մեր քույրերից ու եղբայրներից, այլեւ ինքը պետականորեն սատարի հայկական գաղթօջախներին` ստանձնելով Սփյուռքում գտնվող ազգային կրթական եւ գիտամշակութային հաստատությունների հովանավորումը, այլ կերպ ասած` հայապահպանության պատասխանատվությունը: Հայաստանի եւ Սփյուռքի համագործակցության առաջին սկզբունքը պետք է լինի փոխադարձությունը: Մենք պետք է միասին կառուցենք մեր հայրենիքը: Մեր երկրի տնտեսական ու ֆիզիկական անվտանգության ապահովումը պետք է աշխարհի բոլոր հայերի իրավունքն ու պատասխանատվությունը լինի:
Կարդացեք նաև
Մեր հայացքը պետք է ոչ թե սոսկ Սփյուռքի կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության ու գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մեր հայրենակիցներին ուղղված լինի, այլեւ առաջին հերթին` հասարակ սփյուռքահայերին, որոնց համար արժանապատիվ կյանքով ապրելու պայմաններ ստեղծելով եւ նրանց ներգաղթը ապահովելով միայն կկարողանանք վերացնել մեր երկրի գլխին կախված ժողովրդագրական աղետի սպառնալիքը:
Այս խնդիրը կոչերի ու հայտարարությունների ծիրից գործնական աշխատանքի տիրույթ տեղափոխելու ժամանակն է: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համագործակցության սերտացման նպատակով ստեղծված «Միացյալ հայեր» կազմակերպությունն այս իմաստով բազմաթիվ ծրագրեր ու գործնական առաջարկներ է մշակել, որոնցից ամենակենսականը, կարծում ենք, օր առաջ համազգային ներկայացուցչական մարմնի ստեղծումն է: Մեզ անհրաժեշտ է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի կառույց, որը համազգային հարցերի լուծմանը վճռական ձայնի իրավունքով մասնակցելու հնարավորություն կունենա:
Մեծարգո պարոն վարչապետ, ուզում ենք հուսալ, որ սփյուռքահայությանն ուղղված այս իսկապես կարեւորագույն կոչը սոսկ նախընտրական նշանակություն չունի եւ մոտ ապագայում կունենա իր գործնական շարունակությունը:
Հարգանքներով`
«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպության նախագահ`
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Առավոտ»
01,03.2017