Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:
«Հայաստանի Հանրապետությունը եզակի համապետական ընտրության շեմին է: Միտումնավոր չեմ օգտագործում «հերթական ընտրություն» բառակապակցությունը, որովհետև սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում ԱԺ-ի ընտրությունը ոչ միայն օրենսդիր, այլև երկրի առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի ընտրությունն է իր գերկարևորությամբ:
Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս ընտրությունը առաջիկա հինգ տարիների ժողովրդի համապետական իշխանություն ձևավորելու միակ, առաջին ու վերջին սահմանադրական հնարավորությունն է:Ահա թե ինչու ԱԺ-ի առաջիկա ընտրությանը պետք է վերաբերվել գերագույն պատասխանատվությամբ ու լրջությամբ:
Թե ինչպիսի քաղաքական կառուցվածք և ուժերի հարաբերակցություն կունենա ապագա ԱԺ-ն , ի վերջո, որոշելու է ՀՀ քաղաքացին:
Կարդացեք նաև
Գիտեմ, հաճախ բարդ է ու դժվար, բայց որքան էլ ծանր նյութական ու սոցիալական վիճակում լինեք, որքան էլ անելանելի դրության մեջ հայտնված, ձեզ դիմում, հորդորում ու խնդրում եմ ոչ մի դեպքում ընտրություն չկատարել նյութական ու շահադիտական, ծառայողական ու անձնական այլ կախվածության դրդապատճառներով: Դրանք որքան էլ անձնապես ձեռնտու ու գայթակղիչ՝ այս պարագայում երկրորդական ու մանր շարժառիթներ են:
Ձեր ընտրությունը՝ ձեր ու ձեր երեխաների, մեր երկրի ապագան ձեր նախընտրած քաղաքական ուժին ու գործչին հանձնելու որոշումն է լինելու, այն հանգամանքի անվերապահ գիտակցումը, որ հենց նրանք են, իրենց քաղաքական ու քաղաքացիական, մարդկային ու բարոյական որակներով, ի զորու մասնագիտական պատշաճ մակարդակով ու հանձնառությամբ լիարժեք իրացնել ԱԺ-ի ու պատգամավորի այլևս ոչ դյուրին առաքելությունը, հաղթահարել մեր երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերները՝ Արցախի հարցի խաղաղ, արժանապատիվ լուծման բանաձև գտնել, երկիրն ու ժողովրդին հեռու պահել արկածախնդրությունից, կասեցնել Հայաստանի մարդաթափումն ու տնտեսական անկումը, արմատախիլ անել կոռուպցիան, երկրում արդարություն ու արդարադատություն հաստատել:
Ձեզ ուժ, կորով ու վճռականություն եմ մաղթում»: