Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել ԵՄ շարունակական աջակցությունը

Փետրվար 28,2017 23:55

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը:

Պատասխանելով լրագրողին հետաքրքրող հարցերին` Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը համարվող Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությանը, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություններին և այդ կառույցի ապագայի մասին իր պատկերացումներին, դեպի Եվրոպա Հայաստանի արտահանման ներուժին, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը և իրականացվելիք առաջիկա ծրագրերին, ՀՀԿ ընտրական ցուցակում իր ընդգրկված չլինելու պատճառներին, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի անցնելուց հետո Հայաստանի ապագային:

Անտոնիո Տայանիի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս շնորհավորել է նրան Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Տայանիի պաշտոնավարման ընթացքում ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմինը կշարունակի իր ծանրակշիռ նպաստը բերել միջազգային այդ հեղինակավոր կառույցի հետագա վերելքին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Անտոնիո Տայանին իր գործունեությամբ կնպաստի նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացմանը: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Տայանին երկուստեք ջերմությամբ են հիշել 2008 թվականին Բրյուսելում ունեցած իրենց հանդիպումը: Նախագահը բարձր է գնահատել պարոն Տայանիի աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում, որը դրսևորվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման ժամանակ։

Հանրապետության Նախագահը սիրով հրավիրել է Եվրոպական Խորհրդարանի նախագահին`այցելելու Հայաստան և մոտիկից ծանոթանալու մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև հայկական հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությանը: Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, լավ ուղերձ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, որը շատ բնորոշ է եվրոպական
ժողովրդավարություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը` գոհունակությամբ արձանագրելով, որ Եվրոպական խորհրդարանի հետ ակտիվ հարաբերություններ են զարգանում: Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները և նոր ձևավորվելիք խորհրդարանը՝ նոր Սահմանադրությամբ ընդլայնված լիազորություններով, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, էլ ավելի ակտիվ կլինի ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության հարցերում:

Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ տեղի ունեցող բարեփոխումների գործում Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել ԵՄ շարունակական աջակցությունը, ինչը, ըստ նրա, վստահաբար նոր թափ կստանա ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները, արձագանքելով հայկական կողմի հրավերին, մասնակցելու են սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին անգամ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, այդ համատեքստում անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփմնան գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական և սադրիչ քայլերը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում և հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը: Սերժ Սարգսյանը դատապարտելի է համարել և իր մտահոգությունը հայտնել Եվրոպական խորհրադարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարերելու կապակցությամբ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728