Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացենք: Ինչպես տեղեկանում ենք կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգից, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այս ուղղությամբ աշխատանքներ է տանում, քանի որ գտնում է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում, Հայաստանի եւ Իրաքի միջեւ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել:
«Երեւանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երեւան ուղղություններով:
Հայ-իրաքյան հարաբերություններում առեւտրատնտեսական
համագործակցությունն առավել դրսեւորվում է իրաքյան Քուրդիստանում, որը
մասնավորապես պայմանավորված է ինչպես անվտանգության, այնպես էլ`
նպաստավոր այլ գործոններով»,-որոշման նախագիծն ու հյուպատոսության անհրաժեշտությունն այսպես է հիմնավորել արտգործնախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ