«ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իրապես՝ առավել գրագետ, մեծ փորձ ունեցող եւ խարիզմատիկ քաղաքական գործիչներից է, որը լայն ճանաչում ունի Հայաստանում եւ դրանից դուրս»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՎԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը. «Նա իրապես կարող է պայքարել եւ ՀՀ-ն տանել զարգացման-կայունության ճանապարհով: Մենք գնում ենք՝ հաղթանակի ձգտելով»:
Մհեր Շահգելդյանը նշեց, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՎԿ-ն ներկայացնում է իրատեսական ծրագրեր, որոնք միտված են լինելու ՀՀ-ի համար ապահովել զարգացման հնարավորություն, անվտանգություն եւ պաշտպանության ամրապնդում. «Մինչ օրս 200-ից ավելի օրենքների նախագծեր եւ նախաձեռնություններ ենք ներկայացրել, որոնց մի մասը կյանքի են կոչվել»:
Արդյոք ՀՎԿ-ն կոալիցիա կկազմի՞ հետընտրական շրջանում, Մհեր Շահգելդյանի խոսքով. «Կոալիցիա կազմելու կգնանք, եթե ունենանք իրական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա»:
Կարդացեք նաև
Մհեր Շահգելդյանն անդրադարձավ նաեւ «Մարտի 1-ի» գործին՝ ասելով. «Խնդիրն անմիջական առնչվում է արդարադատության խնդիրներին: Միանշանակ, այս դեպքում արդարադատությունը պետք է հաղթի: Ես քննիչ ու դատավոր չեմ, բայց մենք կողմնակից ենք արդարադատության սկզբունքների հաղթանակին»:
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ