Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնդկական սերիալները չարյաց փոքրագույնն են՝ համեմատած ֆաստֆուդային ֆիլմերի հետ»

Մարտ 01,2017 13:30

Հարցազրույց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, կինոգետ Անետա Երզնկյանի հետ:

– Լինելով անվանի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրը, որը «Առաջին սիրո երգը», «Խաթաբալա» եւ շատ այլ սիրված ֆիլմերի հեղինակ է, ի՞նչ եք զգում:

– Զգում եմ հպարտություն, բայց ավելի շատ պարտավորվածություն, քանի որ ամեն բան անելիս մտածում եմ, թե ինչպես դա կընկալեր հայրս: Մենք շատ մտերիմ էինք, ոչ միայն հայր եւ դուստր էինք, այլ նա իմ խորհրդատուն էր շատ հարցերում:

-Ինչպե՞ս ընտրեցիք կինոյի ոլորտը. Յուրի Երզնկյանի դուստրը լինելու գործոնը մե՞ծ դերակատարություն ուներ:

– Մեր տանն ընդունված էր լավ երաժշտություն լսել, լավ գրականություն ընթերցել: Հայրս տանը ընթերցումներ էր կազմակերպում: Նաեւ հաճախ մեր տանը հյուրընկալվում էին գրող Հրանտ Մաթեւոսյանը, նկարիչներ Մինաս Ավետիսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը եւ ուրիշներ: Ի սկզբանե ցանկանում էի հնչյունային ռեժիսոր դառնալ, բայց այնպես ստացվեց, որ հայրս առաջարկեց ընդունվել համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը, եւ դա ինձ շատ օգնեց: Այնուհետեւ դիպլոմային աշխատանքս կինոյի եւ գրականության կապի մասին էր: Հետո արդեն շարունակեցի կրթությունս որպես կինոգետ: Հետաքրքիրն այն է, որ որպես կինոռեժիսոր չեմ ցանկացել աշխատել: Ինձ ավելի հետաքրքիր էր վերլուծելը:

-Մերօրյա կինոֆիլմերը շա՞տ են տարբերվում խորհրդային ֆիլմերից՝ իրենց որակով եւ մնացած հատկանիշներով:

– Հայկական կինոն իր ծաղկունքն է ապրել անցյալ դարի 60-80-ական թվականներին, այստեղ մենք ունենք փայլուն օրինակներ՝ Մալյան, Երզնկյան …Մարդիկ, որոնք եղանակ էին ստեղծում եւ նրանց ստեղծած ֆիլմերը համաշխարհային կինոյի պատմության լավագույն նմուշների շարքում են: Խորհրդային շրջանում շատ արգելքներ կային, սակայն դրանք պայմաններ ստեղծեցին՝ ստեղծելու հանճարեղ ֆիլմեր: Դրանից հետո էլ Հարություն Խաչատրյանը, Վիգեն Չալդրանյանը, Սուրեն Բաբայանը փայլուն ֆիլմեր են ստեղծել, եւ չկա նման բան, թե հայկական կինոն անկում է ապրել: Երբ ես նայեցի «Կյանք ու կռիվ» ֆիլմը, հասկացա, որ դա ճեղքում է մեր կինոոլորտը, եղանակ է թելադրում. այն բարձր արժանիքներ ունի դրամատուրգիական լուծումների, ռեժիսուրայի ու դերասանական խաղի առումով:

-Հայկական ֆիլմերն այսօր կարո՞ղ են մրցել աշխարհի ֆիլմերի հետ:

– Միանշանակ, քանի որ հայկական ֆիլմերը մրցանակներ են ստանում համաշխարհային փառատոներում: Դա նշանակում է, որ դրանք հետաքրքիր են աշխարհի համար: Ես միշտ գիտեի, որ մեր հայկական կինոն կկարողանա հաստատել իր «ես»-ը եւ նորից փայլել:

-Լինելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, ի՞նչ կասեք՝ կինոգետ ծնվո՞ւմ են, եւ ի՞նչ խորհուրդ կտաք ձեր ֆակուլտետի դիմորդներին:

-Կինոգետ ծնվում են, սակայն լավ կինոգետ դառնալու համար պետք է շատ աշխատել: Ունեցել եմ ուսանողներ, որոնք օժտված էին տաղանդով, բայց աշխատասեր չէին, իսկ նրանցից ջանասիրաբար աշխատողներն այսօր փայլում են: Ինչ վերաբերում է մեր դիմորդներին, առաջին հերթին խորհուրդ կտամ լավ հասկանան, թե ուր են գալիս, կրթված լինեն, իմանան եւ զգան կինոն: Նույնիսկ սխալվելով՝ ինքնուրույն թող լինեն: Կարելի է լինել համարձակ, բայց ոչ հանդուգն:

-Որպես կինոգետ, ի՞նչ կարծիք ունեք Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի մասին, որը կրքեր էր բորբոքել:

– Կան թեմաներ, որոնց վեր հանելը դժվար է, քանի որ սպասելիքները շատ են այնպիսի ֆիլմերից, որոնք պատմում են մի բանի մասին, որը դու ապրել ես, զգացել քո մաշկի վրա եւ ծանր ես տարել: Այդ դեպքում, ուզում ես հուզականություն լինի, խորություն, անմիջականություն եւ անկեղծություն:

– Այսօր մեր հեռուստաեթերում հնդկական սերիալների շքերթ է, արդյոք սա մտածելու առիթ չի՞ տալիս մեր եթերի պատասխանատուներին եւ հասարակությանը:

– Հնդկական սերիալները, կարծում եմ, չարյաց փոքրագույնն են, եթե դրանք համեմատենք այն «ֆաստֆուդյան» ֆիլմերի կամ բրազիլական սերիալների հետ: Կինոքննադատ եւ կինոյի պատմաբան Նեյա Զորկայան հետաքրքիր ձեւով էր մեկնաբանում հնդկական ֆիլմերը, ասելով, որ դրանք յուրահատուկ արժեհամակարգ ունեն: Ես, իհարկե, դեմ եմ, որ դա գերակա լինի մեր եթերում, բայց նաեւ պատկերը բացատրում եմ նրանով, որ մենք չունենք մերը կամ էլ ունենք եւ այդքան էլ լավ արտադրանք չէ: Մենք պետք է ունենանք եթերի լուրջ ցենզուրա: Ցավոք, մեզանում չի բարգավաճում քննադատելու մշակույթը: Քննադատելով դու կարողանում ես օգնել եւ բարելավել հեռուստատեսությունը:

Արտասահմանում անգամ կան հատուկ աուդիտներ, որոնք դատում եւ քննում են բոլոր հաղորդումները:

 

Զրուցեց
ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031