Ոստիկանությունն ընդդեմ YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատաքննությունն ավարտվեց:
Արաբկիր- Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի մարտի 14-ին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել՝ «SOS» հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին «շան տղերք» անվանելու համար, իսկ ոստիկան Արթուր Մադաթյանին վճարի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»:
Ոստիկանները վիրավորվել են նախորդ տարվա մայիսի 24-ի «SOS»-ի թողարկումից։
Կարդացեք նաև
Այսօր Վիլեն Գայֆեջյանը հրաժարվեց վերջին խոսքից, իսկ նրա պաշտպան՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանն իր ելույթում կարեւորեց մի քանի շեշտադրում, որոնցից մի քանիսը դատաքննության ժամանակ էլ էր ներկայացրել: Ըստ նրա, Վիլեն Գայֆեջյանը չի հանդիսանում այս գործով պատշաճ պատասխանող, որովհետեւ ինքը չէ այդ խոսքերի հեղինակը, կան անձինք, որոնք նույնականացվում են որպես խոսքերի հեղինակ, ձայնային եւ պատկերային իրականացում ապահովող անձ. «Այն արտահայտությունները, որոնք գնահատվել են որպես վիրավորական, որեւէ ձեւով չեն ապացուցվել՝ ինչով են վիրավորական, դրանք ընդամենը հայցվոր կողմի սուբյեկտիվ ընկալմամբ ներկայացվել են, եւ որեւէ այլ բացատրություն ու ապացույց չի ներկայացվել»:
Փաստաբանը նաեւ ասաց, որ վիճարկվող թողարկման ժամանակ այն արտահայտությունները, որոնցից վիրավորվել են ոստիկանները, հնչել են վերացական ու չեն թիրախավորել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ էլ ոստիկանության անհատ ծառայողներին. «Խնդիրը, որը ներկայացվել է, հանրային գերակա շահ է, եթե նույնիսկ որպես այդպիսին պարունակել է վիրավորական արտահայտություններ, ապա դա թույլատրելի սահմանը չի հատել, որովհետեւ խնդիրը ցնցել էր հանրությանը, շոկ էր առաջացրել, քանի որ ոստիկանների վերաբերմունքը դատապարտելի էր»:
Հիշեցնենք, որ վիճարկվող թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին: Ոստիկանները քաշքշել էին ծնողներին, նրանցից մեկն էլ վատացել էր:
Հայկուհի Հարությունյանը նաեւ ասաց, որ ակնկալում են՝ դատարանի որոշումը կլինի իրավունքի գերակայության սկզբունքով, դատարանը նախապատվությունը կտա անձի իրավունքին. «Այս պարագայում խոսքի ազատությանը, հակառակ դեպքում, եթե պատասխանատվություն կիրառի, դա կդիտարկվի միջամտություն, խոսքի ազատության իրավունքի իրացման սահմանափակում: Հուսով ենք, որ դատարանը նման գործողություն չի իրականացնի, որովհետեւ դա ավելի հեռու գնացող հետեւանք ու հանրային ծառայողների հետ հարաբերություններում խոսքի ազատության կաշկանդող հանգամանք կհանդիսանա: Կարծում ենք՝ դատարանն ամբողջության մեջ կկայացնի որոշում, որը կբխի անձի իրավունքի պաշտպանության սկզբունքից, ոչ թե ոստիկանության շահերից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ