Իշխանությունները անընդհատ խոսում են անբիծ ընտրությունների մասին: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ, թե որքանով են անբիծ լինելու այս ընտրությունները. «Քվեների միգրացիա կամ չու: Իհարկե, մենք թռչունների չու լսել էինք տաք երկրներ, բայց քվեների միգրացիա, ներքին տեղահանում, երբ բնակիչներին ՀՀ մի բնակավայրից տեղահանում են եւ տեղափոխում են մեկ այլ բնականավայր, այն, ինչ այսօր կատարվում է անձնագրային վարչությունում, ուղղակի անընդունելի է»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ ընտրակեղծարարության լրջագույն մանիպուլյացիաներ են թաքնված եւ դիմեց ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպություններին. «Տեսեք ինչ է կատարվում անձնագրային բաժիններում: Ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց, որ միայն վերջին 1 ամսում 7000 քաղաքացի է փոխել գրանցման վայրը: Օրենքը թույլ տալիս է, բայց քվեների նման չուն եւ մասսայական միգրացիան խնդրահարույց է»:
Նա անդրադարձավ անբիծ ընտրությունների երկրորդ դրույթին՝ «Ոստիկանությունը ԿԸՀ-ին տեղեկանք է ներկայացրել ՀՀ-ում ընտրողների վերաբերյալ, ըստ այդմ, 2016-ի դեկտեմբերի տվյալներով ՀՀ-ում կա 2 մլն 564 հազար 334 ընտրող: Միեւնույն ժամանակ նույն ժամանակահատվածի համար ԱՎԾ-ն տեղեկանք է տրամադրել, ըստ որի, ՀՀ-ում կա 2 մլն 993 հազար մարդ: Ստացվում է, որ ՀՀ-ում 85 տոկոսը ընտրող են, ՀՀ-ից արտագաղթել են վերջին տարիներին բացառապես 1-18 տարեկանները»:
Բա վստահեցրեց, որ այս պահին ընտրողների թիվն արդեն 268 հազարով ուռճացված է:
Կարդացեք նաև
Անբիծ ընտրությունների երրորդ դրույթը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ռեյտինգային այս խայտառակ համակարգն է:
Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգիրքն ընդունել են աննախադեպ կոնսոլիդացիայի արդյունքում եւ կողմ են քվեարկել 5 քաղաքական ուժերով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ