Լրահոս
Օրվա լրահոսը

Փելեշյանի չնկարված ֆիլմերի փոխարեն՝ «Моя вселенная и единая теория поля» ռեժիսորի գիրքը (Տեսանյութ)

Փետրվար 28,2017 23:59

Վավերագրական կինոյի աշխարհահռչակ ռեժիսոր եւ սովորաբար քչախոս Արտավազդ Փելեշյանն այսօր բացեց իր աշխարհը, իր տիեզերքը: Անցյալ տարի հրատարակվել է Փելեշյանի «Моя вселенная и единая теория поля» գիրքը, որի վրա Փելեշյանն աշխատել է մոտ 40 տարի: Այսօր «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում գրքի շնորհանդեսն էր:

Փելեշյանը հաճախ հրաժարվում է հարցազրույցներից, այս անգամ էլ հրաժարվեց հարցերի պատասխանել. Ասաց. «Դիահերձման ես չեմ մասնակցում»:

Սերգեյ Փարաջանովի բնութագրմամբ՝ բացառիկ կինոհանճար Փելեշյանը իր գրքի մասին մի քանի կարծիքներ լսելուց հետո, ասաց՝ «Ի՞նչ ասեմ»:

Հետո շարունակեց՝ «Չգիտեմ ինչից սկսեմ… Սովետական կարգերի ժամանակ մեր երկրում կար թերթ՝ «литературная газета», այնտեղ խորագիր կար՝ «физики смеются». Գիտնականները վերցնում էին արվեստի գործերը՝ քննարկում էին: Մինչ օրս հիշում եմ Ալիխանյանի հոդվածը այդ թերթում Միխայել Ռոմի ֆիլմի մասին: Հետո ինձ մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ չկա խորագիր «лирики смеются», որպեսզի արվեստի մարդիկ կարողանան փորձել գիտության մասին ինչ-որ նրան ասել: Թող գիտության մարդիկ ինձ ներեն, իմ կարծիքով՝ արվեստ ուժեղ բան է եւ առջեւում է գտնում, որովհետեւ այն ինչ անում է գիտությունը, դա նույնպես անում է արվեստը: Բայց այն, ինչ անում է արվեստը, գիտությունը չի կարողանում անել»:

Մանրամասն՝  տեսանյութում

Հետո վարպետը կիսվեց իր դպրոցական տարիների հիշողություններով:

Մանրամասն՝ տեսանյութում

Դաշտի միասնական տեսության մասին խոսելիս վարպետը հիշատակեց Ալբերտ Էյնշտեյնին, ասելով. «Էյնշտեյնը կյանքի վերջին 30-40 տարի աշխատեց, որ գտնի դաշտի միասնական տեսության բանաձեւը, չհաջողվեց: Ըստ իս, նա թույլ տվեց մի սխալ, որը ես համարում եմ անուղղելի սխալ: Նախօրոք ասեմ՝ ինքը մեղք չունի սխալը գործելու համար»:

Ո՞րն էր հանճարեղ գիտնականի սխալն ըստ հանճարեղ ռեժիսորի:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույցներից մեկում Փելեշյանն իր գրքի մասին ասել էր՝ «Այս գիրքն իմ կինոմտածողությունն է՝ թեքված դեպի գիտությունը: Իմ չնկարած ֆիլմերի փոխարեն է այս գիրքը»:

Գրքի շնորհանդեսին ներկա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Փելեշյանի գրքի մասին ասաց՝ «Գիրքն ապշեցնող է, պարզվում է, ամեն ինչին, որ Փելեշյանը դիմում է, որ միջոցին էլ կլինի, իր նյութերը, որ հավաքում է, նույնքան կայացած, զարմանքով, ապշանք են բերում: Չես հասկանում՝ մարդը կարող է այսքան հեռու գնալ, իր ստեղծած գեղեցիկի, արվեստի հետքերով, դրա ճնշումով մտնել խորքեր, տարբեր շերտեր՝ մարկային մտքի հետ կապված՝ դա կլինի միֆոլոգիա, դա կլինի գիտական վերջին խոսք, կլինի տիեզերք, կլինի միասնական դաշտ: Վերնագիրը կարդալուց առաջինն ասում ես՝ Փելեշյանը արդեն տիեզե՞րք է սեփականացրել յուրացրել: «Իմ տիեզերքը…», այսպիսի վերնագրից հետո պետք է մտնես ու տեսնես թե ինչ պարկեշտության տեր ճշգրտությամբ է բառի նկատմամբ: Գիտեք, «Земля» բառը, Երկիր բառը մեծատառով է գրում: Կամ հարաբերական տեսությունը, մեծատառով է գրում, որովհետեւ տեր ունեն, սրանք բաներ են, որոնց վրայից հենց այնպես անցնելու չէ, սա իր վերաբերմունքն է»:

Մանրամասն՝ տեսանյութում   

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի կարծիքով էլ՝ Փելեշյանի գիրքը բարձի տակ դնելու գիրք չէ, այն գիտական աշխատություն է. «Արտավազդ Փելեշյանն ինձ համար անսասան լեռ է կինոարվեստում, որի բարձունքից տիեզերքն է երեւում: Շատ եմ ուզում այդ բարձունքից «Homo Sapiens» մի օր իրականություն դառնա»:

Մանրամասն՝  տեսանյութում

Իսկ Փելեշյանի «Homo Sapiens» համար, ինչպես լրագրողներին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ մեծ գումարներ են պետք: Եվ այդ գումարները, կարծես թե առաջիկայում դժվար թե գտնվեն, 79 ամյա հանճարեղ ռեժիսորի ֆիլմը նկարահանելու համար 50 միլիոն դոլար է հարկավոր: Անցյալ տարի Փելեշյանը ֆիլմի ֆինանսավորման մասին նախարարի հետ խոսելուց հետո  ասել էր. «Որոշեցինք մեծ գումարը բաժանել մի հինգ տարվա մեջ եւ ֆիլմն այդպես անել»:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է պետական պատվերով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728