Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է փակել Կանտ ռազմաբազան, եթե Ղրղըզստանի իշխանություններն այլևս ՌԴ-ի օգնության կարիքը չունեն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե Ղրղըզստանը ասի, որ ամրապնդել է իր Զինված ուժերը, որ նման բազա այլևս պետք չէ, մենք նույն օրը կհեռանանք»,-հայտարարել է Պուտինը լրագրողներին՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցություններից հետո:
Պուտինն ընդգծել է, որ Կանտ բազայում ՌԴ ռազմական կոնտինգենտի ընդլայնման հարցը չի քննարկվել: «Եթե Ղրղըզստանն անհրաժեշտ համարի, այդ ժամանակ էլ կքննարկենք»,-հավելել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ղրղըզստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը «կապված է միայն մի բանի հետ՝ ապահովել հենց Ղրղըզստանի անվտանգությունը»: Ռուսաստանի նախագահը նաև նախազգուշացրել է, որ պետությունը հավելյալ միջոցներ չունի արտասահմանում ռազմաբազաներ պահելու համար: «Նկատի ունեցեք, որ մեզ համար դա ևս հավելյալ ծախս է»,-ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ