Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը երեխաների բնակության վայրը որոշելիս չի լսել 10 տարին լրացած երեխայի կարծիքը

Մարտ 01,2017 14:30

Հայրական իրավունքների պաշտպանության հայցերով, դիմումներով հեղեղված են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, իրավապաշտպան կազմակերպությունները, խմբագրությունները, դատարանները: Թվում է՝ խնդիրն անձնական է, ընտանեկան, բայց դատելով նմանատիպ դիմումների, բողոքների աճից, եզրակացնում ես, որ կա հիմնահարց, կա հանրային ուշադրության պահանջ, մանավանդ, որ տուժողներն այստեղ լինում են իրավազուրկ երեխաները: Ուստի պատահական չէր, որ անդրադառնալով ստորեւ ներկայացվելիք գործին, վերաքննիչ քաղաքացիական դատարանն անհրաժեշտ էր համարել նշել. «Երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը տրվում է երեխայի շահերի առավել ապահովմանը:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների եւ պարտականությունների ծավալը, հետեւել պետական եւ պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը եւ հոգատարությանը»:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմելուց հետո Կամո Կարապետյանը տասնմեկ ամիս է՝ չի կարողանում տեսակցել իր երեք մանկահասակ երեխաներին: Չնայած երկու երեխաներին տեսնելու համար հաճախ է հայտնվում գյուղի դպրոցի բակում:

«Դա էլ հո կիսելու հարց չի, տեսակցության հարց է»,-երեկ Էջմիածնի դատարանում դատավոր Նաիրա Գրիգորյանի նախագահությամբ հրավիրված դատական նիստի ժամանակ ասաց Կ. Կարապետյանը:

Երեկ դատարան չէին ներկայացել եւ դատարանին չէր տրամադրվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմինների` երեխաների բնակության վայրը հոր մոտ թողնելու եւ պատասխանողի ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջների մասին եզրակացությունը, փոխարենը՝ կար Ակնաշեն համայնքի համանուն մարմնի եզրակացությունը:
Կ. Կարապետյանն ասաց, թե Երեւանի նշյալ վարչական շրջանի հոգաբարձության մարմինը պատշաճ չի ստացել դատարանից ծանուցում՝ դատական նիստին մասնակցելու համար: Չնայած երեկվա նիստը հետաձգվեց ոչ միայն այդ պատճառով, այլ, որ հայցվոր Աիդա Սարիբեկյանը՝ նախկին կինը, մեկ օր առաջ էր պայմանագիր կնքել փաստաբան Թամարա Մալխասյանի հետ, եւ վերջինն էլ ասաց, թե ծանոթ չէ գործի նյութերին:
Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ աղջիկ եւ երկու որդի՝ 11, 7 եւ 2 տարեկան: Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Մ.Հարթենյանի նախագահությամբ հունվարի 26-ին ավարտված դատաքննության արդյունքում:

Էջմիածնի դատարանը վճռել էր երեխաների բնակության վայրը որոշել ըստ մոր` Աիդա Սարիբեկյանի բնակության վայրի: Այն դեպքում, երբ հայրն աշխատում է, ունի բնակարան Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բնակվում է մոր հետ, իսկ նախկին կինը որեւէ տեղ չի աշխատում, բնակվում է Ակնաշեն գյուղի հոր բազմանդամ ընտանիքում: Այս կապակցությամբ, Վերաքննիչ դատարանը փաստել է. «Հայցվորի մոտ բացակայում է փոքրահասակ երեխաների դաստիարակության եւ զարգացման համար պայմաններ ստեղծելու եւ ապահովելու հնարավորությունը»:

Առաջին ատյանի դատարանը հորից հօգուտ մոր եւ երեխաների վճռել է բռնագանձել ալիմենտ՝ ամսական աշխատավարձի եւ այլ եկամուտների 1/2-րդ մասի չափով՝ սկսած 2015 թվականի սեպտեմբերի 18-ից: Սա այն ժամանակահատվածն է, երբ երեխաները բնակվել են հոր հետ, եղել են նրա խնամքին:

Ի դեպ, իր բողոքում Կ. Կարապետյանը հայտնել էր, թե դատարանը ամուսնալուծության գործը քննելիս հաշտության համար ժամկետ չի տրամադրել:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչեւ 3-ամսյա ժամկետ, դատարանն իրավունք ունի նաեւ կողմերին առաջարկելու ամուսնալուծության, ինչպես նաեւ ամուսնալուծվելիս ամուսինների միջեւ ծագող վեճերով գործը լուծել հաշտարարության միջոցով:

Ի դեպ, Կամո Կարապետյանն իր բողոքում նշել էր, թե դատարանը երեխաների բնակության վայրը որոշելիս չի լսել երեխաների կարծիքը:

Մինչդեռ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է հստակ պահանջը. յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջեւ վեճը լուծում է դատարանը, որը «հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական եւ անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի եւ երեխայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը եւ այլն)»։

Վերաքննիչ դատարանն առաջնորդվել էր նույն այս օրենքով, որտեղ նշված է. «Դատարանը լուծում է ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը»:

10 տարեկան երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիu ունկնդիր լինելու հարցի քննությանը եւ արտահայտելու uեփական կարծիքը ընտանիքում, դատական եւ այլ մարմիններում. «Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որեւէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում»:

Վերաքննիչ դատարանը սույն գործի փաստերի համադրման արդյունքում եզրահանգել է, որ «11-ամյա Ա. Կ.-ի՝ որպես դատաքննության փուլում տասը տարին լրացած երեխայի լսվելու իրավունքի իրացումը դատարանի կողմից չի ապահովվել այն դեպքում, երբ նրա կարծիքը հաշվի առնելը դատարանի համար պարտադիր է, ինչը, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, հիմք է դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար»: Ի դեպ, երեխային դատարան հրավիրելու համար հոգաբարձուների խորհուրդը միջնորդություն էր արել, ինչը մերժվել էր:

Հետեւաբար, Կ. Կարապետյանից երեք անչափահաս երեխաների համար ալիմենտի բռնագանձման մասով դատական ակտը բեկանվել է՝ հաշվի առնելով վերը նշված պատճառաբանություններն ու երեխաների բնակության վայրը որոշելու մասով գործի նոր քննության անհրաժեշտությունը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031