Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատում եմ լեգենդի հետ»

Մարտ 01,2017 13:00

Կապելլայի նորանշանակ տնօրեն Դավիթ Թերզյանը ցանկանում է,
որ երգչախումբը կրի Հովհաննես Չեքիջյանի անունը

Վերջին տասնամյակների ընթացքում շատ երկրներում ճանաչված, այդ թվում՝ լեգենդար արվեստագետներն իրենց կյանքի օրոք սահմանում են «սեփական» մրցանակներ ու կրթաթոշակներ, անձամբ նախագահում են իրենց անունը կրող մրցույթի ժյուրին: Պատահում է, որ արտիստը տարիների ընթացքում վաստակած իր գումարն է ներդնում որպես մրցանակային ֆոնդ եւ այլն: Բայց շատ մշակութահարգ ու բարեկիրթ երկրներում կառավարությունն է սահմանում արվեստի գործչի անվան մրցանակ, կազմակերպում մրցանակային ֆոնդի ձեւավորում եւ որպես կանոն՝ մրցույթի ցմահ նախագահ ընտրում վաստակաշատ գործչին:

Մեր երկրում անվանի արվեստագետին կենդանության օրոք մեծարելու դեռ խորհրդային ձեւերն են գործում՝ մրցույթներ, փառատոներ, հուշ-երեկոներ, օրինակ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ մշակույթի նախարարությունն անցկացնում են Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցյանի եւ մյուս մեծերի անունը հավերժացնող մրցույթներ եւ այլն: Ռուսաստանում մեր ժամանակներում, մինչեւ մահկանացուն կնքելը, սահմանվեց մրցանակ ու կրթաթոշակ օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի անվամբ, կենդանության օրոք միջազգային մրցույթ ու փառատոն հիմնվեց ի պատիվ Ելենա Օբրազցովայի, վաղուց գործում են Սպիվակովի, Գերգիեւի եւ այլ երաժիշտների անունը կրող մրցանակներ ու կրթաթոշակներ:

Այս տարին հոբելյանական է իսկապես լեգենդար կոլեկտիվ, 80-ամյա Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համար, որի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է (1961 թվականից) լեգենդար խմբավար Հովհաննես Չեքիջյանը: Վստահ ենք, որ երգչախմբին առանձնապես ներկայացնելու հարկ չկա, բայց որոշ փաստեր, այնուամենայնիվ, հիշեցնենք. երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, երկրից դուրս հանդես է եկել շուրջ 200 քաղաքներում՝ ունենալով ավելի քան 800 համերգ: Տասնամյակներ շարունակ արտասահմանյան հեղինակավոր պարբերականները մշտապես հիացմունքով են արտահայտվել հայկական երգչախմբի ոչ միայն կոմիտասյան, այլեւ համաշխարհային դասական հայտնի ու սիրված գործերի մեկնաբանություններով, որոնցից մեկ-երկուսն արժե նշել: Օրինակ, ժամանակին երգչախմբի եւ Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան պրիի, չեքիջյանական մեկնաբանմամբ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, ինչի համար մաեստրոյին շնորհվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան»: Կարճ ասած՝ եւ կոլեկտիվը, եւ Չեքիջյանը պարգեւների ու մրցանակների պակաս չունեն, բայց, այնուամենայնիվ, մի բան պակասում է: Մեր երկրում էլ վերջապես ցանկալի է, որ, օրինակ, լեգենդար արվեստի գործիչը կենդանության օրոք տեսնի ու ստանա իր գնահատականը:

Հարցի շուրջ տեսակետ լսելու ակնկալիքով «Առավոտը» հանդիպեց Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի նորանշանակ տնօրեն Դավիթ Թերզյանին: Մինչ վերջինիս խոսքին անդրադառնալը, հայտնենք, որ պարոն Թերզյանը մշակույթի բնագավառում ունի աշխատանքի մեծ փորձ, իսկ 2000 թվականից հանդիսացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգա-հյուրախաղային բաժնի պետն ու տնօրենը, 2003-ից էլ մինչ վերջերս՝ նույն նվագախմբի տնօրենի տեղակալը:

«Ես շնորհակալ եմ այս պաշտոնն ինձ վստահողներին՝ մշակույթի նախարարին կամ հենց իրեն՝ Չեքիջյանին: Իհարկե, հասկանում եմ, որ աշխատում եմ լեգենդի հետ, արվեստագետի՝ որն այսօր միակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստն է Հայաստանում: Ճիշտն ասած, պարտադիր չէր տնօրենի պաշտոնը ստանձնեի, որպեսզի հասկանայի, թե հարկ է երգչախումբն անվանակոչել Հովհաննես Չեքիջյանի անվամբ: Անկասկած առաջարկելու եմ դա, բայց արդեն մաեստրոյի հետ զրույցներում համաձայնության եմ եկել նրա հետ՝ 2018թ. Հայաստանում հիմնելու Չեքիջյանի անվան երգչախմբային արվեստի միջազգային փառատոն: Ինչ վերաբերում է երգչախմբի հոբելյանը տոնելուն, հավանաբար դա կլինի աշնանը»,- ասաց Դավիթ Թերզյանը:

Հավելեց նաեւ, որ մեծ է ցանկությունը երգչախմբին, ինչպես նախկինում, այսօր էլ հնարավորինս հաճախ ներկայացնել արտերկրում, իհարկե՝ ոչ հայաստանյան բեմելների հաշվին: «Կշարունակվեն երգչախմբի մենահամերգները, ինչպես նաեւ համագործակցությունը տարբեր կոլեկտիվների, այդ թվում՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ապրիլի 3-ին եւ 5-ին Կոնստանտին Օրբելյանի հրավերով ընդգրկված ենք Ազգային օպերային թատրոնում կայանալիք Վերդիի «Ռեքվիեմի» թատերականացված համերգին, ոգեւորությամբ ենք պատրաստվում Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ելույթին եւ այլն»,-հայտնեց մեր զրուցակիցը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Դավիթ Թերզյանը՝ մաեստրոյի հետ:

«Առավոտ»

28,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031