Փետրվարի 28-ին 10:17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք ուղղությամբ:
Երկրաշարժը զգացվել էր Կապանում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին Կապան քաղաքի Ռաֆայել Մինասյան փողոցում ապրողները, երկրաշարժի պատճառով ճաքեր են առաջացել ոմանց բնակարանների առաստաղներին: Նրանցից մեկի վկայությամբ, իրեն թվացել է, թե երկաթե ձողով խփում են իրենց առաստաղին, իսկ փոքր երեխաներին գրկած մայրերը մի քանի ժամ վախեցել են տուն մտնել:
Կապանցիների տեղեկացմամբ, տարհանվել են Շինարարների փողոցում գտնվող թիվ 10 դպրոցի աշակերտները, քանի որ շենքը վթարային է:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանից հետաքրքրվեց դպրոցի վթարային շենքի ճակատագրով: Մամուլի քարտուղարը նշեց, որ տարհանվել են ոչ միայն այդ դպրոցի, այլեւ ընդհանրապես բոլոր պետական հաստատությունների ու շենքերի բնակիչները, իրենք նույնպես դուրս են եկել մարզպետարանից:
Ինչ վերաբերում է կոնկրետ թիվ 10 դպրոցին, մամուլի խոսնակը հավելեց. «2015 թվականին այդ շենքը Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության ՊՈԱԿ-ի կողմից ստացել է վթարային երկրորդ աստիճանի գնահատական: Դա փաստում է, որ շենքը բավարար վիճակում է, իսկ այն հատվածը, որտեղ ուսուցումն է տեղի ունենում, բացարձակ վթարային չէ: Այսինքն, եթե այն վթարային լիներ ու ոչ անվտանգ, Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը այլ գնահատական կտար, ինչի հետեւանքով դպրոցը մեկ այլ շենք կտեղափոխվեր, եւ կկատարվեին այլ գործողություններ»:
Վազգեն Սաղաթելյանը վստահեցրեց, որ Կապանում չկան ավերածություններ, իսկ Սյունիքի մարզպետը անձամբ է այցելել թիվ 10 դպրոց՝ իրավիճակին ծանոթանալու համար, քանի որ նրա ձեւակերպմամբ, համացանցում ապատեղեկատվություն էր տարածվել: «Մարզպետն անձամբ այցելել է այդ դպրոց ու համոզվել, որ երեխաները անվտանգ իրավիճակում են, չկան փլուզումներ»,- նշեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ