Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն գերակա շահի կրկին տարածքներ կիրացվեն

Փետրվար 28,2017 18:15

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ն իրականացնելու համար բնակելի տարածքներ կիրացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Մարտի 2-ի կառավարության նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչապետին կներկայացնի Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը եւ Ասիական զարգացման բանկը ստորագրել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի վարկային համաձայնագիրը։ Ծրագիրը բաղկացած է երկու տրանշներից՝ Տրանշ 1-ը ներառում է Շիրակի փողոցի եւ Արտաշատի խճուղու բարելավումը, Արշակունյաց պողոտայի եւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը, իսկ Տրանշ 2-ը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ եւ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույցների բարելավումը:

Ըստ քաղաքային իշխանությունների, ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արեւմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները։

Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել Դավթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածները։ Այդ հատվածում առկա գույքերի եւ հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումից առաջ, իրականացվել են գույքի եւ հողատարածքների նախնական ուսումնասիրման աշխատանքներ, որոնք ավարտվել են: Ըստ Տարոն Մարգարյանի, արդյունքում հնարավոր է եղել հստակ սահմանել այն գույքերը, հողատարածքները, որոնք շինարարության ընթացքում ենթակա են ազդեցության:

«Նախնական ուսումնասիրության աշխատանքների ավարտից հետո ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 6-ի N 1027-Ն որոշմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2, Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում առկա գույքի եւ հողատարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ։

Բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ սահմանված ընթացակարգի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում համապատասխան Հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիր՝ տվյալ ճանապարհահատվածի համար: Վերջինիս հաստատվելուց հետո, օրենքով սահմանված կարգով մեկնարկում է գույքերի, հողատարածքների իրացման գործընթացը, որին հաջորդում են շինարարական աշխատանքները»,-նշված է կառավարության որոշման նախագծում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728