Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը քարոզարշավ արեց:
Նա անդրադարձավ այն կեղծ լուրերին, թե ընտրությունների ժամանակ քվեարկությանը տեսախցիկներով հետեւելու են, հետեւաբար վերահսկելու են, թե ում են ընտրելու քաղաքացիները: Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Քվեարկության խցիկի տարածքում որեւէ բան չի տեսանկարահանվում եւ որեւէ մեկը չի իմանալու, թե դուք ում օգտին եք քվեարկում»:
Նա քաղաքացիներին մի վարժություն ներկայացրեց, թե ինչպես կարող են խուսափել իշխանությունների ճնշումներից: Էդմոն Մարուքյանը մի օրինակ ներկայացրեց, թե ինչպես պետք է վարվի ԵԼՔ դաշինքի ընտրողը, որը, ասենք, աշխատում է մարզպետարանում եւ նրան հրահանգել են ընտրել ՀՀԿ-ին. «Դուք ստացել եք 9 քվեաթերթիկ եւ 1 ծրար: Ձեզ ասել են, որ պետք է դնել ՀՀԿ-ի թերթիկը ծրարի մեջ եւ մնացած թերթիկները դուրս հանել, ցույց տալ, որ ընտրել եք ՀՀԿ-ին: Դուք ԵԼՔ դաշինքի թերթիկը տեղադրում եք ծրարի մեջ, քվեարկում եք ռեյտինգային թեկնածուին, դնում եք մի կողմ, 8 թերթիկից, որտեղ կա նաեւ ՀՀԿ-ի թերթիկը, գցում եք այն արկղը, որտեղ մյուս քվեաթերթիկներն են, վերցնում եք ԵԼՔ դաշինքի մի թերթիկ եւ 8 թերթիկը տանում եք ցույց եք տալիս ձեր ղեկավարությանը, որն ասում է ընտրեք ՀՀԿ-ին»:
Նա երկրորդ վարժությունը ցույց տվեց. «Եթե ձեր ղեկավարությունը ձեզ ասել է նկարեք հեռախոսով, որ ընտրել եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին եւ բերեք նկարը տեսնեմ, նույն ձեւ ընտրում եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին, նկարում եք, թափում եք այդ թերթիկը արկղում, ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկ եք վերցնում, քվեարկում եք ԵԼՔ-ի օգտին, տեղադրում եք ծրարի մեջ, կպցվում է հոլոգրաֆիկ մարկան: Ինչպես տեսաք՝ որեւէ տարբերակ այսօրվա գործող իշխանությունը՝ թե՛ փող բաժանելով, թե՛ որեւէ հիմնարկությունում աշխատելով՝ ձեզ չի կարող ճնշել, պարտադրել քվեարկել իրենց օգտին, եթե դուք ուզում եք քվեարկել այլ ուժի: Մենք ձեւը ցույց ենք տալիս, ընտրությունը ձերն է: Ինչպես միշտ ասում ենք՝ կա ընտրություն, կա ԵԼՔ, հետո չբողոքեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ