Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոյական է, որ Սեյրան Օհանյանը ներողություն խնդրի, կամ գա ուղիղ եթերում բանավեճի». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 28,2017 16:41

«Ելքի»` վարչապետի թեկնածուին փնտրեք ցուցակի առաջին եռյակում»,- հարցին՝ ո՞վ է «Ելքի»` վարչապետի թեկնածուն, «Մեդիա կենտրոնում» հրավիրված հարցազրույց-ասուլիսին պարզաբանեց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, եթե որոշվի, որ ինքը չէ «Ելքի» վարչապետի թեկնածուն, դրանից չի՞ նեղվի, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Այդ ամենը չի արվում անձնական դափնիներ ունենալու համար: Այս պահին էլ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն, նաև կուսակցության համամասնական ցուցակն եմ գլխավորում, բայց «Ելքում» երրորդ հորիզոնականում եմ, բոլորդ տեսնում եք, որ ես դրանից չեմ նեղվում»:

Հիշեցնելով այն, որ 2014-ին Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացին իրեն միացան Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, որոնք այժմ ընտրապայքարում չկան, մինչդեռ Էդմոն Մարուքյանը, որի հետ այժմ դաշնակցում է, այն ժամանակ չմիացավ իրեն, հարցին` ուստի ո՞րն է ըստ նրա այն ցուցիչը, որը ցույց պիտի տա իրենց` ընդդիմադիր լինելը, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Այս պահին հստակ հայտարարել ենք, որ մենք բացառում ենք կոալիցիայի ձևավորումը ՀՀԿ-ի հետ: Ամենակարևոր ցուցիչը սա ենք համարում: Մենք Սերժ Սարգսյանի հետ նամակագրական կապ չունենք»:

Պարոն Փաշինյանը հայտարարեց, թե բոլոր այն ուժերը, որոնք չեն հայտարարել, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, նրանք պարզապես ընդդիմադիրի անվան տակ են հանդես գալիս:

Հիշեցնելով, թե Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանին հորդորել է ներողություն խնդրել այն հայտարարության համար, թե բացի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից, մյուս բոլոր ուժերը վերահսկվում են իշխանության կողմից, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց` իսկ քանի՞ այդպիսի ներողություններ պիտի խնդրի ինքը` նմանատիպ հայտարարությունների համար, օրինակ` այժմ իր հետ նույն դաշինքում գտնվող Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցրած, պարոն Փաշինյանն արձագանքեց. «Խնդրում եմ մեջբերեք իմ հայտարարությունը, որը համեմատելի է Սեյրան Օհանյանի հայտարարությանը: Ես հայտարարել եմ, թե Էդմոն Մարուքյանի կատարած քվեարկություններն են խանգարում մեր համագործակցությանը: Տեղը, ժամը կարող եմ ասել, իմ ֆեյսբուքյան էջում դրված է: Ասել եմ, որ այդ քվեարկությունները որոշակի խոչընդոտ են, բայց խոչընդոտները վերացվել են»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` բարոյականությունը պահանջում է, որ կամ Սեյրան Օհանյանը ներողություն խնդրի, կամ գա ուղիղ եթերում բանավեճի:

Հարցին` ո՞ւմ է «Ելքը» մրցակից տեսնում, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Բացի ՀՀԿ-ից, մնացածի մասին բան չունեմ ասելու: Որպես թիրախ մրցակից»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարտի 5-ին, ժամը 18.00-ին տեղի կունենա դրամահավաք-երեկո, որի ընթացքում կներկայացվի նաև «Ելք»-ի ծրագիրը, և ընտրողները գումար կհավաքեն դաշինքի թեկնածուների ընտրական ծախսերը հոգալու համար:

Պարոն Փաշինյանը հայտարարեց, եթե ընտրողներն իրեն լավություն անելու համար են ընտրելու, ավելի լավ է շաքար, բանան բաժանողի ընտրեն, քանի որ եթե պարզվի, որ քաղաքական այն գործունեությունը, որով զբաղվում է, միայն իրեն է պետք, կզբաղվի լրագրությամբ և գրականությամբ:

Իսկ թե ինչու պետք է ընտրեն «Ելքին», Նիկոլ Փաշինյանն այսպես ձևակերպեց. «Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ամենալավ տարբերակը «Ելք» դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728