Ընտրություններին կիրառվող էլեկտրոնային նոր սարքավորումները կօգնեն, որ ընտրական գործընթացը լինի արդարացի, կապահովեն երաշխիքներ, որ տեղի չունենան խախտումներ, և մտահոգությունները, որոնք վերաբերում էին բազմակի քվեարկությանը, «կարուսելին», անձը հաստատող կեղծ փաստաթղթերին, նոր համակարգի առկայության պարագայում հնարավոր կլինի վերացնել: Tert.am-ի հետ ծավալուն հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Միաժամանակ, վերջինս նշեց, որ իրենք հաղորդումներ են ստանում այն մասին, որ արդեն իսկ փորձեր են արվում քվեներ գնելու: Դեսպանը շեշտեց, որ նման երևույթներն ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Միլսը խոսեց նաև այն լուրերի մասին, թե ընտրատեղամասերում տեղադրվող նկարահանող սարքերը նկարահանելու են ընտրողի կատարած քվեն և շեշտեց, որ նման բան հնարավոր չէ՝ կոչ անելով բոլորին ազատ արտահայտել իրենց կամքը:
– Դուք միացել եք Հայաստանում ընտրական նոր մեխանիզմների ֆինանսավորմանը: Ինչո՞ւ: Դուք կարծում եք, որ Հայաստանում հնարավոր է նոր, ավելի բարձր որակի ընտրություններ անցկացնել, քան նախկինո՞ւմ:
– Ուրախությամբ ուզում եմ նշել, որ եթե վարչապետն ու կառավարությունը ուզում են ի ցույց դնել իրենց կամքը կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, լավագույնն այն կլինի, որ ապրիլին կայանալիք ընտրությունները լինեն ազատ, արդարացի: Հաշվի առնելով, թե ինչ մեծ կարևորություն ունեն այս ընտրությունները, որոնք առաջինն են խորհրդարանական համակարգի ներքո՝ մենք միացել ենք մեր մյուս գործընկերներին՝ ԵՄ-ին, Գերմանիային, Բրիտանիային, ՄԱԿ-ին, ապահովում ենք աջակցություն, որն ուղղված է ընտրողների նույնականացման սարքավորումների ձեռքբերմանը: Եվ այո, ես կարծում եմ, որ այն կարող է օգնել գործընթացին, որ այն լինի արդարացի, ապահովել երաշխիքներ, որ տեղի չունենան խախտումներ, և մտահոգությունները, որոնք վերաբերում էին բազմակի քվեարկությանը, «կարուսելին», անձը հաստատող կեղծ փաստաթղթերին, նոր համակարգի առկայության պարագայում հնարավոր կլինի վերացնել:
Կարդացեք նաև
Այս տեխնոլոգիաներից բացի, կայացավ պայմանավորվածություն կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև, ինչը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ էր, երբ իշխանություններն ու ընդդիմությունը նստեցին սեղանի շուրջ և ընտրական գործընթացի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեցին: Բացի այդ, ընտրություններից հետո կլինի ընտրողների ստորագրված ցուցակի հրապարակում, ինչը ընդդիմությանը հնարավորություն կտա համեմատել ու տեսնել արդյունքները: Այո, ես դրական կարծիք ունեմ այս տեխնոլոգիաների վերաբերյալ: Դրանք կարող են դրական փոփոխություն ապահովել:
Ուզում եմ անդրադառնալ ևս երկու հարցի, որոնք, կարծում, եմ հայ ընտրողի համար կարևոր են: Առաջինը. քվեարկության օրը նոր սարքավորումների կիրառումը հնարավորություն է տալիս նախկինում նկատված երևույթների համար՝ կեղծ անձը հաստատող փաստաթղթեր և այլն, երաշխիքներ ապահովել: Բայց դրանք վերաբերում են միայն բուն քվեարկության օրվան: Կարևոր է, թե ինչ է կատարվում դրանից առաջ՝ քարոզչության շրջանում: Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնել, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, ովքեր նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն, դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երևույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երևույթները չպահպանվեն, որ ընտրությունները արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի:
Իսկ մինչ այդ, երբ նման հաղորդումներ են մեզ հասնում, կան դրանց վերաբերյալ ապացույցներ, մենք այդ հարցի շուրջ կհրավիրենք իշխանությունների կամ համապատասխան կուսակցությունների ուշադրությունը՝ շեշտելով, որ դա անօրինական է:
Երկրորդը. որևէ մեկը երբեք չի կարող իմանալ, թե ընտրողն ում օգտին կքվեարկի: Կան համապատասխան երաշխիքներ, որոնք ապահովում են քվեարկության գաղտնիությունը: Այս աջակցության շրջանակներում տեսանկարահանվող սարքեր են տեղադրվելու ընտրատեղամասում, և խոսակցություններ են շրջանառվում, որ դրանց միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե քվեախցում ում օգտին քվեարկեց ընտրողը: Նման բան հնարավոր չէ: Սրանք բարձր ճշգրտությամբ տեսանկարահանող սարքեր չեն: Դրանց տեղադրման նպատակը ամենևին էլ այն չէ, որ տեսնես, թե ում օգտին է քվեարկում ընտրողը:
Իմ բոլոր հայ բարեկամներին ուզում եմ կոչ անել, որ այս ընտրություններում ապահովված կլինի նրանց քվեների գաղտնիությունը, նրանք կարող են ընտրել ում ցանկանում են՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»–ի կայքում: