Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնատիպ գրողը. Հովհաննես Մելքոնյան

Մարտ 01,2017 14:00

Փետրվարի 27-ին լրացավ արձակագիր
Հովհաննես Մելքոնյանի ծննդյան 80 ամյակը

1970-ական թվականների գրական «բոհեմ»-ը քչերից էր, որ գաղափարախոսական եւ քարոզչական միջավայրի` իր խիստ կարգուկանոնը ունեցող «գրական կորպորացիայի» մթնոլորտում գոնե կենցաղով,- բայց որոշ երջանիկ դեպքերում նաեւ հենց գրական ստեղծագործություններով,- կենդանի էր պահում այն, ինչը հսկողությունից դուրս է եւ պատկանում է ազատությանը: Այդ բոհեմի երկու կարկառուն ներկայացուցիչներից Սլավիկ Չիլոյանին ես չեմ հանդիպել: Հովհաննես Մելքոնյանի հետ ինձ «Առագաստ» սրճարանի դիմաց ծանոթացրել է Մուշեղ Գալշոյանը: Ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի, «Գարուն» ամսագրում կարդացել էի հայ օդաչուի մասին նրա հուզիչ ակնարկը եւ «Հեծանիվը»:

Մերոնք գաղթի առաջին տարիներին ցրվել են Շիրակի դաշտավայրում – Ախուրյանի, Անիի գյուղերում – ծագումով ինքը նույնպես Մուշից էր, եւ հողուջրի հարազատությունը ինձ կարող էր ներառել նրա միջավայր, բայց ես լրիվ ուրիշ կենցաղ եւ խառնվածք ունեի, ինձ նրա շրջապատից հեռու էի պահում, բայց նրա գրականությունից` երբեք: Եվ երբ իր ցավալի մահվանից մեկ-երկու տարի առաջ «Վերնիսաժ» սրճարանում ես նրա հետ երկար խոսում էի «Ոճիրի բուրգեր» գրքի հատվածների մասին,- առանձնապես Մուշեղ Գալշոյանին նվիրված եւ մարդկայնորեն հուզիչ ու խորունկ էջերի,- երբ նրան ասացի, որ նա այն եզակի գրողներից է, որ կարողանում է լեզուն ճիշտ տեղաբաշխել նյութի վրա, երբ ասացի, որ իր հեղինակային խոսքը պետք է համարել նրա ինքնատիպ դիալոգային համակարգի մաս (կամ հակառակը), երբ ասացի, որ լեզվի նվազագույնով ասելիքի եւ տպավորությունների առավելագույնին հասնելու մեջ նա իրեն հավասարը չունի,- նա հուզվեց, գրկեց ինձ եւ «երկրացի» ասաց:

Հետո հասկացա, որ ինձ գուցե եւ իր ազատ ու անկաշկանդ բոհեմի մեջ իրեն ոչ ոքի հետ չխառնելու սկզբունքն էր հասկացնում, բայց հետո, միայն իր մահից հետո մտածեցի, որ այդ` ոչ մի կանոնի եւ կարգի մեջ չտեղավորվող մարդն ու նշանավոր գրողը, ում (երեւի չդիմանալով այդ բոհեմի փորձությանը – սա գերմանացի մի մեծ գրողի արտահայտությունն է` «փորձություն բոհեմով») անարդարացիորեն փորձում էր եւ հիմա էլ դեռ փորձում է մոռացության մատնել մեր քննադատությունը, երեւի ուզում էր ասել, որ ես իմ գրողական` երբեք ոչ մի անարդարության հետ չհամակերպված կենսագրության մեջ միշտ անհատականություն եմ եղել, առանձին եմ պահել իմ Խոսքը, Գրիչն ու Գիրը,- իմ մասին դրանով դատեք, եւ հանկարծ ինձ ուրիշների հետ չխառնեք:

Այո, կարծես թե արդեն ասացի. ինչ-որ կարգի կամ կանոնի մեջ դնել Հովհաննես Մելքոնյանին` դա նույնն էր, թե փառքով կամ հարստությամբ կամ, ասենք, դատավորի պաշտոն շնորհելով` ձեռնասուն դարձնել եւ բերման ենթարկել Ռոբին Հուդին: Խորասույզ ընթերցումը նույն ըմբոստ կերպարը – եկեք «գրողական ես» ասենք դրան – կտեսնի նաեւ նրա գրական ժառանգության մեջ` գումարած երբեմն այնպիսի քնարերգության հասնող եւ հասցնող մարդկային զեղումները, որ մտածում ես` այս` իրենց կողմերի բլուրների քարքարոտ լանջերի հողի նման խիստ եւ դժվարությամբ վար վերցնող մարդու սրտում որտեղի՞ց այդքան զգացմունք, քնքշություն, նրբություն… Եվ վերջին գրքի կապակցությամբ` որտեղի՞ց նրան այդքան ժամանակ այն տքնաջան աշխատանքի համար, որը,- անզեն աչքն էլ դա կնկատի,- նա թափել է իր այդ փաստավավերագրական` իր տեսակով ժամանակակից հայ արձակում եզակի վեպի նյութը հավաքելու եւ շարադրելու համար:

Ավելացնենք գրողական աչքի բացառիկ սրատեսությունը, որը նրան թույլ է տալիս հոգեբանական նրբերանգ նկատել եւ կերտել այնտեղ, որտեղ սովորական աչքը կենցաղից այն կողմ չի կարող թափանցել: Ավելացնենք նրա յուրահատուկ, լակոնիկ, արտաքուստ զուսպ, բայց ներքուստ պրկված լեզուն, նրա մի տեսակ հեռագրային ոճը, հող ու կավից կերպար կերտելու նրա բրուտային-բնական եղանակը: Եվ ավելացնենք ամենակարեւորը` որ նա այն` մի ձեռի մատների վրա հաշվվող մարդկանցից եւ գրողներից էր, որ անկախացել էին ոչ թե անկախությունից հետո, այլ անկախությունից առաջ անկախ էին եւ այդպես էլ ապրում էին իրենց կյանքը եւ անում էին իրենց գրականությունը:
Այս ամենի մասին մենք նրան չասացինք: Չասացի՞նք, թե՞ բերաններս չբռնեց ասելու, չգիտեմ: Ես հիմա, այս մի քանի տողը գրելուց առաջ, մի անգամ էլ աչքի անցկացրի նրա «Հեծանիվը» եւ «Ոճիրի բուրգերը»: Ավելի քան համոզված եմ, որ մեր քննադատությունը Հովհաննես Մելքոնյանի գրականության մասին իր խոսքը չի ասել, ինչի բացակայությունը, սակայն, ոչ թե այդ գրականության վրա է ստվեր գցել, այլ հենց իր` քննադատության:

 

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031