Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության վերահսկման լծակները սկեսուրի եւ սկեսրայրի ձեռքերում են

Մարտ 01,2017 15:00

«Է հա, մեր գյուղի շատ կանայք են ամուսնացել առանց իրենց մարդներին ճանաչելու, ով պիտի գա քեզ հարցնի` հավանիր, չհավանիր, կամ ինչ տեղ կա էս քամբախում, որ մի հատ էլ հելնես շփվես ման գաս: Չնայած հիմա, որ աղջկեքը գնում են Երեւան սովորելու, էլ չես կարա տենց անես, չեն համաձայնվի: Բայց ինձ թվում ա՝ էդ ճիշտ ա, տենց, որ ընտանիքին գիտես, ավելի լավ ա լինում, ես իմ տղին հաստատ, տենց եմ անելու»,- Ծաղկաքար գյուղի կին բնակիչներից մեկն այսպիսի կարծիք է հայտնել, երբ նրա հետ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները զրուցել են զույգերի հարաբերությունների թեմայով:

Այս մասին տեղեկանում ենք «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» զեկույցից: Դիտարկումների ընթացքում կազմակերպության մասնագետները պարզել են, որ ամուսնության եւ ընտանիք կազմելու համար Գեղարքունիքի որոշ գյուղերում նկատվում է մի իրավիճակ, երբ տղան եւ տղայի մայրը, հավանելով աղջկան, իսկ շատ հաճախ իմանալով աղջկա ընտանիքի բարի համբավը, նշանադրում են զույգին` առանց աղջկա համաձայնության, երբեմն նաեւ իմացության:

«Այս պատկերը, որը թվում է, թե հատուկ է եղել 20-րդ դարի հայ հասարակությանը, գյուղաբնակ մի շարք համայնքներում պահպանվել է մինչ օրս, երբ աղջկա կամքից անկախ՝ նրան նշանադրում եւ ամուսնացնում են: Գյուղերում հանդիպած շատ կանայք պատմում էին, որ իրենց ամուսնուն չեն ճանաչել մինչեւ հարաբերությունների օրինականացումը»,- նկատում են կենտրոնի մասնագետները: Ըստ նրանց՝ այդ միտումը պահպանվել է նաեւ ներկայիս սերնդի համար, սակայն նաեւ որոշ գյուղերում աղջիկների ընդհանուր դիմադրության շնորհիվ այն փոփոխության է ենթարկվում:

Զեկույցում մասնագետները նշել են, որ տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելն իր ազդեցությունն է ունենում նաեւ ամուսինների ներընտանեկան հարաբերությունների վրա: Մասնավորապես` շատ կանայք պատմել են, որ վստահ են` տղամարդը, մեկնելով Ռուսաստանի Դաշնություն, հավատարիմ չի մնում կնոջը, գիտեն նաեւ, որ իրենց հարեւաններից շատերն ունեն երկրորդ ընտանիք ՌԴ-ում, ինչը ներկայացվում է որպես ընդունելի վարքաձեւ տղամարդու համար. «Նմանատիպ դրսեւորումները վկայում են արմատացած գենդերային կարծրատիպերի առկայության մասին»:

«Ես որ ամուսնացա, սկեսուրս ասեց` դու զբաղվի տան գործերով, ես մենակ ճաշը կեփեմ ու երեխեքին կպահեմ: Դե շերեփը չուզեց ձեռից դնի, էդ հայ ընտանիքներում իշխանության պես մի բան ա: Հիմա 3 երեխա ունեմ: Մեծերս տատին են պրիզնատ գալիս, բայց փոքրս՝ ավելի ինձ: Դե, ես էլ մեծացա ու հասկացա, որ էդ շատ ճիշտ չի»,- կենտրոնի մասնագետների հետ կիսվել է Գանձակ գյուղի բնակիչ 41-ամյա մի կին:

Ըստ զեկույցի՝ շատ ընտանիքներում ամուսնու բացակայության պարագայում իշխանության վերահսկման լծակները սկեսուրի եւ սկեսրայրի ձեռքերում են: Երեխաների դաստիարակության գործում էլ մեծ է սկսեուրի դերակատարումը. «Շատ կանայք պնդում են, որ երեխաների ծնվելուց սկսված՝ սկեսուրները դոմինանտ դերակատարում ունեն երեխաների դաստիարակման հարցում, շատ հաճախ երեխայի մորից, այսինքն` տան հարսից ավելի: Մյուս կողմից՝ տատիկների եւ պապիկների կողմից դաստիարակությանը գումարվում է նաեւ հոր դերի բացակայությունը, ինչը հանգեցնում է երեխայի վարքի փոփոխության: Երեխաները շահարկում են արժեզրկված մոր կերպարը ընտանիքում եւ հաճախ մեկնաբանում, որ իրենց համար առավել կարեւոր են տատիկ-պապիկի մեկնաբանությունները, հայրիկի խոսքը: Այս ամենին ավելանում է հոգեբանական այն ճնշվածությունը, որում ապրում են կանայք` զուրկ լինելով որոշում կայացնելու, ինքնադրսեւորվելու հնարավորությունից»:

Սարուխան գյուղի կանանցից մեկի խոսքերով. «Դե, երեխեն 8-9 ամիս հորը չի տեսնում, հայրը գալիս է Նոր տարվան, նվերներ բերում, թանկ հեռախոս նվիրում, ոնց որ կաշառք, էլի, հետո թողնում-գնում, դե արի, կին, քաշի էդ սաղ, որ մի խնդիր էլ լինում ա, հո կեսուրդ չի ասի՝ իրա տղեն ա փչացրել, ասում ա` արի, սանձի էրեխիդ: Հա, հերը սկայպով խոսում ա մեր հետ, բայց էդ ժամանակ փորձում ենք լավ բաներից խոսալ, դե մարդ ա, հեռու ա, չնեղվի, հո չեմ ասի՝ երեխեդ վատ ա պահում իրան»:
Զեկույցի հեղինակների դիտարկումների ընթացքում պարզ է դարձել, որ ընտանիքում հայրը երեխաների դաստիարակության գործում հանդես է գալիս հիմնականում որպես «վախեցնող» կերպար, մասնավորապես` երբ խոսքը վերաբերում է տղա երեխաների դաստիարակությանը:

«Ինչ կնիկ, որ չթակվի ամուսնու կողմից: Մեր գյուղում բոլոր կանայք էլ ծեծվել են ու կծեծվեն: Ճիշտը էդ ա, տենց ես սովորում լավ տան կնիկ լինել»,- կենտրոնի մասնագետների հետ իր «փորձով» է կիսվել Գեղարքունիքի Ձորագետ գյուղի 65-ամյա կանանցից մեկը:

Ըստ զեկույցի՝ թեեւ վիճակագրական վերլուծությունն այս մարզում վկայում է, որ կանանց նկատմամբ բռնությունն ընտանիքի ներսում տարածված երեւույթ է, սակայն շատ կանանց համար այն ընդունելի է այն պատճառով, որ սոցիալականացման վաղ շրջանից սկսած՝ դա սերմանվում է որպես ընդունելի վարքաձեւ տղամարդու կողմից կնոջ նկատմամբ:
Կրթության իրավունքի իրացմանն անդրադառնալով էլ՝ զեկույցի հեղինակները նշում են, որ Գեղարքունիքի մարզում շատ կանանց համար կրթություն ստանալը անհասանելի մի բան է թվում:

«Ես թույլ չեմ տվել, որ իմ աղջիկ թոռները դպրոցից հետո գնան սովորելու, որովհետեւ կնգա տերը մարդն ա, կպսակվեն, մարդը կորոշի՝ գնա՞ն, թե՞ չէ: Իսկ այ, տղա թոռը, բա պարզ ա, պիտի կաշվից էլ հելնեմ, բայց ուղարկեմ սովորելու, որովհետեւ ինքը պիտի հետո ընտանիքը պահի, թող կրթություն ունենա, որ հեշտ փող աշխատի»,- կենտրոնի մասնագետներին իր կարծիքն է հայտնել ձորագյուղցի 68-ամյա մի կին:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031